30 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Մեր զինված ուժերի բարեփոխումներն արագացնելու փոխարեն խոսում են կադրային ջարդերի մասին. Սեյրան Օհանյան

3EC31F5C-702F-4748-A2C1-41BBEFACFE95

Aysor.am-ը գրում է.

«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ զորավարժությունները մի քանի նպատակ ունեն. առաջին նպատակը, եթե ազգային զորավարժություններ են, ազգային զինված ուժերի մարտունակության ու նաև պատրաստության բարձրացումն է, զորքերի մարտական կարողությունների ավելացումը։

«Իսկ երբ զորավարժություններն անցկացվում են արդեն մի քանի երկրների զինված ուժերի մասնակցությամբ, դա համատեղ կարողությունների ավելացումն է, ընդհանուր կառավարման ու փոխգործակցության մակարդակի բարձրացումն է, այս պարագայում, թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության շրջանակներում է անցկացվում, իսկ երբ ավելացվում է նաև Պակիստանի հետ զորքերի ընդգրկմամբ զորավարժություն, դա արդեն նպատակ ունի ամբողջությամբ իսլամական աշխարհի ներգրավումն ու նրանց պատրաստականությունը խնդիրներ կատարելու», – ասաց նա։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այս զորավարժությունները Հայաստանի համար վտանգ են ներկայացնում, քանի որ Պակիստանի հետ զորավարժություններին ընդգրկվում են հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք կարող են հատուկ գործողություններ իրականացնել։

«Իսկ պակիստանցիները, մոտ լինելով Հնդկաստանին, կարող են հնդիկների անվան տակ հատուկ խնդիրներ կատարել մեր տարածքում, սա լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համար՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատելու համար», – նշեց պաշտպանության նախկին նախարարը։

Թե ինչո՞ւ են զորավարժությունները հիմա անցկացվում, Սեյրան Օհանյանն ասաց, որ սա ուժի ցուցադրում է ու հոգեբանական ճնշման շարունակությունն է Հայաստանի նկատմամբ։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրն այսօր ծավալվելն, ընդհարձակվելն է նաև Հարավային Կովկասում, ինչը որոշակի սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, այնպես որ՝ եթե մեր վրա հոգեբանական ճնշում է, ապա Ռուսաստանի համար ուժի ցուցադրում է», – ասաց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ բոլոր ուղղություններով Հայաստանը պետք է աշխատանքներ տանի, քանի որ գոյություն ունեն ներքին ու արտաքին սպառնալիքներ։

«Այսօր մեր ԱԱԾ-ն ու Անվտանգության խորհուրդն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է կատարեն՝ բացահայտելու բոլոր այն սպառնալիքները, որոնց ուղղությամբ պլանավորում է հարկավոր իրականացնել, բայց մենք այս իրականության մեջ հակառակն ենք նկատում. փոխանակ մեր զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, ԱԱԾ-ի կոնկրետ հակահետախուզական խնդիրների ունակություններն ավելացնենք, խոսում են բանակի բարեփոխումների մասին ու ուշադրություն դարձնում ժամկետային ծառայության կրճատմանը, կամ խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է, թե այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ մի պայմանագիր քաղաքացու հետ չկա, դեռ ավելին, մեր միասնության գաղափարն այս վերջին պատերազմին ու պատերազմից հետո խարխլվել է, ամբողջությամբ ջարդվել է, դրան ավելացել է նաև պարտվողական քաղաքականությունը», – ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, համաձայն որոնց՝ մոտ ապագայում ականներ հայտնաբերող իսրայելական ԱԹՍ-ները կարող են մտնել Ադրբեջանի սպառազինության համակարգ և սրանով հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում ականներից մաքրել Արցախից գրավված տարածքները, պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե այդ տարածքների զգալի մասը մեր նախկին մարտական դիրքերն էին ու այնտեղ ականապայթյունային ու ոչ ականապայթյունային համակարգ էր ձևավորված մեր պաշտպանությունը կազմակերպելու ու, թե ինչպիսին էր այդ համակարգը, նույնիսկ ադրբեջանցիներն են ցույց տալիս ու զարմանում, թե ինչպիսի համակարգ ենք մենք կառուցել։

«Իրենք ձեռք են բերելու նման անօդաչու թռչող սարքեր, որպեսզի Հայաստանից ու Արցախից կախվածության աստիճանն իջեցնեն, հետագայում գերիներով մեր վրա ճնշումները շարունակեն, խաղաղության պայմանագրի, սահմանների ճշգրտման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներն առաջ տանելու համար, դրա դեմ մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու։ Երկու ուղղությամբ պետք է տարվի աշխատանքը՝ միջազգային հարթակում մենք ամեն օր պետք է բարձրացնենք այն թեզը, որը ռեալ իրականությունն է, որ այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը վարձկաններով, նաև իսլամական աշխարհի որոշ երկրների աջակցությամբ», – ասաց նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը ինչպես ապիկար կառավարում է իրականացնում, այդպես էլ ապիկար գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը՝ չհասկանալով, որ հակառակորդը, խաղաղություն ասելով, երբևիցե չի հաշտվելու այն գաղափարի հետ, որ Հայաստանը կամ Արցախը կարող են անկախ լինել։

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե բանակը պարտավոր է լինել մեր անվտանգության երաշխավորը։

«Բայց թե ինչպիսին է նրա մարտունակության մակարդակը, նախ՝ արցախյան վերջին պատերազմում որոշ չափով տեսանք, իսկ նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթից հետո, թե ինչպես են իրենք արձագանքել կամ հակազդել մեր սահմաններում սադրանքներին, խախտումներին, մենք նորից տեսնում ենք, որ նրանք ուշանում են, բայց ասում են՝ բարեփոխումներ են կատարում», – ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ նոր պատերազմի վտանգ կա՞, նա պատասխանեց՝ պետք է տեր լինել երկրին։

«Եթե, ասենք, պատերազմ եղավ, ի՞նչ է, պետք է ամբողջությամբ հանձնվե՞նք, ընդհակառակը, պետք է այսօր հետևողականորեն քայլեր կատարվեն ազգի համախմբման, հավաքական կամքի ձևավորման, մեր երկրի պաշտպանության ուղղությամբ։ Չեմ կարծում, թե այսօր տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող ուժերի առկայության պայմաններում կարող է պատերազմ սկսվել տարածաշրջանում, ես նկատի ունեմ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ, նկատի ունեմ ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ի տարածաշրջանային այն խմբավորումները, որոնց հիմքը ՌԴ հարավային օկրուգն է ու 102-րդ ռազմաբազան՝ Հայաստանի միացյալ զորախմբի հետ միասին», – ավելացրեց ՀՀ պաշպանության նախկին նախարարը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ