20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, որպեսզի մենք կարողանանք ՄԻԵԴ-ին հասցնենք ճիշտ հիմքերը». Գևորգ Կոստանյան

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ-ի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպում է ունենում Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ, և այդ հանդիպման նպատակը Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած դիմումի համար դրական ելք ապահովելն է:

Հանդիպման ավարտից հետո 168.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հանդիպում էր, ո՞ւմ հետ, և ի՞նչ հարցեր են քննարկվել, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նախ նշեց, որ մեզ համար շատ կարևոր է, որ պատերազմական այս գործողությունների և Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ոչ միայն ռազմի դաշտում մեր հաջողությունները գրանցենք, այլև պետք է անհրաժեշտաբար իրավական հիմքերը ստեղծենք, որպեսզի այդ թվում՝ նաև հետագայում, իրավական պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին:

«Դրա համար մենք պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի իրավական և միջազգային իրավական ամբողջ բազան ստեղծենք այնպես, որպեսզի միջազգային հանրությանը և միջազգային իրավական հանրությանը ոչ միայն կարողանանք ապացույցներ ներկայացնենք ոչ միայն Ադրբեջանի կողմից կատարվող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասով, այլև կարողանանք հետագայում իրավաբանորեն ամրապնդել մեր ռազմական հաղթանակը»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ այդ նպատակով իր նախաձեռնությամբ ՌԴ-ում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցչության հետ հանդիպում է անցկացրել ու շարունակելու է անցկացնել, որպեսզի կարողանանք հաջողություն գրանցել նշված հարցերը մեր օգտին լուծելու ճանապարհին:

Այս հանդիպման նպատակը, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացացուցչի, ամեն ինչ անելն է, որ հայցի ապահովման միջոցը կիրառվի, ու ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցնի դադարեցնել կրակը, այսինքն՝ միջազգային իրավական եղանակով մենք կարողանանք Ադրբեջանին առնվազն պարտավորեցնել խաղաղ բնակչության նկատմամբ իր ագրեսիվ ռազմական գործողությունները:

«Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողություն կունենանք»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

– Մենք կարո՞ղ ենք հաջողություն ակնկալել, Ադրբեջանը կանսա՞ ՄԻԵԴ-ի պահանջին ու կդադարեցնի՞ կրակը:

– Այլ հարց է՝ Ադրբեջանը կլսի՞, թե՞ չէ, որովհետև սա արդեն Ադրբեջանի խնդիրն է՝ կկատարի՞, թե՞ ոչ Եվրոպական դատարանի որոշումները, բայց  եթե Եվրոպական դատարանը, Եվրոպայի խորհուրդը նման ձևակերպմամբ իրավական փաստաթուղթ ընդունի, դա կունենա և՛ իրավական, և՛ իրավաքաղաքական ուղղակի և բացասական հետևանքներ Ադրբեջանի համար:

– Ըստ էության ՄԻԵԴ-ը նման նախադեպ կարծես թե չունի, միայն 1 դեպք կա՝ «Ուկրաինան՝ ընդդեմ Ռուսաստանի», և այն էլ՝ բոլորովին այլ հարթությունում: Որքանո՞վ եք հավանական համարում, որ Հայաստանի գանգատը ՄԻԵԴ-ում կբավարարվի:

– Ես այս պահին չգիտեմ, թե մեր կառավարությունն ի՞նչ փաստեր է ներկայացրել, բայց ես հիմա իմ տրամադրության տակ եղած փաստերն եմ ներկայացնում ԵԽ իմ գործընկերներին: Այսինքն՝ ես չգիտեմ ամբողջ ծավալը, թե կառավարությունն ի՞նչ է արել: Ես իմ տրամադրության տակ եղած, իմ կողմից հավաքված, իմ գործընկերների տրամադրած նյութերն եմ փոխանցում եվրոպացի իմ գործընկերներին, որովհետև ես կապի մեջ եմ և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի համապատասխան պաշտոնատար անձանց հետ: Այդ բոլոր նյութերը փորձում եմ ոչ միայն ներկայացնել, այլև քննարկել և իրավաբանորեն հիմնավորել մեր միջազգային գործընկերների հետ: Ընդ որում, ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, որովհետև կապի մեջ եմ նաև ՄԻԵԴ-ում իմ գործընկերների հետ, և իմ հիմնական նպատակն է, որպեսզի մենք կարողանանք Եվրոպական դատարանին հասցնենք ճիշտ հիմքերը, որպեսզի որոշումը կայացվի:

– Որպես այդ կառույցում բավականին պատկառելի աշխատանքային փորձ ու կապեր ունեցող մարդու՝ Հայաստանի իշխանությունները դիմե՞լ են Ձեզ, չե՞ն փորձել կապի դուրս գալ՝ թեկուզ խորհրդատվություն ստանալու նպատակով:

– Ոչ, բայց դա ութերորդական հարց եմ համարում այս պահին: Կապի դուրս գան թե չգան, որևէ մեկին այս պահին հետաքրքիր չէ: Կարևորն այն է, որ հաղթենք նաև իրավական հարթությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ