Դավիթ Համբարձումյանը բանտից տուն կգնա. Դատարանը փոխեց նրա խափանման միջոցը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, և դատավորներ Սևակ Համբարձումյանի և Մակար Կիրակոսյանի մասնակցությամբ, քննվում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում Մոսկվայից ժամանած ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես կալանավորվեց: Մինչ այդ նրա նկատմամբ Առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը մեղադրական ակտ էր կայացրել 2018թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթով, իբր 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանի պաշտպանները պնդում են՝ Ժորա Չիչոյանի մաքսիմալ ծանր դատական ակտը կայացվելէ մի նպատակով՝ համայնքապետին մեկուսացնելու համար, քանի որ մի քանի ամիս պակաս պատժաչափի պարագայում վերջինիս վերաբերյալ կալանք չէր կարող կիրառվել:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր , քանի որ դատախազ Հայկ Ավետյանը նոր էր ներգրավվել վարույթին և չէր հասցրել ծանոթանալ գործին։ Մեղադրողն այսօր ասաց՝ ծանոթացել է գործին։
Նիստին ներկայացել էին բոլոր մեղադրյալները։ Երբ Դավիթ Համբարձումյանը նշում էր իր պաշտպանների անունները, դահլիճում ներկա քաղաքացիներին արձագանքեցին` և մենք։ Դատավորը նկատողություն արեց։ Ավելի ուշ դատավոր Հարություն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Արարատի մարզում պաշտոնավարման տարիներին երկու անգամ գործի բերումով հեռախոսազրույց է ունեցել Համբարձումյանի հետ, ինչը նրան սակայն չի խոչընդոտի համակողմանի արդարադատություն իրականացնել:Նիստը նախագահող Հարություն Պետրոսյանը ընթերցեց Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը, որով պաշտպանական կողմը պահանջում է հռչակել Դավիթ Համբարձումյանի անմեղությունն ու անհապաղ ազատ արձակել կալանքից:
Պաշտպան Գայանե Պապոյանն իր խոսքում ներկայացրեց իրենց դիրքորոշումը վերաքննիչ բողոքի վերաբերյալ:
Այնուհետ դատավոր Հարություն Պետրոսյանը Դավիթ Համբարձումյանին հարցրեց՝ ինչո՞ւ ներկա չի եղել իր վերաբերյալ դատավճռի հրապարակման նիստին: Վերջինս պատասխանեց՝ դատարանն ասել է՝ իր ներկայությունը պարտադիր չէ:
Հաջորդիվ դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Ավետյանը, ով խնդիր տեսավ այն հանգամանքի հետ, որ յուրաքանչյուր անգամ, երբ Դավիթ Համբարձումյանը մեկնել է երկրից, դրա մասին դատարանին տեղյակ չի պահել, թեպետ դրա պարտավորությունն ըստ էության չի ունեցել: Եվ նշեց՝ առարկում է Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
Դատավորի դիտարկմանը, թե Դավիթ Համբարձումյանը վերադարձել է, հետևաբար թաքնվելու ռիսկ չկա, վերջինս պատասխանեց՝ դա չի նշանակում, որ երկրի ներսում չի կարող թաքնվել:
Պաշտպանները հակադարձեցին՝ Դավիթ Համբարձումյանը ո՛չ պատժից, ո՛չ կալանքից չի վախենում. Դրա համար էլ վերադարձել է: Միջնորդությունը պնդեց նաև պաշտպան Վահե Ավետյանը, ինչից հետո հենց դատական նիստերի դահլիճում դատարանի կազմը անցավ խորհրդակցության, ապա հայտարարեց՝ հեռանում է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի կես ժամից:
Վերադառնալով՝ դատարանը որոշեց Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել տնային կալանք, գրավ ու բացակայելու արգելք:
Գոհար Սավզյան
168.am











































