18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանն Ավստրիան դիտում է որպես բարեկամ պետություն և վստահելի գործընկեր. ՀՀ նախագահ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ավստրիայի  նախագահների համատեղ ասուլիսը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին եւ նշել, որ երկու երկրների միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում սա Ավստրիայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր:

“Այն ևս մեկ կարևոր ուղենիշ է հայ և ավստրիացի ժողովուրդների՝ ժամանակի փորձությունն անցած բարեկամության ամրապնդման ճանապարհին և լավ հնարավորություն է՝ ուրվագծելու երկկողմ համագործակցության առավել հավակնոտ և հեռանկարային ուղղություններ”,-ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Հայստանն Ավստրիան դիտում է որպես բարեկամ պետություն և վստահելի գործընկեր:

Նախագահի խոսքով, դա պայմանավորված է թե՛ հայ-ավստրիական դարավոր պատմամշակութային առնչություններով և մեր ժողովուրդների միջև առկա համակրանքով, թե՛ մեր երկրները միավորող արժեքային համակարգով, թե՛ ավստրիահայ համայնքի առկայությամբ, թե՛ վերջին երկու տասնամյակում մեր միջպետական հարաբերությունների դրական փորձով:

Սերժ Սարգսյանի եւ Հայնց Ֆիշերի բանակցությունների օրակարգը, ինչպես նշեց մեր երկրի նախագահը,  բավականին հագեցած է եղել. ” Նախագահ Ֆիշերի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, վերահաստատեցինք երկկողմ և բազմակողմ բնագավառներում հայ-ավստրիական կապերն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` արձանագրեցինք, որ մեր պետությունների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մեր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար: Կարևորեցինք հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը”:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայնց Ֆիշերի այցը նաև տնտեսական բաղադրիչ ունի, այցի շրջանակներում ընթանում է հայ-ավստրիական գործարար համաժողով,  կստորագրվի հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի տնտեսական պալատի միջև համագործակցության վերաբերյալ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովը կտա տեսանելի արդյունքներ և մոտ ապագայում Ավստրիայի ներկայությունը Հայաստանում առավել զգալի կդառնա:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայնց Ֆիշերին Հայստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ  Ավստրիայի կառավարության կողմից  հայ համայնքին, Ավստրիայում գտնվող հայկական կրթամշակութային ժառանգության, այդ թվում` Վիեննայի Մխիթարյան միաբանության պահպանման հարցում :

Իր գործընկերոջ հետ Սերժ Սարգսյանը քննարկել է ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին: “Ավստրիական կողմը վերահաստատեց իր լիակատար պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի եվրամերձեցման ջանքերին, մասնավորապես` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին”,-նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն Ավստրիայի նախագահին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի արդի փուլը, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու իրավիճակի վերաբերյալ մեր մոտեցումները: “Մենք բարձր ենք գնահատում Ավստրիայի ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում և այն հաստատակամությունը, որով Ավստրիան աջակցում է տարածաշրջանային հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր ձգտմանը”,-ասել է ՀՀ նախագահը:

Ավստրիայի նախագահի հետ ՀՀ նախագահը քննարկել է նաեւ տարածաշրջանում իրականացվող և իրականացվելիք էներգետիկ ծրագրերը. “Եկանք ընդհանուր հայտարարի, որ դրանք պետք է խթանեն, այլ ոչ թե խաթարեն տարածաշրջանային հավասարակշռությունը: Ոչ մի պարագայում էներգետիկ ծրագրերը չպետք է դառնան մեր՝ առանց այն էլ փխրուն տարածաշրջանում նոր պատերազմի ֆինանսավորման աղբյուր: Համակարծիք էինք նաև, որ շրջափակումներն ու փակ սահմանները բացարձակապես անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի ոգուն և տրամաբանությանը”:

Ամփոփելով խոսքը, Սերժ Սարգսյանը Ավստրիայի նախագահի հետ հանդիպումը գնահատեց դրական ու արդյունավետ և հույս հայտնեց, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: Սերժ Սարգսյանը նաեւ  շնորհակալություն հայտնել Հայնց Ֆիշերին` Ավստրիա պաշտոնական այցի հրավերի համար: “Ինձ համար դա մեծ պատիվ է, և ես այն հաճույքով ընդունում եմ”,-եզրափակեց երկրի ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ