29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է. ձեռքերը ծալած նստելու իրավունք չունենք». Կարինե Աճեմյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ հնարավոր իշխանափոխությունից հետո երկրի հեղինակությունը վերականգնելու մեծ կարիք է լինելու:

 

«Ամեն ինչ պետք է սկսվի զրոյից: Երևի ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին:- Ռ.Մ.) դա նկատի ուներ, երբ ասում էր՝ զրոյական կետ, որովհետև ամեն ինչ իջեցրեց զրոյի, էլ չեմ ասում, որ մեր երկրում բաներ կան, որ կատարվում են, որոնք զրոյից էլ ցածր են: Այնպիսի ամենաթողություն է բոլոր օղակներում, ամենուր, որ ամեն ինչ պետք է զրոյից սկսել: Ես չգիտեմ որևէ ոլորտ, որը նորմալ վիճակում է: Ամեն ինչ քայքայվում է մեր աչքի առաջ, և հասարակությունը դիտորդի կարգավիճակում է հայտնվել, շատ բան կարելի է փոխել, բայց չի փոխվում հենց դրա պատճառով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ մեծ թվով մարդիկ չեն մասնակցում ընդդիմադիր շարժմանը, բայց դեմ են գործող իշխանություններին. «Շատ մարդկանց կարիերայում որևէ առաջընթաց չէր լինի, եթե չլիներ Փաշինյանը, դրա համար էլ ձեռքերի վրա պահում են. ինչքան հնարավոր է անադեկվատ, անմեղսունակ, տգետ, անգրագետ մարդկանց հավաքածու, որոնք հայրենիքի զգացողություն էլ չունեն և բացառապես իրենց պաշտոնների գերին են դարձել: 4 տարուց ավելի է՝ իշխանության են, և դեռ խոսում են նախկիններից, ընդ որում՝ այն ատելությամբ, որով այս իշխանությունները պայքարում են նախկինների դեմ, արտաքին աշխարհում որևէ այդպիսի թշնամի չունեն, չնայած՝ մենք շրջապատված ենք հենց այդպիսի հարևաններով, որոնք ոտնձգություններ են անում մեր հանդեպ, հիմա նաև Բերձորն է վտանգված: Ընդհանրապես վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, վտանգված է հայրենիք հասկացությունը: Ես երբեմն մտածում եմ, որ մեր ազգը հիշողությունն է կորցրել: Ես նույնիսկ նկատի ունեմ Սփյուռքին: Նոյեմբերի 10-ից սկսած իմ կյանքն ամբողջովին փոխվել է, և ես չեմ պատկերացրել, որ որևէ հայ կարող է ապրել նույն ռիթմի մեջ, ուրախանալ, իր կյանքը շարունակել այնպես, ինչպես առաջ, երբ այդ ձևով վտանգված է իր հայրենիքը: Հայաստանի Հանրապետությունը և Արցախը մի ամբողջություն են, և ասել, որ՝ սա մերը չէ, սա՝ մերն է, և տեսնել, թե ինչպես է թշնամին ուզում տիրանալ քո հողին այն պայմաններում, երբ դու որևէ բան չես ձեռնարկում՝ այդ ամենի դեմն առնելու համար, շատ ցավալի փաստ է»:

 

Կարինե Աճեմյանը չի ուզում հավատալ, որ ազգովի կորցնում ենք ամոթի զգացողությունը. «Լսում ենք՝ այս պաշտոնյան այս արեց, կորտեժը հարվածեց՝ հղի կնոջը սպանեց… դրանք բաներ են, որ ուրիշ հասարակություններում այնպես կմերժվեին և այնպիսի հակազդեցություն կառաջացներ, բայց մեր հասարակությունը չգիտեմ՝ էլ ինչի է սպասում: Թվում է, թե ամեն ինչ մարսվում է նրա կողմից: Այսօր այդ բարոյալքումը, ամոթի զգացողության իսպառ վերացումը բերում է մի կետի, որտեղ գռեհկաբանությունն է առաջանում, տգիտությունը և ամենաթողությունը: Տեսեք՝ կրակում են միմյանց վրա, որևէ մեկը որևէ պատասխանատվություն չի կրում, որովհետև պաշտպանում են իրեն, իսկ ինքն էլ պաշտպանում է այն մարդկանց, ովքեր իր համար նույնիսկ պատրաստ են մարդ սպանել»:

 

Նա նկատեց՝ միակ ուժը, որ կարող է բան փոխել, ժողովուրդն է. «Ֆանատիզմի կողմնակից չլինելով, ասում եմ, որ հայրենասիրության մեջ ֆանատիզմը շատ կարևոր է, և այն մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն հայրենիքի, երևի կամ քիչ են, կամ բացակայում են: ՀՀԿ-ն իր ամբողջ ռեսուրսն օգտագործել, ամբողջապես նվիրվել է ընդդիմադիր շարժմանը: Սկսած 2018թ. մայիսից մենք պայքարել ենք, մեր նպատակը մեր հայրենիքը փրկելն է: Հնարավոր է, որ մենք թերացել ենք, բայց այս պայքարը եղել է ազնիվ, շիտակ, և մենք ամեն ինչ արել ենք հաջողության հասնելու համար: Այո, Արևմուտքը սատարում է այս իշխանություններին, որովհետև մեր հայրենիքի տարածքն են վերաձևում, և միակ ուժը, որին ձեռնտու չէ նրա իշխանավարումը, հայերն են»:

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներն ամենաժողովրդավարն են եղել. «Մենք գնացինք այդ արժեքների ետևից, բայց եկանք՝ մի պատմության առջև կանգնեցինք, որը, ոչ ոք չէր կարծում, թե ինչ արհավիրք է սպասվում, չնայած՝ ով Փաշինյանի հետ աշխատել է, ով նրան ճանաչում էր, շատ լավ հասկանում էր մեր գլխի գալիքը»:

Նա Փաշինյանին փողոցով հեռացնելը ռեալ է համարում, եթե կրիտիկական զանգված դուրս գա փողոց. «Այսպիսի՝ «իմ դեմ խաղ չկա»-ի ձևաչափով աշխատող իշխանություն ես երբեք չեմ պատկերացրել: Ամեն ինչի ընդունակ է: Մենք ձեռքերը ծալած նստելու իրավունք չունենք, ամեն ինչ անելու ենք, պետք է պայքարենք, որպեսզի հնարավորինս կասեցնենք այս գործընթացը: Փաշինյանը գնալով խայտառակվում է, թե որ պահին, սա ինչով կավարտվի… այս ձևով այլասերվե՞լ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ