26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք, ա՜յ հուդայածին կերպարանքներ, երբե՛ք չեք հասնի ձեր տռփանքին: Մենք ի զորու էինք հաղթելու, ի զորու էինք մեր ազատագրած հող Հայրենին պաշտպանելու

Այս նոր պատերազմի ողջ ընթացքում հաղթանակ ենք երգել և աղոթել Արարչին. խնդրել ենք հավատքով և վստահ եղել՝ կտրվի մեզ: Քննել ենք պատմական անցյալը և համոզված ենք եղել, որ Հայկյան արդար բազուկը պսակված է հաղթությամբ: Ավա՜ղ, նույնիսկ չենք մտածել, որ թերևս հուդայական ախտը կարող է սողոսկած լինի մեր հաղթության էության մեջ… Ահա՛ մեր բուն ձախողման պատճառը:
 
Բա՛վ է այլևս ճամարտակել, նկրտելով ամեն կերպ ապացուցել, թե իբր մենք այնքան անկյալ վիճակում էինք, որ պետք է պարտվեինք և պարտվեցինք: Չե՛մ հավատում: Նողկալի՛ սուտ է, դժոխքավաստա՛կ սուտ, որը վերին ու ստորին կարգի դեմքեր (ռազմագետ ու դիվանագետ, հասարակական ու քաղաքական, մասնավոր ու պետական)՝ ամբոխ, իրեն բնորոշ աղմուկ-աղաղակով ու վայնասունով, անդադրում տարածում է ու լցնում Ազգի ունկերի մեջ: Ազգավնաս ծրագրի հերթական մի մաս, որով ամեն կերպ տքնում են մարել Հայկյան ոգին ու հրայրքը, վերացնել զորությունը, չորացնել միտք..
 
Դուք, ա՜յ հուդայածին կերպարանքներ, երբե՛ք չեք հասնի ձեր տռփանքին: Մենք ի զորու էինք հաղթելու, ի զորու էինք մեր ազատագրած հող Հայրենին պաշտպանելու և պահպանելու, մեր Հայրենիքը շենացնելու: Այո՛, ի զորու էինք և ենք, վստահ եմ ու համոզված: Պարզապես սուտն ու ստի հայրը՝ սատանան ու իր մարդակերպ արբանյակները սպանեցին Ազգին մարմնապես, գողացան ու վաճառեցին ժառանգությունն ու հաղթանակը:
 
Արդ, ուրիշից գողացվածը երբե՛ք սեփական չէ: Անհայրենիք թուրքը բնա՛վ չի հաղթել. նա և իր սպասարկու հուդայածիններն առհավետ պարտված են, երի՛ցս այո, պարտված են ու մեր Ազգի ոգու, զորության ու մտքի ոտքի կոխան են:
 
Ազգ իմ փառապսակ, ունկն մի՛ դիր և ոչ մեկին, որ ամեն կերպ Քեզ պարտված են համարում ու «հիմնավորում», Քեզ խոցված ու ծնկած են հռչակում, Քեզ թշվառ ու անտեր են հայտարարում: Չկա՛ նման բան, չի՛ կարող լինել. Դու, երբ ցեղասպանված էիր՝ Սարդարապատյան հրաշք գործեցիր, Դու, երբ սովետական ռեժիմով շղթայված էիր՝ Ազգային զարթոնք պայթեցրիր, ապա՝ Ազատությունդ ու Անկախությունդ կերտեցիր, Հայրենիքդ որոշապես վերադարձրիր: Հիմա էլ Դու նույնն էիր, անցյալիդ համեմատ առավել զորեղ և կարող, սակայն… ի՞նչ եղավ: Գողերն ու ավազակներն արեցին իրենց սև գործը: Չի՛ ուշանալու Երկնի պտուհասը. այն օրերի բոլոր սրտագին ու արդար՝ համազգային աղոթքների պատասխանը՝ շանթահա՛ր է անելու բոլոր հուդայածիններին՝ հասարակության ու պետության մեջ երևելի ու աներևույթ:
 
Իսկ Դու, Ազգ իմ Հայոց, մնալու ես անմահ, հզոր ու հաղթական: Իսկ «մե՛նք, զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք. Նո՜ր Արշալոյս»:
Արթնացեք ու արթնացրեք, եղբայրներ ու քույրեր, որպեսզի մասնակից լինեք այդ ԱՐՇԱԼՈՒՅՍԻՆ:
Ասողիկ աբեղա Կարապետյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ