24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ողբամ դրանց հալին ես»։ Պետք չէ, որ Աղազարյանը 5 օր սպասի, ես պնդում եմ, որ դասալիքին տեղափոխել է թիկունք /տեսանյութ/

Չեմ հերքելու, այլ պնդելու եմ, որ Հովիկ Աղազարյանը դասալիքին իր մեքենայով տեղափոխել է թիկունք, պետք չէ, որ նա 5 օր սպասի, հենց վաղը թող գնա դատարան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որ եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հանդես չգա իր ասածների հրապարակային հերքմամբ, ինքը պատրաստվում է դիմել դատարան:

Խոսքը Տարոն Տոնոյանի՝ երկու շաբաթ առաջ հանրահավաքի ժամանակ հիշատակած փաստի մասին է, որ Հովիկ Աղազարյանը իր մեքենայով դասալիք զինվորին, որին հոսպիտալում ճանաչել էին որպես առողջ և պետք է գնար դիրքեր, ռազմական գոտուց տեղափոխել է։

«Պատրաստ եմ ցանկացած դատական ատյանում պաշտպանել իմ ասածը։ Ինքը չի հերքել, որ այդ զինվորին առանց փաստաթղթավորման ռազմական գոտուց տեղափոխել է խորը թիկունք»,-ասաց նա։

Տոնոյանը կարծում է, երկու շաբաթ առաջ իր այս ասածին այսքան ուշացումով անդրադառնալն այլ նպատակ ունի՝ Աղազարյանը փորձում է փրկել կաշին։

«Ասեմ՝ ինչն է պատճառը․ ուրբաթ օրը ես պատմել եմ մեր այդ զրույցի շարունակությունը, որը հանրահավաքի ժամանակ ես ուղղակի չհասցրի ասել, բայց կարևորը դա էր։ Իմ այն հարցին, թե միջազգային, դիվանագիտական ասպարեզում ի՞նչ կա, Աղազարյանն ասաց՝ բա չիմացա՞ր Պուտինին ոնց կզցրեցինք։ Ես ապշեցի, ասացի՝ ո՞նց, ասաց՝ մերոնք գնացել էին մոտը, ասել էին՝ եթե մենք Ղարաբաղը կորցնենք, դու էլ 100 տարի մեզ պետք չես։ Հիմա այս բառերիս համար էլ եմ ես պատասխանատու»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա վստահեցրեց, որ Աղազարյանի՝ դատարան դիմելու աճապարանքը այդ հիմնական խնդրից շեղելն է, ոչ թե Կարեն Այվազյանի հարցն է։

«Կարեն Այվազյանը այստեղ երկրորդական է, հարցն այն է, որ եղել է այդ զրույցը, իսկ այսօր իրենք ամբողջ թիմով Պուտինի համար մոմ են վառում և Ֆեյսբուքում վարչապետը արագ-արագ գրառումներ է անում, թե մեկ ժամվա ընթացքում քանի անգամ է խոսել, այդքան ողորմելի վիճակում են։ Եվ երբ Պուտինն ասում է՝ դավաճան չէ, դա առիթ է տալիս իրենց մկան ծակերից դուրս գալու»,-նշեց նա։

Ռազմական բժիշկը, որ պատերազմն անցկացրել է առաջնագծում, հավելեց՝ այս օրերին, երբ մնացել է ընդամենը մի քանի ժամ Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելու համար և Բերձորի ու Աղավնոյի բնակիչները չգիտեն՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ դուրս են գալու, իշխող թիմի անդամները դրանով զբաղվելու փոխարեն Տոնոյան Տարոնի ասածով են զբաղվում․ «Ողբամ դրանց հալին ես»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ