Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն բոլորիս․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն բոլորիս
Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակված է այսօր ժամը՝ 14:00-ին:Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, եւս երեք ամսով ազատազրկված են, Նարեկի առողջական վիճակը պարտադրում է բժշկական պատշաճ միջամտություն, Սրբազան Հայրերը դեռ դատվում են, 44 օրյա պատերազմի զոհերի ծնողներից դեռ գտնվում են դատական գործընթացի եւ անազատության մեջ, դեռեւս ազատազրկված են, Սամվել Կարապետյանը տնային կալանքի է, Բաքվի բանտում դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են եւ պարզ քաղաքացի հայեր,դեռ շարունակվում է գրոհը Հայ Առաքելական եկեղեցու, թեմական եկեղեցիների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրան աջակցություն հայտնած հոգեւորականների եւ քաղաքացիների նկատմամբ։ Թոշակը չի հերիքում, սովորական հաց ու սոխի, ձեթի, կարագի, հացի եւ այլնի գները թռիչքաձեւ աճում են, իշխողների պարգեւավճար-աշխատավարձերը՝ աստղաբաշխական տեմպերով, հոգեհանգիստների գնալը դարձել է սովորական արարողություն։ Թուրքիայից հնչում են փաղաքշական եւ սատարումի խոսքեր ՀՀ այսօրվա կառավարչի հասցեին, ադրբեջանը զինվում է եւ շարունակում է խոսել արեւմտյան ադրբեջանի մասին, պնդելով, թե դա հենց Հայաստանն է։ Իրանում օղակը սեղմված եւ ավելի ու ավելի պայթյունավտանգ է։ ՌԴ-Ուկրաինա պատերազմը շուտով կդառնա ավելի հին, քան երկրորդ համաշխարայինն էր ու Հայրենական Մեծ պատերազմը։ Այս քրոնիկոնը կարող ենք դեռ շարունակել ու թվարկել մեր երկրի եւ աշխարհի գերխուճուճ ու վտանգավոր դրվագները։
Իսկ մարդիկ, որ դեռ չեն մեռել, հավեսով իրար են հոշոտում սոցցանցերում, կամ՝ ինքնացուցադրվում են, բայց մեկ բան հստակ է՝ բոլորն էլ ի վերջո հուզառատ արձանագրում են, որ էլի ձյուն է գալիս։
Խորը քաղաքական մարդիկ սպասում են չգիտես ում կամ ինչի, իսկ քաղաքական ընդդիմադիր ուժերը կամ նախընտրական ռոլիկների դարդուցավով են տառապում, կամ՝ մտածում են՝ «ընել թե չընել» ։
Հենց այսպես էլ ապրում ենք՝ երազախաբ լինելով։
Հ․Գ, բայց ձյունը՝ իրոք լավն է, ճերմակ, սառը, հուսամ՝ սթափեցնող․․․Բարի շաբաթ եւ բարի օր բոլորիս։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն մեր երկրին» ։











































