24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բախի ողջ ստեղծագործությունը փառաբանություն է առ Աստված. Մեծերը Աստծո մասին

Այն, որ Բախը ճշմարիտ հավատացյալ էր, վկայում են պարտիտուրաների վրա նրա մակագրությունները. “Փառքը միայն Աստծունն է”, կամ` “Հանուն Աստծո փառքի”, “Գոհություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին”, “Հիսուս, օգնիր”, ընդ որում, այդ մակագրությունները նրա համար ոչ թե լոկ խոսքեր էին, այլ իր ողջ ստեղծագործության միջով անցնող հավատի դավանություններ: Բախն ասում էր.

“Երաժշտության գոյությունը բացառապես Աստծո փառքի և մարդկային հոգու վերակենդանացման համար է”:

Բախը յուրաքանչյուր նոր ստեղծագործություն սկսում էր Աստծո օրհնությունը խնդրելով և վերջացնում գոհության աղոթքով: Նա հարուստ գրադարան ուներ, մշտապես ուսումնասիրում էր Աստվածաշունչը և հաճախ նման գրառումներ անում.

“Այս բաժինը Աստծո հաճությունն ունեցող երաժշտության հիմք կարող է լինել”:

Բախը շատ էր սիրում հինկտակարանյան այն դրվագները, որոնցում նկարագրվում էին Աստծո փառաբանության հանդիսությունները Տաճարում: Նա գրում է.

“Աստված միշտ գալիս է Իր մեծության ողջ լիությամբ, երբ հնչում է Նրան փառաբանող երաժշտությունը”:

Բախի երաժշտությունն ուղղակի սրտից էր ծնվում, Արարչի հետ ունեցած` բառերով անարտահայտելի, խորը հաղորդակցությունից: Նա հոգու խորքում օրեցօր հայտնաբերում էր Աստծո հայրական Սերը իր հանդեպ:

Բազմաձայն օրհներգերի տեքստերը նրա հոգում անիմանալի նախասկզբնական գեղեցկության մեջ անհասանելի երաժշտության հեղեղներ էին առաջ բերում: Ընդ որում, վիթխարի ու վեհապանծ այնպիսի ստեղծագործություններ (՛՛Չարչարանքներ ըստ Մատթեոսի և Հովհաննեսի՛՛, ՛՛Մեսսա սի մինոր՛՛, ՛՛Ծննդյան օրատորիա՛՛ և այլն), որոնց մեջ առինքնում է մարդու փրկության համար Աստծո Որդու կրած անսահման տառապանքն ու հարության ողջ փառքը:

՛՛Լույսը Արևելքում՛՛ առաքելության հրատարակության 1980թ. օրացույցի նոյեմբեր ամսվա` Բախին նվիրված էջի վրա գրված է. ՛՛Բախը տեսել է Լույսը՛՛: Ցավոք, կյանքի վերջալույսին Բախը կուրացավ, բայց շարունակեց ստեղծագործել և վերջին գիշերներից մեկում ստեղծեց մի հրաշք մեղեդի, որն ասես ալեծուփ բարձրանում էր առ երկինք, ինչպես լուսածագն է բարձրանում խավարից` աստիճանաբար ամեն ինչ ողողելով երկնային լույսով:

Բախն առավոտյան կանչեց կնոջն ու ասաց. ՛՛Մագդալինա, այնտեղ, ուր գնում եմ, մշտապես պետք է իսկական երաժշտություն լսեմ՛՛: Մահվան մահճում կոմպոզիտորի ստեղծած վերջին երգը (՛՛Գահիդ առջև, Տեր՛՛) բազմաձայն օրհներգ էր, որն արտահայտում էր դեպի երկնային հավիտենական լույսը խոյացող մարդկային հոգու ողջ հիացմունքը:

Կյանքի վերջին օրը նա շուրջը հավաքվածներին խնդրեց մի հիմնօրհներգ երգել: Քիչ անց ներկաները տեսան, թե ինչպես վեհապանծ անդորրը լույսով ողողեց նրա դեմքը: Նա արդեն այս աշխարհում չէր, սավառնում էր երկնային հավիտենական երաժշտության ծիրում:

… Վստահաբար կարելի է ասել, որ Բախը փրկված և վերածնված քրիստոնյա էր. նա ապրում և ստեղծագործում էր Աստծո ներկայության մեջ: Բախի երազանքն էր արվեստի և գիտության ոլորտի բոլոր հանճարներին տեսնել Աստծո ծառայության մեջ:

Յոհան Սեբաստիան ԲԱԽ – (1685-1750), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, ջութակահար: Թյուրինգիայի Բախերի տոհմից, որը 16-18-րդ դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է: Քրիստոնեական ու ժողովրդական ակունքներով, բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի` եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումներ են և նոր դարաշրջանի սկիզբ երաժշտության պատմության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ