06 Փետրվարի, Երկուշաբթի, 2023
KFC

Իբրև աշխատավարձ են բարձրացնում, բայց իրականում իմիտացիա են անում. 168 Ժամ

axqat-nikol

Այս իշխանությանը խորթ չէ մարդկանց դատարկ հույսերով կերակրելը։ Երբ նոր էին եկել իշխանության, ինչեր ասես չէին խոստանում։ Ի վերջո, տեսանք, թե դա ինչով ավարտվեց։
Նախկին խոստումները շատ արագ մոռացան, հիմա դատարկ ներկան կրկին փորձում են լցնել կեղծ լավատեսությամբ. թոշակների ու նպաստների բազմակի բարձրացումից, ուսուցիչների, բժիշկների, գիտնականների, զինվորականների աշխատավարձերի կրկնապատկումից ու եռապատկումից, պաշտպանության ու անվտանգության, առողջապահության ու սոցիալական հատվածի, գիտության ու կրթության, գյուղատնտեսության ու արդյունաբերության ծախսերի աննախադեպ ավելացումներից են խոսում։ Բայց մարդիկ այդպես էլ չեն տեսնում ու չեն զգում այդ ավելացումներն ու դրանց արդյունքները։ Այս ամենի մեջ ավելի շատ իմիտացիա կա, քան իրականություն։

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ երկու տարվա ընթացքում 3 կամ միգուցե 4 անգամ բարձրացնում ենք կենսաթոշակները՝ «Մի անգամ բարձրացրել ենք սեպտեմբերին, ներդնելով նաև անկանխիկ առևտրի պարագայում 10 տոկոս հետվճարի համակարգ։ Հաջորդ անգամ թոշակները կբարձրանան 2023թ. հուլիսին, և հավելավճարի համակարգով ևս համապատասխան չափով կբարձրանան»։
Դեռ չբարձրացրած՝ արդեն հաշվում են, որ բարձրացրել են կենսաթոշակները։ Այնինչ՝ փաստացի երկու տարում ընդամենը մեկ անգամ են իրականում կենսաթոշակ բարձրացրել, այն էլ՝ հազիվ 3 հազար դրամով։ Հաջորդ տարվա հուլիսին էլ կբարձրացնե՞ն, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Այսօր վաղ է խոսել դրա մասին։

Ինչ մնում է անկանխիկ առևտրի հետվճարին, ապա այն կենսաթոշակի բարձրացում չէ։ Դա կենսաթոշակի բարձրացում համարելուց առաջ լավ կլիներ ասեին նաև, թե քանի թոշակառու է օգտվել ու օգտվում դրանից։ Հավանաբար թոշակառուների 1 կամ 2 տոկոսը։ Առաջիկայում էլ դեռ շատերը չեն կարողանալու օգտվել այդ համակարգից, որովհետև նախ՝ պատրաստ չեն դրան, և հետո՝ չկա տեխնիկական ապահովվածություն։ Կառավարությունը, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, մի համակարգ է դրել, երբ դրանից օգտվելը տեխնիկապես անհնարին է շատերի համար։ Եթե անգամ համարենք, որ հաջորդ տարվա հուլիսից թոշակները կավելանան, ապա հետվճարային համակարգի ազդեցությունը դրա վրա լինելու է ընդամենը 300-400 դրամ։ Ու սա արդեն այժմվանից Նիկոլ Փաշինյանը թոշակների բարձրացում է հաշվում։
Իրականում անցած երկու տարում մեր երկրում կենսաթոշակները բարձրացել են միայն այս տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ էլ 2020թ. սկզբին ու կրկին 3 հազար դրամով։
Իսկ ինչո՞ւ չեն հաշվում, թե այս ընթացքում քանի 3 հազար դրամով են ավելացել թոշակառուների ծախսերը կամ նվազագույն սպառողական զամբյուղը՝ կապված երկրում վերջին 2 տարում արձանագրվող բարձր գնաճի հետ։

Նվազագույն սպառողական զամբյուղը հասել է 75 հազար դրամի, իսկ միջին կենսաթոշակն ընդամենը 40-45 հազար է. գրեթե կրկնակի քիչ, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։
Սննդամթերքի գնաճն անցած 2 տարում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, մոտ է 30 տոկոսին։
Այս պարագայում ի՞նչ խնդիր կարող է լուծել կենսաթոշակի 3 հազար դրամ ավելացումը։ Անգամ էական չէ, թե քանի անգամ են բարձրացրել։ Խնդիրը ոչ թե բարձրացման քանակի, այլ չափի ու նաև արձանագրվող բարձր գնաճի հետ դրա համադրելիության մասին է։

Եթե կառավարությունն այդքան մտածում է թոշակառուների մասին, թող բարի լիներ ուղղակի ինդեքսացիա աներ կենսաթոշակները։ Չի անում, որովհետև այդ դեպքում կերևար իր քայլերի սնանկությունը։
Իբր ուսուցիչների ու գիտնակաների աշխատավարձերը կրկնապատկել ու եռապատկել են։
«Ուսուցիչներ կան, որ 400 հազար դրամ և ավել աշխատավարձ են ստանում»,- պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այսօր քանի՞ այդպիսի ուսուցիչ կա։ Այդպիսիներին մատների վրա կարելի է հաշվել։
Ձև են գտել ցույց տալու, թե պատրաստ են առատորեն բարձրացնել աշխատավարձերը, բայց դրա համար պետք է ատեստավորում անցնեն։ Ու հատուկ այնպիսի պահանջներ են սահմանել, որպեսզի հնարավորինս քչերը կարողանան այն հաղթահարել։
Շուրջ 37 հազարից ընդամենը 2-3 հազար ուսուցչի աշխատավարձը բարձրացրել են, շատ ավելի քիչ, քան հայտարարվող 400 հազար դրամն է, ու չեն վարանում անընդհատ կրկնել, թե ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկել, երբեմն էլ եռապատկել ու քառապատկել են։

Իսկ, որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը, առկա բարձր գնաճի պայմաններում, չնչին աշխատավարձ է ստանում, կարևոր չէ։ Այնպիսի չափանիշներ են դրել, որ շատերը չեն ուզում ատեստավորում անցնել, որպեսզի այդ չնչին աշխատավարձից էլ չզրկվեն։
Նույնը հիմա ուզում են անել բանակում։ Արդեն սկսել են գովազդել, թե հաջորդ տարվանից զինվորականների աշխատավարձերը կկրկնապատկվեն, բայց դրա համար նրանք պետք է ատեստավորում անցնեն։
Անկասկած, վաղը այնպիսի պայմաններ են դնելու, որ շատերը էլի չկարողանան ատեստացիա անցնել։ Ու կրկին հայտարարելու են, թե՝ տեսեք, մենք պատրաստ ենք զինվորականի աշխատավարձը կրկնապատկել, բայց իրենք պատրաստ չեն դրան։

Իսկ երբ ոստիկանների աշխատավարձերն ավելացնում էին, մի անգամ չասացին, թե պետք է ատեստավորվեն, որ աշխատավարձը բարձրանա։ Մինչև հիմա բոլորինը համատարած բարձրացրել են ու էլի պատրաստվում են բարձրացնել. ատեստացիայի մասին խոսք չկա։

Առողջապահության ոլորտում ևս աշխատավարձերի բարձրացումը կապել են ատեստավորման հետ ու կրկին նույն սցենարն են պատրաստվում խաղարկել։
Այդպես նաև այլ ոլորտներում են աշխատավարձերի կրկնապատկման ու եռապատկման իմիտացիա ստեղծում։ Բայց երբ գաղտնի պարգևավճարների միջոցով իրենց աշխատավարձերն էին կրկնապատկում, ատեստացիայի մասին չէին խոսում։ Այսօր էլ չեն խոսում պետական կառավարման համակարգում ատեստացիա անելու մասին, չնայած պատրաստվում են աշխատավարձերի բավական շոշափելի բարձրացում անել։ Բազային աշխատավարձը 66,1 հազարից հասցրել են 83 հազարի, ինչի արդյունքում նախարարական աշխատավարձերը ևս մի քանի հարյուր հազարով ավելանում են։ Ավելանում են նաև մյուսների աշխատավարձերը, բայց առանց ատեստավորման։
Այնինչ, ուսուցչի, բժշկի, զինվորականի աշխատավարձը բարձրացնելու համար կառավարությունը նախապայման է դնում. դրա համար նրանք պետք է պարտադիր ատեստացիա անցնեն։ Եթե չանցնեն, ոչ մի աշխատավարձ էլ չի բարձրանա, նույնիսկ եղածից էլ կարող են զրկվել։

Այստեղ են ասել, իրենց դրել են սրբի տեղ ու վանքի հավերն են ուտում։
Այդքան որ գիտության ոլորտի աշխատավարձերի աճից եք խոսում, իբր կրկնապատկել ու եռապատկել եք, ինչո՞ւ չեք ասում, որ կրտսեր գիտաշխատողն այսօր 120 հազար դրամ է ստանում։ Դրանով երիտասարդ գիտնականը, որը կարող է շատ ավելի բարձր աշխատավարձով այլ տեղ աշխատել, պիտի գնա գիտությա՞մբ զբաղվի, մտածի գիտություն զարգացնելո՞ւ, թե՞ ընտանիք պահելու մասին։ Պարզ չէ, որ սրանով ի սկզբանե նրա մեջ սպանում եք գիտությամբ զբաղվելու ձգտումը։ Առավել ևս՝ այն աշխատավարձերի ֆոնին, որը վճարում եք իրենց գիտելիքներով ու կարողություններով բոլորովին չփայլող բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ