23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոյան տապանը ազգային արժե՞ք թե՞ շահավետ բիզնես-նախագիծ

Ներկայումս  ‘Հաղթանակ’ զբոսայգում կառուցապատման համար երկու նախագիծ է ներկայացվել, որոնք պայքարում են միմյանց դեմ` կյանքի կոչվելու իրավունքը ձեռք բերելու համար: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին գրող Մերուժան Տեր Գուլանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ քանդակագործ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ովքեր իրենց իրարամերժ կարծիքները հայտնեցին, մասնավորապես, Հաղթանակ զբոսայգում Նոյան տապան կառուցելու նախագծի վերաբերյալ:

Մերուժան Տեր Գուլանյանը համոզմունք հայտնեց, որ Նոյան տապանը անպայման պետք է Հայաստանում կառուցվի, քանի որ եթե մենք հապաղենք, ապա ուրիշները դա կանեն:

‘Համոզված եմ, որ Նոյան տապանը պատահականորեն չի հանգրվանել Արարատի գագաթին, դա Աստծո կողմից ուղարկված նամակ է, որը մենք չենք բացում ու վատ ենք անում, որ չենք բացում’,- ասաց Մերուժան Տեր Գուլանյանը:

Նրա խոսքով` նախատեսված է հաղթանակ զբոսայգու բարձունքի վրա կառուցել այն պատճառով, որ այդտեղից են պարզ երեւում մեր քաղաքի պարծանքը համարվող շինությունները, հուշարձանները:

‘Այդ բարձունքի վրա ժայռերը կփորեն եւ տապանը կնստեցնեն հենց ժայռի վրա, այնպես, որ ոչ մի ծառ ու թուփ չկտրվի’.- նշեց բանախոսը: Նրա համոզմամբ` նախագծին ընդդիմանում են այնպիսի մասնագետներ, որոնք թույլ տվեցին մայրաքաղաքում մի շարք սխալ կառույցների իրականացմանը, այնինչ գրողը նշում է, որ հենց ինքն է համառորեն ընդդիմացել այդ նախագծերին` վերջնականապես փչացնելով իր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նոյան տապանի ամենաճիշտ տեղը Արարատի փեշին է, սակայն դրա հնարավորությունը առայժմ չունենք, ստիպված ենք բավարարվել հիշյալ բարձունքով’,-նշեց Մերուժան Տեր Գուլանյանը:

Նկարիչների  միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ մեկ այլ արտասահմանյան կազմակերպություն նուևյնպես նախագիծ է ներկայացրել Հաղթանակ զբոսայգին վերածելու հսկա ատրակցիոնի, որտեղ կլինեն խաղահրապարակներ, ատրակցիոններ, շուկա, ամֆիթատրոն, ընդ որում ամֆիթատրոնի համար հատկացված տարածքն ավելի է, քան Նոյան տապանի համար նախատեսվող տարածքը:

‘Ֆիլիպ Կոտլերը՝ մարկետինգի հանրահայտ մասնագետը, տեսնելով Հայաստանը հարցրեց, թե դուք ինչու չեք օգտագործում Արարատ լեռն ու Նոյան տապանը, որպես ազգային ապրանքանիշ’,- ասաց Կարեն Աղամյանը` հավելելով, որ իր ձեռքի տակ են մի քանի  կրոնների երկայացուցիչների գրավոր նամակները, որոնցով այդ կրոնների ներկայացուցիչները ողջունում են Հայաստանում Նոյան տապան կառուցելու գաղափարը:

Գաղափարին դեմ էր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով գտնում էր, որ Նոյան տապանի գաղափարը նյութականացնելով` հայերը կզրկեն այդ գաղափարը իր բարձր արժեքից:Նրա համոզմամբ` Նոյան տապանի կառուցումը կվնասի նաեւ այն հիանալի լանդշաֆտին, որի վրա է գտնվում մայրաքաղաքը:

‘Մարդիկ աղետի գոտում տանիք չունեն, ի՞նչ Նոյան տապան: Եվ հետո սոված մարդիկ լքում գնում են Հայաստանը, ու՞մ համար ենք այն կառուցում` օտարների: Դա առնվազն գավառականություն կդիտվի տուրիստների կողմից, քանի որ այդ գաղափարը ոչ թե ազգային շահի հետ կապ ունի, այլ ինչ որ մարդկանց բիզնեսի շահի’,- եզրափակեց  արվեստագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ