20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ սպասել թուրք-իսրայելական մերձեցումից

Իրենց բազմամյա պատմության ընթացքում թուրք-իսրայելական հարաբերությունները գրանցել են բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ։ Սկսելով սերտ համագործակցությունից և հասնելով մինչև փոխադարձ անթաքույց թշնամական հռետորաբանություն՝ այնուամենայնիվ կողմերը երբեք չեն սպառել երկխոսության հնարավորությունը, պահպանել են տնտեսական կապերը, համագործակցությունը՝ հատկապես պաշտպանական-հետախուզական ոլորտում։ Եվ ահա հարաբերություններում վերջին խոշոր խզումից գրեթե 12 տարի անց ականատես ենք, թե ինչպես է փորձ արվում վերակենդանացնելու կողմերի միջև դիվանագիտական շփումները։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թուրք-իսրայելական հարաբերությունների համառոտ պատմական ակնարկը, ներկայումս արձանագրվող զարգացումները և փորձում մեկնաբանել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ջերմացումը մեր տարածաշրջանի համար։

Ինչպե՞ս են դասավորվել հարաբերությունները պատմականորեն
1949թ․-ի մարտի 28-ին Թուրքիան ճանաչեց Իսրայելի անկախությունը՝ դառնալով առաջին մուսուլմանական երկիրը, որն ընդունեց նորաստեղծ հրեական պետության գոյությունը[1]։ 1950թ․-ի մարտին Թուրքիայի և Իսրայելի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, կնքվեց առևտրային պայմանագիր, լայն թափով սկսեց զարգանալ թուրք-իսրայելական համագործակցությունը նաև ռազմաարդյունաբերական ոլորտում, ձևավավորվեց թուրք-հրեական համագործակցություն արտասահմանյան լոբբինգի հարցերում, որն աջակցում է Թուրքիային ինչպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարում, որը շարունակվում է մինչև օրս։

Արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը էապես սասանվել էր՝ կապված Իսրայելի ճանաչման փաստի հետ։ Այնուամենայնիվ, Թուրքիան ժամանակ առ ժամանակ ցուցադրական ժեստեր էր անում արաբական երկրների նկատմամբ, որպեսզի վերականգնի իր սասանված հեղինակությունը։
1990-ական թթ․ պաշտոնական Անկարան Թել Ավիվի հետ զարգացրեց ռազմավարական համագործակցություն, որի գլխավոր պատճառը ընդհանուր սպառնալիքներն էին՝ Իրան, Իրաք, Սիրիա, քրդական գործոն։ 1993թ․ երկու երկրների միջև կնքվեց Ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որն նախատեսում էր համագործակցություն միջազգային ու տարածաշրջանային, ռազմական տեխնիկայի փոխանցման, կրթության և գիտության, առևտրի ու ներդրումների բնագավառում։

Ինչու՞ լարվեցին հարաբերությունները
2003թ․-ից ի վեր՝ Անկարան փոփոխական ակտիվությամբ ներգրավված էր մերձավորարևելյան հակամարտությունների լուծման հարցում (Իսրայել-Սիրիա, Իսրայել-Պաղեստին)՝ միաժամանակ փորձելով վերացնել Սուդանի ու «Համաս» կազմակերպության միջազգային մեկուսացումը՝ այդպիսով ամրապնդելով իր դիրքերը որպես Մերձավոր Արևելքի գլխավոր դերակատար։ Իսրայելի հետ հարաբերություններում առաջին լարվածությունը սկսեց «Համաս»-ի առաջնորդ Խալեդ Մեշալի Անկարա այցով։ Իսրայելի համար Թուրքիայի աջակցությունը Համասին՝ պաղեստինյան խմբավորմանը, որը վերահսկում է Գազայի հատվածը, բայց Իսրայելի և արևմտյան երկրների մեծ մասի կողմից ճանաչվում է որպես իբրև թե ահաբեկչական կազմակերպություն, գլխավորում է Անկարայի հետ կապված դժգոհությունների ցուցակը:
2008 թ․ դեկտեմբեր-2009թ․ հունվար ամիսներին Գազայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով արձանագրվեցին մարդկային շատ զոհեր։ Միջազգային հարթակում Անկարան դարձավ Իսրայելի գլխավոր քննադատը։ 2009թ․-ի հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում էրդողանը քննադատեց համազեկուցող՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին։ Այս բանավեճը հայտնի դարձավ «One minute» անվանումով, քանի որ Էրդողանը փորձում էր խոսքի իրավունք խնդրել կամ հակադարձել Պերեսին՝ օգտագործելով այդ արտահայտությունը։

Երկկողմ հարաբերություններում լարվածությունը իր գագաթակետին հասավ 2010 թ․-ի մայիսին, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած հասարակական կազմակերպությունները որոշեցին վեց նավերով հումանիտար օգնություն հասցնել շրջափակման մեջ գտնվող Գազայի բնակիչներին։ Մայիսի 31-ին Իսրայելի ջրային մատույցներում «Գազայի ազատության նավատորմ» անունը ստացած խմբի մաս հանդիսացող «Mavi Marmara» նավը հարձակման ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների կողմից, ինչի հետևանքով սպանվեց Թուրքիայի 8 և ԱՄՆ 1 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։ Տեղի ունեցածը դարձավ միջազգային լարվածության պատճառ։ Թուրքիան հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին և Իսրայելի հետ հարաբերությունները Թուրքիան իջեցրեց երկրորդ քարտուղարի մակարդակի։
Այս միջադեպից հետո կողմերի միջև հարաբերությունների կարգավորման մի քանի փորձեր են ձեռնարկվել, որոնց արդյունքում 2016 թ․-ի հունիսի 27-ին կողմերը հայտնեցին հաշտեցման համաձայնագրի մասին, որը պետք է վերջ դներ հարաբերությունների մեջ վեցամյա խզմանը։ Կողմերը վերանշանակեցին դեսպաններին։
Սակայն 2018 թ․-ին մայիսի 14-ին, երբ ԱՄՆ-ն ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և որոշեց ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, անկարգություններ բռնկվեցին, տասնյակ պաղեստինցիներ սպանվեցին Իսրայելի անվտանգության ուժերի կողմից։ Էրդողանը Իսրայելին մեղադրեց «ցեղապանության» անցկացման մեջ։ Հաջորդ օրը Թուրքիան արտաքսեց Իսրայելի դեսպանին և հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին, որին ի պատասխան՝ Իսրայելը արտաքսեց Իսրայելում Թուրքիայի հյուպատոսին։

Ի՞նչ փուլում են դիվանագիտական հարաբերությունները հիմա
Այս իրադարձություններից 4 տարի անց՝ 2022թ․-ին, կողմերի միջև կարծես թե դիվանագիտական սառույցը սկսեց կոտրվել։ Նախ Թուրքիա այցելեց Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Իսկ մայիսի 25-ին 15 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայել այցելեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Հանդիպման ավարտին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են վերսկսել բանակցությունները, որպեսզի իսրայելական ավիաընկերություններին թույլատրեն Թուրքիա թռչել և վերականգնել համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը։
2022թ․-ի հունիսի 23-ին 16 տարվա մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Իսրայելի արտգործնախարարի մակարդակով պաշտոնական այց Թուրքիա։ Վերջին անգամ Իսրայելի արտգործնախարարը այցելել էր 2006թ․-ին։ Թուրքիայի արտգործնարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում կողմերը որոշեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել և հայտարարեցին, որ աշխատանքներ են սկսել փոխադարձ դեսպաններ նշանակելու ուղղությամբ։
Փոխադարձ քայլերի արդյունքը չուշացավ։ 2022թ․-ի օգոստոսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները կրկին փոխադարձ կերպով ամենաբարձր մակարդակի բարձրացնելու որոշման շրջանակներում որոշում է կայացվել Թել Ավիվում կրկին դեսպան նշանակելու վերաբերյալ։ Անկարան նոյեմբերի 12-ին հայտնեց Թել-Ավիվում Շաքիր Օզքան Թորունլարին դեսպան նշանակելու մասին։

Սակայն ձեռք բերված արդյունքների առումով ամենատպավորիչը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի այցն էր Անկարա, որի ընթացքում վերջինս հայտարարեց․ «Իսրայելը Թուրքիային տեսնում է որպես համաշխարհային դերակատար, որի հետ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները տնտեսական, պաշտպանական ոլորտներում և ամբողջ տարածաշրջանի կայունությունը ապահովելու հարցում»։
Իսկ հետաքրքական է այս այցը հատկապես նրանով, որ համաձայն «Intelligence Online» կայքի՝ այս այցի կուլիսներում Թուրքիայի և Իսրայելի միջև կնքնվել է պայմանագիր հետախուզության ոլորտում։ Մասնավորապես, ըստ լրատվականի` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը և իսրայելական Մոսադի ղեկավար Դավիդ Բարնեան ստորագրել են գաղտնի համաձայնագիր հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Ութ կետից բաղկացած երկկողմ հետախուզական համաձայնագրի հիմնական ուղղություններից մեկը Թուրքիայում իրանական «որջերն» ու ցանցերն են, որոնց «պոչին նստած են» Մոսադի 1000 գործակալներ երկրում:Միաժամանակ պետք է նշել, որ Թուրքիայի և Իսրայելի միջև, ինչպես նաև Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը վերջերս ընդգծել էր Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։

Ի՞նչ շահեր է հետապնդում Իսրայելը տարածաշրջանում
Հարավային Կովկասում Իսրայելի գլխավոր խնդիրը Իրանի հնարավորությունները սահմանափակելն է, ստեղծել նրա շուրջ լարվածության օջախներ (ինչպես օրինակ՝ Իրաքյան Քուրդիստանը, որտեղ Իսրայելը աջակցում է քրդերին, ինչն իր հերթին ազդում է Իրանի քրդերի վրա)։ Նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է՝ և՛ տնտեսական առումով (օր․՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով), և՛ աշխարհաքաղաքական առումով՝ կրկին «Զանգեզուրի միջանցքի» միջոցով, որը կարգելափակի Իրանի հասանելիությունը դեպի հյուսիս, և՛ ռազմական առումով՝ զինելով Ադրբեջանին և փորձելով ռազմատեխնիկական առումով հավասարակշռությունը վերականգնել Ադրբեջանի օգտին։ Այսինքն, ստեղծել եթե ոչ հակաիրանական ճակատ, ապա միջավայր, որտեղ Իրանը կունենա խնդիրներ։ Հետևաբար զորքերի մի մասը, որ կարող էր գործի դրվել Իրաքում կամ Սիրիայում, Իրանը ստիպված կլինի օգտագործել Ադրբեջանի սահմանին կանոնավոր զորավարժություններ իրականացնելու համար։ Իսրայելի համար կարևոր է նաև տարածաշրջանում հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորությունը։ Այդպես կարելի է ավելի մոտ լինել իրանական սահմանին, մոնիտորինգի ենթարկել նրանց բոլոր գործողությունները (օր.՝ Արաքսի ափերի երկայնքով կարելի է մոնիտորինգ անել, թե ինչպիսի ուժեր ու միջոցներ են իրանցիները կուտակել, ինչպիսի սպառազինություն ունեն, դրանից որը կարող են ակտիվորեն կիրառել և այլն)։

Ինչպե՞ս է դրսևորվում Իսրայելի ներկայությունը մեր տարածաշրջանում
Իսրայելի ներկայությունը առաջին հերթին դրսևորվում է Ադրբեջանի միջոցով՝ տնտեսական և ռազմական ոլորտներում Բաքվի հետ ակտիվ և նախաձեռնողական բնույթ կրող համագործակցությամբ։ Իսրայելում լուրեր են պտտվում, որ Թել Ավիվը նավթի 40%-ը գնում է Ադրբեջանից, թեև այդպիսի պաշտոնական տվյալներ չկան։ Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են իսրայելական ընկերությունները՝ ջրօգտագործման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Գործում են նաև դեսպանատանը կից մշակութային կենտրոններ, ադրբեջանցի ուսանողները կրթություն ստանալու նպատակով ուղարկվում են Իսրայել։ Իսրայելը ակտիվորեն աշխատում է ադրբեջանաբնակ սփյուռքի՝ լեռնային հրեաների հետ` կազմակերպելով մասնագետների պատրաստման ծրագիր՝ Իսրայելում որակավորման բարձրացման կուրսով։
Արցախյան երրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Իսրայելն իր հետախուզական ստորաբաժանումներն է տեղակայել Արցախից զավթած տարածքներում՝ Իրանի հետ սահմանին։ Մասնավորապես՝ խոսվում է այն մասին, որ իսրայելական հետախուզությունը ներթափանցել է Իրանի սահմանամերձ գոտիներ` «խելացի գյուղերի» կառուցման պատրվակի ներքո։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր․«Ղարաբաղի ազատագրման ընթացքում մի շարք ահաբեկչական կազմակերպություններ են ներթափանցել տարածաշրջան, և Իսրայելը նույնպես փորձում է օգտվել այս լարվածությունից»։ Եվ թեև սրան հաջորդեցին ադրբեջանական կողմի հերքումները՝ Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարության խոսնակի և ՌԴ-ում Իսրայելի դեսպանի մակարդակով, սակայն բնականաբար կողմերից որևէ մեկը չէր կարող հրապարակայնորեն հաստատել այդ փաստը։ Բացի այդ՝ իսրայելական ընկերությունները նաև ակտիվորեն ներգրավված են Արցախի՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներում, այսպես կոչված, «վերականգնողական աշխատանքներում» և ներդրումների ոլորտում։ Հատկապես ակտիվ է համագործակցությունը գյուղատնտեսության, այդ թվում՝ հացահատիկի աճեցման ու ջրօգտագործման որոլտում՝ իսրայելական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Թուրքիան ու Իսրայելը
Որպես տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնող ուժ՝ Թուրքիայի համար կարևոր է հավասարակշռել այս տարածաշրջանում Իրանի ազդեցությունը։ Ուստի Իսրայելի և Թուրքիայի շահերը համընկնում են առաջին հերթին տարածաշրջանում Իրանի հզորացումը և ազդեցության աճը թույլ չտալու համատեքստում։ Երկու կողմերն էլ հետարքրքրված են Ադրբեջանին ուժեղացնելու մեջ․ Թուրքիան ցանկանում է վերջինիս ինտեգրել իր նախագծի մեջ, Իսրայելը՝ օգտագործել Իրանի դեմ։ Սրանից ածանցյալ է նաև երկու կողմերի շահագրգռվածությունը, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ որքան երկար է ադրբեջանա-իրանական սահմանը, այնքան ընդլայնվում է տարածաշրջանում ներկայության և ներգրավվածության համար հնարավորությունների շրջանակը։

Ի՞նչ փոփոխություններ սպասել թուրք-իսրայելական համագործակցության զարգացումից տարածաշրջանում
Չի բացառվում, որ կարող է ձևավորվել եռակողմ դաշինք հետախուզության ոլորտում, որի շրջանակներում տեղի կունենա Իրանի վերաբերյալ տվյալներով փոխանակում։ Թուրքիայի և Իսրայելի հետախուզությունը ակտիվորեն աշխատել են Թուրքիայում իրանական գործակալական ցանցը խափանելու համար։ Իսրայելը նաև հետախուզական տեղեկություններ է տրամադրում Ադրբեջանին։ Հնարավոր է, որ ստեղծվի եռակողմ իրավիճակային դաշինք՝ Իրանի, և համապատասխանաբար՝ նաև Հայաստանի դեմ։ Իսրայելը ներկայումս ակտիվորեն ներգրավվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աջակցությանը ՝ փորձելով համոզել, որ դա բխում է Հայաստանի շահերից, այլ ոչ թե ուղղված է մեր դեմ։ Ի դեմս Իսրայելի՝ Թուրքիան ու Ադրբեջանը գտել են շահագրգիռ կողմ (stakeholder), որը հետաքրքրված է միջանցքի բացման մեջ։ Օգտվելով այս հանգամանքից՝ Ադրբեջանը ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստների միջոցով կարող է առաջ տանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հաշվի առնելով, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» շրջանցում է Ռուսաստանը՝ ԱՄՆ-ը կարող է բացահայտ աջակցել այդ նախագծին, եթե ներգրավվեն իսրայելական լոբբսիտները:
Արփի Մադոյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ