24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Երկու տարվա անգործության, պարտության, մանիպուլյացիաների, սուտ խոստումների հետեւանքով այսօր մենք լայնածավալ պատերազմի մեջ ենք ընկղմվել, արդեն հարյուրավոր զոհեր ունենք»

712018

«Պատերազմ են գնում իշխանական տիկինները վերտառությամբ հոդվածում Հրապարակը վերլուծում է իշխանական տիկնանց պահվածքը սոցցանցերու, դրանց արդյունավետությունն ու ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակում վերջիններիս դրսեւորած վարքագիծը։

Նոր Հայաստանի իշխանական կանայք պատերազմական այս իրավիճակում իրենց ռազմահայրենասիրական պաթոսով ու հայտարարություններով ուղղակի գերազանցեցին ՀՀԿ կանանց։ Իհարկե, երկու դեպքում էլ խոսքը բոլորին չի վերաբերում։ Բայց մի քանիսն իրենց պահվածքով ընդհանուր ֆոն են ստեղծում։ Ինչպես նախորդ իշխանության դեպքում, այսօր եւս կա իշխանական «կնիկների» մի «մատյան գունդ», որոնք պատրաստ են համացանցում Ալիեւին փռել գետնին, Բաքվում թեյ խմել եւ երկիրը դարձնել ծովից ծով Հայաստան։ Այս ամենը, առավել եւս այս պատերազմական օրերին, երբ սահմանին ամեն օր զոհ ենք տալիս, առնվազն զավեշտ է։ Ոմանց մտքի հիմարության սահմանները հատել են հայ-ադրբեջանական շփման գիծը՝ հասնելով մինչեւ Կասպից ծով։

«Իմ քայլի» կանայք՝ պատգամավորից մինչեւ նախարար ու վարչապետի կին, այս օրերին զբաղված են «ռազմավարական նշանակության» հայտարարություններ անելով, պաթոսախեղդ կոչեր հնչեցնելով ու գրառումներ կատարելով, որոնք, բացի ֆեյսբուքյան «լայքերից», ուրիշ ոչ մի «օգուտ» չեն տալիս մարդկությանը, պետությանն ու ռազմաճակատին։ Ավելին, որոշները նույնիսկ վնաս են տալիս՝ առնվազն նյարդայնացնելով ադեկվատ ու չզոմբիացած ընթերցողներին։ Բայց նրանց թվում է, թե մեծ հերոսություն են անում։

Նրանցից ոմանք դեռ պատերազմից առաջ էին սկսել ստրատեգիական վերլուծություններ անել, ինչն այսօր պարզվեց, որ սխալ էր։ Օրինակ՝ Լիլիթ Մակունցը տավուշյան դեպքերի ժամանակ վստահ պնդում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, եթե Ադրբեջանը հանկարծ պատերազմ սկսի։ Այսօր սկսված պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիան ոչ միայն ներգրավվել է, այլեւ ամբողջությամբ ինքն է կառավարում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Մակունցն այսօր զբաղված է միայն ռազմաճակատի վերաբերյալ քարոզչական նյութեր տարածելով ու, բարեբախտաբար, չի խառնվում այլեւս ստրատեգիական հարցերին։ Միայն ԱԺ ամբիոնից խիզախության կոչեր է հնչեցնում հայ կանանց ու մայրերին։  

Կոչեր հնչեցնելու հարցում հետ չեն մնում իմքայլական մյուս կանայք եւս։ Օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էր ֆեյսբուքյան իր էջում առաջարկել իրենց հեղափոխության հայտնի կաթսաների ակցիայի նման մի ակցիա անել՝ «մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար»։ Ըստ առաջարկի՝ պետք էր ամեն օր, մինչեւ վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգեւորող երգերից մեկը։ Փաստորեն, այսօր ամենապատասխանատու պոստերից մեկը զբաղեցնող նախարարը զբաղված է «կաթսա» խփելով ու երգելով։ Այ, սա է իշխանական կանանց լրջության ու պատասխանատվության աստիճանը։

Բնականաբար, այս առաջարկը մերժվեց։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ, ով ԱԺ երեք փոխնախագահներից ամենաքիչ խոսողն ու լռակյացն է եւ հազվադեպ է մտքեր հայտնում, իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի ուղերձները «շեյրելուց» բացի, նաեւ սպառնալիք-զգուշացման նման մի տեքստ է գրել՝ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին հայտնելով, որ այսօր հայ զինվորը պաշտպանում է նաեւ Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Հիրավի, սա հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ուղղված ամենահուժկու քայլն էր, որ 30 տարվա անկախ Հայաստանի պատմության մեջ արվել է, եւ դա արեց հենց Լենա Նազարյանը։ Վերջում էլ տիկին Նազարյանը հավելել է․ «Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է»։ Իսկ երեկ այդ պա՞հը չէր, հապա վա՞ղը։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ միասին լինենք, Վրաստանն իր քաղաքական շահերը մի կողմ դնի, միանա Հայաստանի՞ն։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է պատասխանել Վրաստանի դեսպանը։

Մեկ այլ հերոսական արարք էլ թույլ է տվել «Իմ քայլի» պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը՝ հայտարարելով, որ հրաժարվել է հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից՝ «հաշվի առնելով Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք եւ զինամթերքի վաճառքն ու մատակարարումը»։ Եվ իր աշխատավարձն է փոխանցել համահայկական հիմնադրամին։ Բայց միայն աշխատավարձը՝ առանց պարգեւավճարների։ Հիրավի հերոսություն է իմքայլական տիկնոջ արարքը, ով այս օրերին խորհրդարան է գալիս զինվորական ոճի հագուստով՝ ստեղծելով տպավորություն, թե կամուֆլյաժով ռազմաճակատում է։ Նախօրեին էլ, հավանաբար, հենց համազգեստի ազդեցության տակ, սպառնացել էր «5-րդ ալիքի» լրագրողին, թե կտեսնեք՝ պատերազմից հետո ինչ ենք անելու ձեզ հետ։ Ռազմահայրենասիրական հագուստ ժամանակին կրում էր նաեւ Շուշան Պետրոսյանը եւ «հիշում էր» Ալիեւին ու նրա թուրք տիրոջ մորը։ Բայց նա գոնե տարվա կեսն Արցախում էր՝ զբաղված զինվորի ու արցախցու համար բարեգործական ծրագրեր իրականացնելով։

Սակայն ամենահերոսականը Նիկոլ Փաշինյանի կնոջ ռազմահայրենասիրական կերպարն ու պահվածքն են, որը նա սկսել է դրսեւորել դեռ պատերազմից առաջ։ Տիկին Աննա Հակոբյանը դեռ օգոստոսի 25-ին էր զենք ու զրահը կապել ու մտել մարտի դաշտ՝ ֆոտոսեսիա անցկացնելու Արցախում կազմակերպված կանանց զորահավաքի շրջանակներում։ Հետո, երբ պատերազմը դարձավ իրական, նա վերցրեց որդուն, մեկնեց Ստեփանակերտ եւ սկսեց ֆոտոսեսիաներ անել արդեն ապաստարաններից՝ գրկելով այնտեղ պատսպարված արցախցի երեխաներին։

Վարչապետի կինն իր էջում պարբերաբար կիսվում է նաեւ իր ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, որոնցից ամենաուշագրավը հոկտեմբերի 1-ինն է, թե «վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ «Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»։ Փաստորեն, Փաշինյանների ընտանիքը կարծում է, որ մեր դիվանագիտությունը հաղթել է։

Երկու տարի դիվանագիտական ճակատում ցուցաբերած անգործության, պարտության, մանիպուլյացիաների, սուտ խոստումների հետեւանքով այսօր մենք լայնածավալ պատերազմի մեջ ենք ընկղմվել, արդեն հարյուրավոր զոհեր ունենք, ու այս մարդիկ՝ ընտանյոք հանդերձ, մեզ ավետում են, թե վերջապես մեր դիվանագիտությունը հաղթանակ տարավ։ Բա երկու տարի ինչո՞վ էիք զբաղված, որ պատերազմից չորս օր հետո միայն պետք է հաղթեր մեր դիվանագիտությունը։ Ու եթե հաղթել է, ինչո՞ւ եղավ ու ինչո՞ւ է շարունակվում պատերազմը։ Կամ՝ ինչո՞ւ չէր հաղթում այդ «մեր դիվանագիտությունը» ձեր իշխանության երկու տարվա ընթացքում, որ մենք այսօր այսքան զոհ ու ավերածություններ չունենայինք։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ