20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը։ Եվ այդ դիմագիծը պահելու համար պետք է վարվեր ճիշտ մշակութային քաղաքականություն։
 
Ունենալ պետական մշակութային քաղաքականություն նշանակում էր ոչ միայն պայմաններ ստեղծել գեղարվեստական ժառանգության պահպանության և ժամանակակից արվեստի զարգացման համար, այլև գտնել մշակույթը ազգային պետության շահերին ծառայեցնելու, արտաքին աշխարհում երկրի հեղինակությունը բարձրացնելու ուղիները, ինչպես նաև մշակույթի միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու եղանակները։
Սերժ Սարգսյանի ղեկավարման տասը տարիներին մշակութային քաղաքականությունը, մի կողմից ուղղված է եղել մշակութային ժառանգության պահպանմանն ու մրցունակ ժամանակակից մշակութային արտադրանքի ստեղծմանը, մյուս կողմից՝ մշակույթ ստեղծողի և սպառողի կրթմանն ու մշակույթի հասանելիության հավասար իրավունքների ապահովմանը։ Առաջնային են հանդիսացել նաև Հայաստանում այլ երկրների մշակութային ներկայության և արտերկրում` մեր երկրի ճանաչելիության բարձացման, միջազգային հեղինակավոր հարթակներում հայ մշակույթի դիրքավորման հարցերը:
 
Վերջին տասը տարիների ընթացքում կառուցվել են թանգարանների նոր մասնաշենքեր (Մատենադարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի), ստեղծվել են նոր թանգարաններ (Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Գրատպության թանգարանը, Հ. Սահյանի տուն-թանգարանը և այլն), հիմնանորոգվել են մի շարք տուն-թանգարաններ (Ա. Իսահակյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բակունցի, Ա. Սպենդիարյանի, Մ. Սարյանի, Օրբելի եղբայրների եւ այլն) և թանգարաններ (Ռուսական արվեստի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի, Միջին Արեւելքի և այլն)։
Ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկապես ամբողջովին վերազինվել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների դահլիճները, «Արամ Խաչատրյան» համերգասրահը:
ՀՀ հուշարձանների, մշակութային արժեքների, գրադարանային ֆոնդերի պահպանմանը, հաշվառմանը, վերականգնմանը, հանրահռչակմանը ուղղված ավանդական գործառույթներին զուգահեռ՝ 2011 թվականից մեկնարկեց այդ ժառանգության ամբողջական թվայնացման, այն է՝ «թվային մշակույթի» ստեղծման գործընթացը, որի արդյունքները ամփոփվել են ութ էլեկտրոնային շտեմարաններում (Պատմության եւ մշակույթի հուշարձանների, Հայ գրքի, Հայկական գորգերի, Մշակութային արժեքների, Ոչ նյութական մշակութային արժեքների, Հայ լուսանկարչության, Հայ պարբերական մամուլի, Արտերկրի հայկական հուշարձանների շտեմարաններ)։
2010 թվականին մեկնարկեց «Արտերկրի հայկական պատմամշակութային ժառանգության վավերագրման ծրագիրը», որի շրջանակում վկայագրվել են Արևմտյան Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի տարածքում գտնվող ավելի քան 4000 հայկական պատմամշակութային հուշարձաններ։
 
Հայ ժամանակակից աշխարհասփյուռ արվեստը ներկայացվեց Վենետիկի բիենալեում, որտեղ հայկական տաղավարն արժանացավ գլխավոր՝ «Ոսկե առյուծ» մրցանակին։
 
Կառավարման տասը տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել միջազգային այնպիսի կառույցների հետ համագործակցությանը, ինչպիսին է մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Այդ կառույցի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկվեցին հինգ մշակութային տարրեր՝ դուդուկը, խաչքարը, լավաշը, «Սասունցի Դավիթ» էպոսը եւ «Քոչարի» պարը։ 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, որի շրջանակներում իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր։
Արվեստի տարբեր բնագավառներում հիմնվեցին և զարգացան միջազգային հարթակներ, մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, «Հայֆեստ» թատերական փառատոնը, «Երևանյան հեռանկարներ» եւ «Արամ Խաչատրյան» երաժշտական փառատոները, «Ստանդարտ. լեռան անալոգը» ժամանակակից արվեստի տրիենալեն, «Գրական տապան» գրական փառատոնը՝ այսպիսով դիրքավորվելով աշխարհի ամենահեղինակավոր փառատոների շարքում։
 
Հ.Գ «Այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար, մեր արժեքների հարատևության համար» ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյան»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ