26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք դիմել ենք նոր կառավարությանը, որպեսզի այդ գործը վերաբացվի, ասել են՝ համբերեք». Հոկտեմբերի 27-ին զոհված նախկին պատգամավորի այրի

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված ԱԺ նախկին պատգամավոր Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը, այսօր ԱԺ-ում ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակին նվիրած հուշաքարի մոտ:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ յուրաքանչյուր տարի այս օրն իրենց ընտանիքներում հիշում են այնպես, ասես ողբերգության առաջին օրն է:

«Այդ ողբերգությունը ցնցեց մեր ընտանիքներին, բարեկամությանը, հայ ժողովրդին: Իրականում, կարելի էր ասել՝ դա մեծ ահաբեկչություն էր և մեր պատմության մեջ մտավ՝ որպես սև էջ: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես մեր տղաները կարողացան տարիներ շարունակ մաքառել Արցախի պատերազմում, հասնել հաղթանակների, Վազգեն Սարգսյանը ստեղծեց բանակ, և, թե ինչպես Արմեն Արմենակյանը «Տիգրան մեծ» ջոկատով հաղթանակով վերադարձավ Արցախից: Սակայն մեկ  կամ մի քանի ստահակների ձեռքով գլխատվեցին նրանք, գլխատվեց մի ամբողջ ժողովուրդ»,- նշեց նախկին պատգամավորի այրին:

Նրա խոսքով՝ մինչև օրս առեղծված է մնացել Արմենակ Արմենակյանի սպանությունը, որը ոճրագործության պահին եղել է միջանցքում և չէր կարող այնտեղ նստել ու հանգիստ լսել կրակոցների ձայնը:

«Իրական վարկածներ կան, որ Արմենակ Արմենակյանը եղել է ճաշարանում, նա տեսել է ամեն ինչ, և գուցե վախից նրան սպանել են, գուցե ծրագրի մեջ չի եղել, բայց վախից նրան սպանել են, քանի որ հետո նա հաստատ այդ ամենի համար վրեժխնդիր կլիներ: Բոլորը հերքեցին՝ Կարեն Հունանյանը, մյուսները հայտարարեցին, թե իրենք չեն սպանել: Մենք դիմել ենք նոր կառավարությանը, իշխանությանը, որպեսզի այդ գործը վերաբացվի, որպեսզի հասկանանք, թե այդ ամենի թիկունքում ովքեր էին կանգնած, մեզ ասել են՝ համբերեք: Ակնկալում եմ, որ նոր կառավարությունը, այս ռազմական իրավիճակն անցնի՝ կկարողանա մի բան անել, մենք նորից կդիմենք: Կարծում եմ՝ զոհված ութ հոգին հենց այսօր էին ազգին պետք, որովհետև նրանք թրծված էին այդ թոհ ու բոհի մեջ»,- շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ