02 Հուլիսի, Saturday, 2022
KFC

«Զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու»․ Սերժ Սարգսյանի ամբողջական ելույթ

C937721F-F7A8-4C18-B85D-C39CF6F2EB6A

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական` 17-րդ համագումարում և մաղթում արդյունավետ աշխատանք:

Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների, և մեզ` հանրապետականներիս համար, որ կանգնած ենք եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում ու առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները:
Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին:

Հարգելի´ գործընկերներ,

Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ, լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ:

Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել: Ուստի, առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառն իրականությունը:

Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և «ռեկորդային» ցուցանիշ է: Իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե փորձեք պատկերացնել աղետի աստիճանը:

Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում:

– Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին:

– Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնացին, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, այլ մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն:

– Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին: Եվ այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց` որպես հետևանք թողելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր: 2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է: Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը` թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը՝ որպես միջազգային նորմ:
Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6.3 տոկոսով:

– Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք:

Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը, դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր թվային սուվերենությունը խարխլված են:

– Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից:

– Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը: Ո՞վ է մարդը առանց արժանապատվության

Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է:

Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում: Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով: Երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից:
Կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:

Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով:

Այսօր և այստեղ ուզում եմ ձեզ հետ շատ բաց և շիտակ լինել, եթե կուզեք՝ խոցելիության աստիճանի: Ահա կանգնած եմ ձեր առջև անձնական կորուստների ու հարվածների ցավը չհաղթահարած, բայց գիտակցումով ու պատասխանատվությամբ, որ դեպի անդունդ գլորվող մեր անկախ պետականության ճանապարհի այս հատվածում անկարելի է սեփական ցավով օտարանալը: Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես:
Իմ զինակից ընկերների, այս դահլիճում գտնվող ձեզնից շատերի ծնողների հետ մենք կյանքի ու մահվան մի ամբողջ ճանապարհ ենք անցել, որտեղ մարտի դաշտում զոհված ամեն մի զինվորի հետ մահացել ենք ու պաշտպանած ամեն մի բարձունքի հետ կյանք ստացել:

Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևավորվող թաքուն սպասումն ու ոգևորությունը, թե՝ «Արցախը հանձնենք, լավ կապրենք», քայքայեց ու կործանեց մեր երեսնամյա անկախության հիմքերը: Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը` որպես անկախ պետական միավոր: Եվ սա հասկանալու համար, ցավոք, մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի մի ամբողջ արյունալի պատերազմով:
Այսօր աշխարհում 85 ազգեր կան, որ 3-ից 30 միլիոն բնակչություն ունեն, լեզու, մշակույթ, կրոն ունեն, բայց պետություն չունեն: Ի՞նչ է, մենք ուզում ենք համալրե՞լ նրանց շարքերը, մոռանա՞լ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր մեր եղբայրների ու քույրերի արյունը:
Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ Հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ: Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր է արձանագրել, որ երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում: Ինչպե՞ս չկարողացանք հստակ բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը: Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում:

Հարգելի´ գործընկերներ,

Այս համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է: Այսօր և այստեղ մենք, որպես քաղաքական ուժ, ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն ենք ազդարարելու, մեր ընտրությունների արդյունքներով հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն: Նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում: Թվում է, թե վերջին երեք տարիներին մենք անցել ենք ամենածանր փորձությունների միջով, բայց ոչ, սիրելի՛ կուսակից ընկերներ, ինքներդ էլ հասկանում եք, որ դրանք անցյալում չեն մնացել. մեզ և մեր երկրին ու ժողովրդին պատուհասած փորձությունները չեն ավարտվել, և մենք, որպես քաղաքական ուժ, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու, առանց վհատվելու պայքարելու երկիրն ու մեր երեխաների ապագան կործանման տանող դավաճան ստահակների դեմ: Այստեղ նստած յուրաքանչյուրդ և այս դահլիճից դուրս գտնվող մեր հազարավոր հանրապետական ընկերները պետք է հարց տան իրենք իրենց և ազնվորեն պատասխանեն` պատրա՞ստ են զոհողությունների: Կուսակցությունում մնալու պայմանը պետք է լինի նրանց պատասխանը`
– Այո՛, պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին.
– Այո՛, պատրաստ ենք աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում.
– Այո՛, պատրաստ ենք մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից.
-Այո՛, պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին:

Մեր հերթական համագումարը այս անգամ, ի տարբերություն նախորդների, անցկացնում ենք այլ կարգավիճակում` լինելով ընդդիմություն: Ըստ այդմ` հաշվետվություններն էլ զգալիորեն տարբերվելու են մեր նախորդ հերթական համագումարների հաշվետու զեկույցներից, որտեղ ներկայացնում էինք տարբեր ուղղություններով պետական քաղաքականության մեր առաջնահերթություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

Մեկ բան է իշխանական կուսակցության անդամ լինելը, բացարձակապես այլ բան է ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելը: Ընդ որում` սա միայն Հանրապետական կուսակցությանը չի վերաբերում և միայն ներհայաստանյան երևույթ չէ: Այս տրանսֆորմացիայի կամ յուրահատուկ փորձության միջով դուք, ինչպես նաև մեր հազարավոր կուսակցական ընկերները, անցել եք: Ոմանք չեն դիմացել փորձությանը, իսկ այն, իրոք, ծանր փորձություն էր ոչ մի սրբություն չունեցող պոպուլիստ իշխանությունների կատաղի հարձակումների, ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքին ու երեխաներին թիրախավորելու պայմաններում: Ոչ բոլորն էին պատրաստ դիմանալու, դիմակայելու և պայքարի ոգին պահելու, իսկ ոմանք պարզապես պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում և այդպիսի մի պահի էլ ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը` սեփական շահն ու հարմարավետությունը վեր դասելով ամեն ինչից: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը ևս զերծ չէր այդպիսիներից իր շարքերում:

Սա մի գործընթաց էր, որ պետք էր անցնել և բյուրեղանալ: Խոսքս մարդկային այս տեսակին չի վերաբերելու, քանի որ սրանք մարդկության ողջ պատմության մեջ եղել են և շարունակելու են լինել՝ այնպես, ինչպես արգահատելի բազմաթիվ այլ երևույթներ, որոնց դեմ պետք է անդադար պայքարել:
Անցած հինգ տարիներին չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց մի մասին մենք տարբեր առիթներով մինչ այժմ անդրադարձել ենք: Իրավիճակով պայմանավորված՝ եղել են նաև կուսակցության մի քանի տասնյակ հայտարարություններ ու գնահատականներ: Այդուհանդերձ, հերթական համագումարը հնարավորություն է՝ ամփոփելու անցած ճանապարհը, առավել հանգամանորեն անդրադառնալու և պատասխանելու ձեզնից շատերին և մեր հասարակության մի ստվար հատվածին հետաքրքրող հարցերին. ի վերջո, ի՞նչ է կատարվել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պոպուլիստների իշխանազավթումը, ի՞նչ է կատարվում հիմա մեր պետության ներսում, ի՞նչ լրջագույն մարտահրվերների ենք առնչվում, և ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կան Հայաստանի ու Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից, աշխարհաքաղաքական ինչպիսի՞ միջավայրում, ի՞նչ շահերի բախման կիզակետում ենք գտնվում, ի՞նչ է պետք անել համահայկական նպատակների շուրջ մշտապես միասնական աշխարհասփյուռ մեր ժողովրդի հզոր ներուժի ջլատումն ու համազգային պառակտումը կասեցնելու, դեպի անդունդը տանող թափանիվը հետ շրջելու համար:

Ինչպես տեսնում եք, ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ և նույնը ակնկալում եմ ձեզնից:

Ասել, որ հաշվետու ժամանակահատվածը մեր ժողովրդի և կուսակցության պատմության ամենածանր ու դժվարին տարիներն էին, նշանակում է գրեթե ոչինչ չասել:

Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել մեր կուսակցության բոլոր նվիրյալ անդամներին և հավատարիմ աջակիցներին, որոնց շնորհիվ Հանրապետականը ոչ միայն իշխող վարչակարգի անթիվ ապօրինությունների, այդ թվում` ուժային կառույցներն ու իրավապահ համակարգը անձնական նեղ շահերին ծառայեցնելու պայմաններում ծանր պայքարից հետո մնաց Հայաստանի քաղաքական կյանքում, այլև այսօր հանդիսանում է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, անվտանգության ու պաշտպանության համար պայքարի առաջամարտիկներից մեկը: Մեզնից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականը և նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ «թավշյա» կոչված «հեղափոխության» իրական դրդապատճառներն ու ինչպես ասում են` ծառը իր պտղից ճանաչեցին:

Այս հինգ տարիների ընթացքում մենք ականատեսը եղանք անասելի վայրիվերումների` տեսանք ինչպես միջազգային ասպարեզում իր հստակ տեղն ու դերն ունեցող, հարգանքի արժանի, ազգային արժանապատվությամբ, հաղթած պետության անցնցում ընթացքը, այնպես էլ, ցավոք, արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում հաջողությամբ փորձարկված հայտնի տեխնոլոգիաներով երեքուկես տարի առաջ ժողովրդին մոլորեցրած պոպուլիստների պետականակործան քաղաքականությունը, ազգային արժեքների ոտնահարումը, պետության հիմնասյուների միտումնավոր խարխլումն ու թուլացումը, հասարակության պառակտումն ու այն աստիճանի բարոյալքումը, որ ազգակործան իշխանությունների կողմից բացված «օվերտոնի պատուհանից» գրեթե ամեն օր հանրության ականջին հասցվող հակապետական, ապազգային մտքերն այլևս համազգային միահամուռ ընդվզման ու դատապարտման չեն արժանանում, ինչպես դա պետք է լինի առողջ հասարակություն, ազգային արժանապատվություն և պայքարի ոգի ունեցող ազգի պարագայում: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը կոչվում է պարտվածի հոգեբանություն: Կապիտուլյանտ իշխանություններն իրենց բերած պարտությամբ հասարակության շրջանում այդ հոգեվիճակը միտումնավոր ավելի ու ավելի են խորացնում, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին, կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, վախեր հաղորդել, իջեցնել ազգի ինքնագնահատականը` անցյալի հաղթանակների նսեմացմամբ և թշնամու առաջ նվաստացումների խայտառակ տեսարաններով:

Իրադարձությունների այս շղթան ինչ-որ պահի դարձավ ազգի ինքնաոչնչացմանն ուղղված մի կասկադային հրեշավոր մեխանիզմ, որի ժամացույցը գործի էր դրվել 2018 թվականի ապրիլին, սակայն իրականում այն լարվել էր շատ ավելի վաղ և աստիճանաբար թունավորելով հասարակությանը՝ մոտեցրել գործարկման օրվան:

Այս երեքուկես տարիների ընթացքում ես առիթներ ունեցել եմ տարբեր ձևաչափերով` հարցազրույցների, մամուլի ասուլիսի, ճեպազրույցների, ելույթների, կուսակցական տարբեր միջոցառումների ու առանձին հանդիպումների ժամանակ անդրադառնալ վերոհիշյալ թեմաներին, ներկայացնել իմ մոտեցումները, և այսօր դրանցում տեղ գտած մի շարք կարևոր դիրքորոշումներ կվերահաստատեմ:

2018 թվականին ես հեռացա` խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների ու աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույնպիսի ոգևորությամբ հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին: Ես միայն ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, և երկրում խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն լիներ, որոնցից, ցավոք սրտի, անցած երեքուկես տարիներին ոչինչ չմնաց:

Թավշյա և ժողովրդական հեղափոխության» շղարշի ներքո քողարկվածի իրական նպատակներն այսօր արդեն շատերին տեսանելի են: Ես, ակնհայտորեն, խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ ուժ կիրառելով՝ սեփական երկրում արյուն թափելով, մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հետո «հեղափոխություն» կոչվածի սցենարիստները կամ իրական շահառուները ինչ վիճակի մեջ կդնեին Հայաստանը, ինչպիսի վերաբերմունքի կարժանացնեին` բնորոշելով նրա ղեկավարին բռնապետ, իսկ երկիրը իզգոյ և այլն, ու բողոքների նորանոր ալիքներով անկայունություն կհրահրեին, մինչև հասնեին իմ հրաժարականին: Նրանց ամենևին հետաքրքիր չէր, որ Հայաստանի ներքաղաքական անկայունությունը լրջորեն մեծացնում է արտաքին վտանգը, որ սահմանին միանգամից լարվածություն է առաջանում, և թշնամին օգտվում է հարմար առիթից: Նրանց համար միևնույն էր, գուցե և ցանկալի, ինձ համար՝ ոչ: Ես այդ ամենը հաշվի էի առել:

Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատկերացումների հետ. մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր: Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը:

Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար: Մի՞թե պարզ չէր, որ Արցախի հարցի անբարենպաստ լուծումը չափազանց թանկ է արժենալու Հայաստանի համար: Ես դրանում վստահ էի, մինչդեռ ինձ մեղադրեցին իշխանությունը հավերժ պահելու ցանկության մեջ և ամեն ինչ արեցին հեռացնելու համար:

Ինձ այսօր հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցի ցուցարարների նկատմամբ: Ասել եմ և կրկին կասեմ՝ հեշտ է հետահայաց մեծ-մեծ խոսելը, հեշտ է 2018-ին իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև տեսնելով հետևանքները, փոխել կարծիքը և համարել սխալ:

Վստահեցնում եմ ձեզ՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա աջակիցներ` տրոյական ձի, որպեսզի ներսից մեր ձեռքով մեր տունը քանդի: Ցավոք, այդպիսիք կային, և մանիպուլացված հասարակությունը հետևեց նրանց: Անգամ այսօր, թեկուզ ուշացած, այսքան աղետ ու ավեր տեսնելուց հետո էլ մեր հասարակությունը կարող է իր ընդվզմամբ, համախմբվածությամբ խափանել աշխարհաքաղաքական այլ շահեր ու նպատակներ ունեցող ուժերի սցենարը, համազգային շահերի պաշտպանության հարցում ցույց տալ իր միակամությունն ու ուժը: Պետք է գիտակցել, որ ամեն ուշացած քայլ, ամեն հաջորդ օր ավելի է մոտեցնում վերահաս նոր վտանգը:

Իշխանազավթումից ամիսներ հետո էլ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, մենք այս ահազանգը հնչեցնում էինք: Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում էր, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին` սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը, քանի ուշ չէ: Հիշո՞ւմ եք, 2018-ի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մեր կարգախոսն էր. «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին»: Ցավոք, հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «սեփական հայրենիքում չկան մարգարեներ»: Վերջին ընտրությունների արդյունքները ևս փաստեցին, որ հասարակությունը դեռևս խորությամբ չի գիտակցում իր հետ տեղի ունեցածը:

Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի, ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից:

Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ:

Ես հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար:

Այժմ՝ մեր կուսակցության մասին:

Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ: Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում:

Եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով ինձ տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով:

Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ, շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը:

Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ:

Կուսակցական հետագա գործունեության համար ես առաջնահերթ եմ դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել եմ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած մեր վերջին հավաքի ընթացքում:

Հակիրճ թվարկեմ՝

1) կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում և ամրապնդում,
2) տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
3) անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
4) կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
5) կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
6) ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:

Մեզ համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների և կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները:

Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն` մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին:
Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը և որպեսզի հստակ հասկանան՝ Հանրապետական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից:
Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն:
Հավանաբար նկատել եք, որ Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին: Ինչպես տեսնում եք, նրանցից երկուսը ինձ հետ միասին մեր համագումարի վարողներն են, տասնյակ ակտիվ, նվիրյալ երիտասարդներ այստեղ դահլիճում են, հազարավորները՝ այս դահլիճից դուրս:

Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։ 2018 թվականից հետո մեր կուսակցության անդամության դիմում լրացրածների 50 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ ու աղջիկներ են։ Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը նրանք կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Կարող ենք վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։

Եթե հիշում եք, մեր երիտասարդները անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների կիզակետում էին։

Սիրելի՛ երիտասարդ կուսակից ընկերներ, ես ձեզ խոստանում եմ, որ ցրտաշունչ ձմռանը վրանում անցկացրած ոչ մի գիշեր, հողատու իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկված ձեր խաղաղ անհնազանդության ոչ մի ակցիա զուր չի անցել։ Մեր ծանր, բայց պատվաբեր պայքարի առաջնագծում լինելու համար ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև տարիներ անց մեր երկրի նորագույն պատմության էջերը կարդացող գալիք սերունդները ձեզ շնորհակալ կլինեն։

Մեր կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը և կուսակցական մի շարք ընկերներ իրենց երիտասարդ տարիների զգալի հատվածը նվիրել են ազգային ազատագրական պայքարին և պետականաշինության գործին։ Հանրապետական լինելը ծանր պատասխանատվություն է, որը ենթադրում է անձնազոհություն և աշխատասիրություն։ Դուք պարզապես պարտավոր եք անձնական օրինակով դառնալ ազգային պահպանողական արժեքների տարածողը ձեր շրջապատում։ Պահպանողականությունը հնի պաշտամունք չէ, պահպանողականությունը հետադիմություն չէ, ինչպես շարունակաբար քարոզչական հնարքներով փորձում են համոզել ձեզ՝ նպատակ ունենալով մեր ժողովրդին կտրել սեփական արմատներից: Ու նաև հիշեք՝ այն կուսակցությունը, որի շարքերում մեծ թիվ են կազմում նվիրված ու աշխատասեր երիտասարդները, դատապարտված է հաջողության։

Երիտասարդության նկատմամբ մեր կուսակցության վերաբերմունքը արտացոլված է նաև առաջարկվող կանոնադրական փոփոխություններով, որը հույս ունեմ` կարժանանա ձեր հավանությանը: Մենք առաջարկում ենք ստեղծել կուսակցական նոր մարմին՝ ուսանողական կազմակերպություն։ Իմ գործընկերները կանոնադրական փոփոխությունները ներկայացնելիս այս հարցին ևս կանդրադառնան: Ես միայն կընդգծեմ, որ ուսանողությունը միշտ եղել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, և վստահ եմ, որ այդ կառույցն իր շուրջը կհամախմբի ազգային-պահպանողական արժեքներ դավանող մեծ թվով նվիրյալ ուսանողների։

Նախորդ երկու համագումարների ժամանակ իմ և մեր մյուս գործընկերների ելույթներում կարևորել էինք մեր կուսակցության քաղաքական դպրոցի ստեղծումն ու զարգացումը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի 700-ից ավելի ունկնդիր և շրջանավարտ (այս պահին՝ 100 ունկնդիր և 600-ից ավելի շրջանավարտ)։

Այս տարիներին մենք լուրջ ուշադրություն ենք դարձրել ոչ միայն մեր կուսակցության շարքերում, այլև հանրապետությունում քաղաքականապես գրագետ, բանիմաց և մրցունակ կադրերի պատրաստման, որակավորման շարունակական բարձրացման հարցերին: «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը դրան մեծապես նպաստել է` դառնալով որակյալ ոչ ֆորմալ կրթության կայացած ու ճանաչված հաստատություն։ Մեր դպրոցի շրջանավարտները, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, նաև անկուսակցականներ, ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ պետական ծառայողներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլն։

Մենք շարունակելու ենք զարգացնել քաղաքական դպրոցը, որի աշխատանքը պետք է արտացոլվի հասարակության մեջ: Մենք հավատում ենք, որ Հանրապետականի հետագա հաջողությունների գրավականը պահանջկոտ և քաղաքականապես կրթված ընտրողն է։

Ինչպես գիտեք, ես բանախոսությամբ եմ հանդես եկել դպրոցի բոլոր հոսքերում։ Պետք է հերթական անգամ փաստեմ, որ մենք ունենք հոյակապ երիտասարդություն։

Հարգելի՛ գործընկերներ,

Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Արցախյան երրորդ պատերազմին, դրա հանգամանքներին և հետևանքներին:

2020 թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդն առերեսվեց մի աղետի, որ սանձազերծել էր Ադրբեջանը՝ թիկունքում ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:

Մեկ տարի առաջ մեր գլխավերևում անօդաչու սարքեր էին պտտվում՝ ոչ թե հարսանիք կամ փառատոն նկարահանելու, այլ մարդկային կյանքեր խլելու համար: Մեր երեխաներն ու թոռները մտածում էին ոչ թե բուհ ընդունվելու կամ սիրահարվելու, այլ նաև արգելված զինատեսակների կիրառմամբ այդ մսաղացում ողջ մնալու և Հայրենիքը պաշտպանելու մասին:

Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել մենք այս անհայրենիք ապիկարներին:

Կրկնում եմ այն, ինչ բազմիցս հայտարարել եմ. ես մշտապես կողմնակից եմ եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես տասը տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ ի՞նչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար

Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը Ապրիլյան պատերազմում և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ պատրաստ էր ստիպել թշնամուն` մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ: Սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին: Այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող եմ ուղիղ պատասխանել մեր ժողովրդին հուզող ևս երեք հարցերի.

– Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը:

– Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել:

-Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից:

– Այո, այսպիսի ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել:

-Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները:

-Այո, հնարավոր էր: Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք:

Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե՝ դեռ պետք է պարզենք այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:

Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կա՞ր արդյոք դավաճանություն:

Այո, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ և հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի:

Հավերժ փա՛ռք մեր զոհված բոլոր նահատակներին, փա՛ռք նրանց սխրանքներին, խոնարհո՛ւմ նրանց վառ հիշատակին:

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը:

Հայ ժողովուրդը հարցեր ունի ոչ միայն երկրի ներսում՝ թե ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս բերեց այս պատերազմը, այլև հարցեր ունի երկրից դուրս՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքակիրթ աշխարհը 21-րդ դարում հանդուրժեց, այդպիսով անուղղակի խրախուսեց ադրբեջանաթուրքական գործակցությամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները ագրեսիայի զոհ դարձած Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ: Այդ ամենը վկայող հազարավոր անհերքելի ապացույցներ ու փաստեր են հրապարակվել:

Նոր պատերազմները հնարավոր է և պետք է կանխել, բայց դրա համար նախևառաջ հարկ է բաց աչքերով և ուղիղ նայել իրականությանը, խոսել ազնվորեն և արդար լինել անհերքելի փաստերի հետ առնչվելիս, իսկ որ ամենակարևորն է` խոսելուց զատ գործել, գործել անհապաղ, քանի որ դրանից են կախված հազարավոր մարդկային կյանքեր:

Հարավային Կովկասում հայ ժողովուրդը ուզում է հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում, որոնց հիմքում ոչ թե ռազմական ճանապարհով խնդիրը լուծված համարողների և հայերի գետտոյացում տենչացողների պատկերացումներն են, այլ միջազգային իրավունքի առկա նորմերը, իրական փոխզիջումները և արժանապատվությունը:

Այսօր էլ` 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չափազանց մտահոգիչ է Սյունիքի և ոչ միայն Սյունիքի շուրջ ստեղծված իրադրությունը, դատապարտելի են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը: Իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ և անպատիվ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում իրենց իսկ կողմից ստեղծված խոր ճգնաժամի և վերջին պատերազմի կործանարար արդյունքների հետևանքով։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ պետական պաշտոնյայի խոսքը, հատկապես՝ բարձր պաշտոն զբաղեցնողների, լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:

Բազմաթիվ են դեպքերը, երբ սրանց անհեռատես մտքերը, սեփական ճակատագրական սխալները կոծկելու անհեթեթ պնդումներն այնուհետև օգտագործվում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ:

Այս իրավիճակում, երբ մեր հասարակությունը չի կարողանում հաղթահարել հետպատերազմյան շոկը, վախերը, ընկճախտային տրամադրությունները և դառնում է հարմարվող, պասիվ դիտորդի դեր ստանձնում, քաղաքական ուժերն ու առաջնորդները, ինչպես նաև նրանց աջակիցները, հայրենանվեր երիտասարդները պետք է երկրում փոխեն նման տրամադրությունները, հասարակությանը դուրս բերեն այս վտանգավոր թմբիրից:

Մարդկանց հույզերի, սպասումների, ոգևորության ալիքի վրա իշխանության եկած անհայրենիք պոպուլիստները շատ արագ մոռացան բոլոր խոստումները և ամենազազրելի մեթոդներով, հակասահմանադրական քայլերով ասպատակում են մեր պետությունը:

Ինչպես հայտնի է և մարդկության պատմության մեջ բազմիցս ապացուցված` պոպուլիզմից բռնապետություն մեկ քայլ է:

Երկիրը կառավարելու անընդունակ, անգրագետ, մեծամիտ պոպուլիստները սեփական ձախողումները արդարացնելու նպատակով մարդկանց շարունակաբար ստերով կերակրելու վաղուց հայտնի ձևն են օգտագործում` հրապարակ նետելով «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեզը, որպեսզի ժամանակ շահեն դեպի ավտորիտար ռեժիմ տանող ճանապարհին իրենց դիրքերն ավելի ու ավելի ամրապնդելու, պատասխանատվությունից խուսափելու համար: Նրանց արդեն բավարար չեն զավթած գործադիր և օրենսդիր իշխանությունները. տևական ժամանակ հարձակում են իրականացնում դատական իշխանության և մամուլի դեմ: Ժողովրդի անունը անընդհատ շահարկելով՝ իբր ժողովրդին ծառայող ու հաշվետու իշխանությունները կարճ ժամանակ հետո սկսեցին նույն ժողովրդի թիկունքում թաքուն որոշումներ կայացնել, գաղտնի բանակցություններ վարել և ցինիկաբար հայտարարել, թե` «լավ ենք անում»:

Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում` համագործակցության պայմաններում, ինչպես նաև միջազգային և տեղական համապատասխան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների աչքի առջև, որոնք հանդուրժում են սրանց ակնհայտ հակաժողովրդավարական, հակաօրինական որոշումներն ու գործողությունները, երբ տարիներ առաջ լուն ուղտ կսարքեին, միջազգային հարթակներում աղմուկ կբարձրացնեին, զեկույցներ կգրեին, հարցազրույցներ կտային: Պատահականությո՞ւն է սա: Արդյո՞ք այդպիսով մինչև այժմ անուղղակի չէին խրախուսում և չեն խրախուսում այս ամենը, և ի՞նչ գին ունի սրանց այդ լռությունը: Իրենց համար՝ չգիտեմ, բայց մեր պետության ու ժողովրդի համար անասելի մեծ գին արժեցավ` ընդհուպ մինչև մեր հայրենիքի մի հատվածի կորուստը և հազարավոր երիտասարդների կյանքեր, Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հասցված մեծ հարված:

Արդյունքում ստացվեց, որ այսպես կոչված չտվողը տվեց ամեն ինչ ու մինչև հիմա տալիս է: Իր համար տալը հեշտ է, քանզի վերցնելու համար իր և իր ընկերների արյունը թափված չէ, քանզի իր հոգու մեջ Հայրենիքը գերագույն արժեք չէ, քանզի իր աթոռը, բարեկեցությունը, հիվանդագին ամբիցիաները, նյութական շահերը վեր են դասվում հայրական տնից, պապերի գերեզմաններից, զավակների դպրոցից և Աստծու տաճարներից:

Իր համար հեշտ է, իսկ քե՞զ համար, հա´յ ժողովուրդ, հե՞շտ է հետևել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով քեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի, թե ինչպես է երեխաներիդ դպրոցի ճանապարհը անցնում ադրբեջանական զինվորների հայացքների ու ավտոմատների ներքո, թե ինչպես է որդիներիդ թափած արյունը ջուր դառնում, իսկ ավելի ճիշտ՝ նավթ ու բենզին, թե ինչպես են հինավուրց մի ժողովրդից փորձում կերտել մանկուրտների հանրույթ:

Եվ այս ամենից հետո խաղաղասեր է ձևանում մեկը, ով խաղաղության համար կռիվ չի տվել, չգիտի դրա գինը: Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին: Թշնամին սուրը դրել է մեր վզին, հաղթանակից արբած՝ հիմա էլ ամբողջ Հայաստանն է ուզում, իսկ սրանք ծնկաչոք խաղաղություն են մուրում մեր զավակների դահիճներից, որ այս պահին էլ իրենց բանտերում խոշտանգում ու սպանում են հայ գերիներին` թքած ունենալով միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության բոլոր նորմերի վրա:

Մենք հայտարարում ենք.

– Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:

– Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս:

Հանրապետականը, ինչպես իր գործունեության ամբողջ ընթացքում, երբ երկիրը վտանգի մեջ էր, առաջին շարքերում էր և այսօր էլ նույն տեղում է` դառնալով ներքին ու արտաքին թշնամու հիմնական թիրախը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական նոր և ակտիվ վերափոխումների ժամանակաշրջանում, որտեղ մեր աչքի առաջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ինչպես գերտերությունների, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների միջև առկա ուժային հավասարակշռության փոփոխման, ազդեցության նոր գոտիների ձևավորման ուղղությամբ։ Նման մասշտաբային փոփոխությունները անխուսափելիորեն հանգեցնում են նոր ճգնաժամերի և մեծացնում անկանխատեսելի զարգացումների ռիսկը:

Աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները, լարվածության ավանդական օջախներին ավելանում են նորերը, և այս ամենը ոչ մի լավատեսություն չի ներշնչում։
Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում մեր խնդիրները աշխարհին ավելի հետաքրքիր չեն, քան սեփական հոգսերը։ Մենք չենք կարող քայլել համաշխարհային գործընթացների տրամաբանությանը հակառակ և պահանջել, որ աշխարհն ու միջազգային հանրությունը մեր փոխարեն լուծեն մեր խնդիրները։ Այս պարզ ճշմարտության գիտակցումը պետք է ընկած լինի ցանկացած ողջամիտ իշխանության քաղաքականության հիմքում, քանի որ դրա անտեսումը պատմականորեն ողբերգական հետևանքներ է ունեցել պետությունների համար։

Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհում այսպիսի մասշտաբային փոփոխություններ տեղի են ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 100 տարի առաջ, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, մենք կարողացանք վերականգնել Հայոց պետականությունը, միաժամանակ` հենց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները ճիշտ չընկալելու, սեփական ուժերը ճիշտ չգնահատելու, անփորձության, պառակտվածության արդյունքում կարճ ժամանակ անց կանգնեցինք մեծ կորուստների փաստի առջև։ Սեփական սխալներից դասեր չքաղելը հղի է նոր աղետների կրկնություններով:

Գլոբալ փոփոխությունների վտանգավոր ժամանակահատվածում, մեծ հաշվով, կարողանում են ճիշտ դիրքավորվել այն երկրները, որոնց հաջողվում է գրագետ քայլերով, ճկուն դիվանագիտությամբ պահպանել հավասարակշռությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. ոչ թե փորձել աշխարհին քայլեցնել քո կամայական ու հաճախ չհիմնավորված ցանկությունների ուղղությամբ, այլ քայլել համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին զուգահեռ։ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից սկսած՝ մեր քայլերը հենց այդպիսին են եղել, որոնց վրա ընթացիկ առանձին խնդիրները մեծ ազդեցություն չեն ունեցել: Արդյունքում` մենք ունեինք կայուն և զարգացող երկու հայկական պետություն, մեզ հարգում էին որպես հաղթանակած ազգ, որպես ընկալելի և կանխատեսելի գործընկեր։

Ցավոք, վերջին տարիներին մեր երկիրը շեղվել է այս պարզ տրամաբանությունից և շարժվում է անհասկանալի ու խիստ վտանգավոր ճանապարհով։ Գործող վարչակարգի անհեռատես ու արկածախնդիր քայլերի հետևանքով Հայաստանը կորցրել է երբեմնի հեղինակությունը, դիրքավորվել որպես աշխարհի համար լրացուցիչ խնդիր դարձած երկիր և ակնկալում է, որ իրեն աջակցեն։ Ընդ որում, այդ ակնկալիքը արտահայտվում է մե՛րթ անհասկանալի ամբիցիաներով ու հռետորաբանությամբ, մե՛րթ նվաստացուցիչ խեղճուկրակ զիջողականությամբ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը, առհասարակ, կասկածի տակ է դնում մեր պետության և ժողովրդի կենսունակությունը։

Անհրաժեշտ է գիտակցել, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել:

Վերը թվարկածիս գումարվել է մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի համավարակը, որը ոչ միայն առողջապահական, այլև անվտանգային լրջագույն խնդիր է դարձել բոլոր երկրների և առաջին հերթին ճգնաժամային իրավիճակներում գործելու անկարողունակ և անպատասխանատու իշխանություններ ունեցող երկրների համար։ Այդպիսիներից մեկն էլ Հայաստանի ներկայիս իշխանությունն է, որը համավարակի հենց սկզբնական շրջանում այնպիսի անլուրջ և անպատասխանատու մոտեցում ու գործելակերպ որդեգրեց, որ մարդիկ սկզբից ևեթ ամբողջ լրջությամբ չընկալեցին վերահաս վտանգը և անգրագետ ղեկավարի անպատասխանատու վարքագիծը, անհեթեթ որոշումները, ուշացած արդարացումներն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակում ձեռնարկած քայլերը ոչ միայն ցանկալի արդյունք չապահովեցին, այլև Հայաստանը հայտնվեց համավարակից ամենաշատը տուժած երկրների ցանկում:

Աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից մեզ պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մի առիթով ես ասել եմ, որ այդ ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին: Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը: Քաղաքական դաշտում գործընթացների զարգացումը տարավ նրան, որ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ ձևավորելով «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը: Ընտրությունների արդյունքները որքան էլ մեզ համար կանխատեսելի էին, քանի որ իրավիճակը մենք լավ էինք պատկերացնում, այնուամենայնիվ, ցավալի էր տեսնել, որ ժողովրդի մի զգալի հատվածին կրկին մոլորեցրին ստի, վախի, բռնաճնշումների և տարբեր մանիպուլյացիաների միջոցով, այնինչ կապիտուլյանտ իշխանություններն առհասարակ պետք է դուրս շպրտվեին քաղաքական դաշտից և իրենց բերած աղետի ու ավերի համար կրեին խստագույն պատասխանատվություն:
Ի հեճուկս հանրապետականներին քաղաքական լուսանցքում տեսնել տենչացողների՝ մեր կուսակցությունը 2 տարի անց կրկին վերադարձավ խորհրդարան: Եվ սա՝ մեր դեմ իշխանական լծակների լայնորեն կիրառման, մեր գրասենյակներ անհիմն ներխուժման, բռնության հրահրման, սպառնալիքների ու ատելության մթնոլորտի պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում:

Այս իրավիճակում, չնայած խմբակցության փոքրաթիվ լինելուն, գործընկերների հետ շարունակում ենք պայքարը կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելու ուղղությամբ` ի լրումն խորհրդարանից դուրս տարվող մեր աշխատանքի: Ապազգային մեծամասնությամբ այս խորհրդարանում մեր պատգամավորների աշխատանքի արդյունավետության մասին տեսակետները տարբեր են: Մենք ականջալուր ենք մեր ընտրողների տեսակետներին, հաճախ տեղին քննադատություններին, խմբակցության պատգամավորների առջև դրվող պահանջներին և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք` այդ մանդատներից մեր պատգամավորները կառչած չեն, անհրաժեշտ պահին պատրաստ են վայր դնելու և իրենց գործընկերների հետ պայքարը շարունակելու խորհրդարանից դուրս:

«Ի՞նչ է լինելու այս ամենից հետո, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, ի՞նչ է պետք է անել դրա համար»՝ այս օրերին ամենաշատը տրվող հարցերն են:

Առաջին` չհամակերպվել այս իրավիճակի հետ և չշարունակել այն մտայնությամբ ապրել, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Թոթափել պարտվածի հոգեբանությունը, նախևառաջ` արիանալ հոգով, վերագտնել հավատը մեր ուժերի և մեր հայրենիքի ապագայի նկատմամբ:

Երկրորդ` ամեն օր լրացնել սեփական գիտելիքների պաշարը՝ շարունակական կրթությունը դարձնելով կենսագործունեության մաս: Ձգտումը՝ դառնալու ավելի լավը, խելացին և ուժեղը, կարևոր նախապայման է հայրենիքին պիտանի լինելու և արժանվույնս ծառայելու համար:

Երրորդ` իրականությանը նայել բաց աչքերով, նայել ուղիղ և կատարվածը վերլուծել հստակ փաստերով, ոչ թե` մանիպուլյացիոն հայտարարությունների ազդեցության ներքո: Վերլուծությունից ճիշտ հետևություններ անել, որը շատ կարևոր է նույն սխալը, ցավոք, ճակատագրական սխալը, չկրկնելու համար: Չապրել պատրանքներով, թե մեր փոխարեն ինչ-որ մեկը մեր խնդիրը լուծելու է:

Չորրորդ՝ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով, կրկնում եմ` բոլոր հնարավորություններով, գործել ազգադավ ուժերի դեմ: Միաժամանակ աշխատել երիտասարդության հետ, կրթել ազգային ոգով` քաջ գիտակցելով, որ մեր պայքարի համար պիտանի չեն նույնիսկ աշխարհի լավագույն բուհերում կրթված այն երիտասարդները, որոնք Հայրենիք չունեն իրենց հոգում և մտքի մեջ, չունեն ազգային արժանապատվություն:

Մենք պարտավոր ենք վերստին դառնալ կենսունակ ազգ: Ճանապարհը, որ ես առաջարկում եմ այդ նպատակին հասնելու համար, անցել են հզոր պետություն կերտած մի շարք ժողովուրդներ: Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում:

Նշածս նպատակին հասնելու համար ոչ մի դեպքում ճանապարհ չի կարելի ընկնել ծուլության, մեծամտության, հուսահատության, սնափառության հետ: Սրանք կործանարար են:

Անհրաժեշտ է, որ բոլորս մեր հետագա գործողություններում հստակ ամրագրենք՝

– զրո հուսահատություն, քանզի ստեղծված իրավիճակում հուսահատությունը մեղք է ոչ միայն Աստծու, այլև Հայրենիքի հանդեպ,

– զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու,

– զրո ամբիցիա, քանզի հանուն Հայրենիքի բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել անձնական հավակնությունները, համակրանքներն ու հակակրանքները։

Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ: Մենք, առհասարակ, անպատվություն չհանդուրժող ժողովուրդ ենք: Եվ այսօր ես և իմ զինակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը այստեղ ենք՝ ասելու, որ մենք քո կողքին ենք, քո զավակն ենք, քո զինվորն ենք, քո դիվանագետն ենք, քո արժանապատվության վերականգնման համար ամեն ինչի պատրաստ ենք:

Աստված պահապան մեր ազգին, մեզ զորավիգ՝ հայրենանվեր մեր ձեռնարկումներն իրականացնելու ճանապարհին:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ