24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե ՀՅԴ-ն այդքան անհանգստանում էր, թող իր ներկայացուցչին նշանակեր. Ստյոպա Սաֆարյան

Ապատեղեկատվություն է` ծայրից ծայր: ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը  Henaran.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե “Ժառանգությունը” 50  տեղամասային հանձնաժողովներում իր տեղերը զիջել է ՀՀԿ-ին:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ հանրապետության ամբողջ տարածքում կան սակավաթիվ ընտրատեղամասեր, որտեղ “Ժառանգությունը” տեղամասային հանձնաժողովներում լիցենզավորված մասնագետներ չունի այն պատճառով, որ “Ժառանգության” ներկայացուցիչները չեն անցել քննությունը:

“ Մենք ներկայացրել ենք մոտ 2700 անդամներ, եւ այո, ոչ բոլորն են, որ անցել են քննությունները: Համաձայն ԸՕ-ի,  դրանք լրացվում են ընտրական հանձնաժողովների կողմից: “Ժառանգությունը” որեւէ տեղ չի զիջել ՀՀԿ-ին կամ կոալիցիոն որեւէ այլ կուսակցության:

Որքան ես տեղյակ եմ, բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներում ճիշտ է, պրոֆեսիոնալի անվան տակ, բայց կան նշանակված ՀՅԴ-ականներ եւ, եթե Դաշնակցությունն այդքան մտահոգ էր, կարող էր ինքն այնպես անել, որ իրենց ներկայացուցիչը նշանակվեր”,- Henaran.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը եւ հավելեց, որ եթե այդ ընտրական տեղամասերում ՀՀԿ-ն նշանակել է հանրապետականների,  դա ամենեւին կապ չունի “Ժառանգության” հետ:

Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց, որ անկախ կոնկրետ  տեղամասային հանձնաժողովում “Ժառանգության” լիցենզավորված անդամների առկայությանը, իրենք վերահսկելու են տվյալ ընտրատեղամասում ընտրությունների գործընթացը:

“Եթե անգամ մենք ունենք որոշ ընտրական տեղամասեր, որտեղ մեր լիցենզավորված անդամները քննության ժամանակ կտրվել են, վստահաբար հայտարարում եմ, որ նույն այդ մարդիկ լինելու են վստահված անձ հենց այդ նույն ընտրատարածքներում, այսինքն` “Ժառանգությունն” ունենալու է իր ներկայացուցիչը եւ վերահսկելու է ընտրության արդյունքները”:

Henaran.am-ի խնդրանքով Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ական Արա Նռանյանի այն հայտարարությանը, թե “Ժառանգությունից” մնացել է միայն “բրենդը“ եւ “Ժառանգությունը” չի կարող լինել թիվ 1 ընդդիմադիր ուժը Հայաստանում/նման տեսակետ վերջերս հայտնել էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը,-խմբ./:

“Թիվ մեկ ընդդիմությունը ով է, 2-րդն ով է, “Ժառանգությունը” երբեք չի ասել, իսկ եթե կան մարդիկ, որոնք դա ասում են, իրենք էլ մեկնաբանում են, եթե դա դուր չի գալիս որոշ ընդդիմադիր կուսակցությունների, դա “Ժառանգության” խնդիրը չէ”,-նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց.”Ժառանգությունը” ոչ միայն մնացել է նույնը, այլ ավելի է հզորացել`  ի դեմս ամենատարբեր ավազաններից իրեն միացած անձանց, դրանում կասկած չկա”:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այն  փաստը, որ “Ժառանգության” հասցեին նմանատիպ հայտարարութուններ վերջին շրջանում հնչում են ոչ միայն ՀԱԿ-ից, այլեւ` ՀՅԴ-ից:  Ստյոպա Սաֆարյանն  ի պատասխան նշեց.”Դա խոսում է այն մասին, որ “Ժառանգության” գործերը լավ են ընթանում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ