28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն. Մարուքյան

05688A58-C2B2-495D-804B-B1992DED2292

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից, իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ (Պ-729)։

Նշյալ նախագծերով մասնավորապես առաջարկվում է՝

− օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար,

− խստացնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժաչափը, ինչի արդյունքում միջին ծանրության հանցանքը դառնում է ծանր հանցանք և, ըստ այդմ, քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը կրկնապատկվում է՝ 5 տարվա փոխարեն դառնալով 10 տարի,

− պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած 27 (պահեստազորի սպաները` 35) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած անձը` կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարը:

Գործող իրավակարգավորմամբ՝ զինապարտ քաղաքացին, վերադառնալով հայրենիք և ծառայության անցնելով ՀՀ Զինված ուժերում, ծառայում է բոլորի համար սահմանված ընդհանուր ժամկետով, մինչդեռ, նախագծով առաջարկվում է խստացում, որն է՝ օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար՝ մեկական ամսով։ Այսինքն՝ զինծառայությունն այս անձանց համար կարող է երկարաձգվել մինչև 1.5 տարով (18-27 տարեկանը խուսափած ժամկետը 9 տարի x 2 զորակոչ տարեկան = 18 ամիս)։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից 2017թ. հոկտեմբերին առաջարկված նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարը 1.8 մլն ՀՀ դրամից առաջարկվում էր հասցնել մոտ 9 մլն ՀՀ դրամի, «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել։ Այդ նախագծի դեմ հետևողական պայքարից հետո՝ 9 մլն-ի փոխարեն որոշվեց գումարը դարձնել 3.6 մլն ՀՀ դրամ։

Նախորդ տարի, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մեկ անգամ ևս նույն 3.6 մլն ՀՀ դրամն անփոփոխ թողնելով՝ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալու համար այն վճարել ու վերադառնալ հայրենիք, քաղաքական մեծամասնությունը մերժեց նախագծի ընդունումը՝ հայտարարելով, որ այլևս չպետք է գումար վճարելով հնարավորություն տրվի խուսափել զինվորական ծառայությունից։

Այնուհետև մեր կողմից, որպես այլընտրանք, առաջարկվեց հայտարարել համաներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը կատարած անձանց մասով՝ նաև հստակ հաղորդագրություն տալով, որ այս տեսակի համաներումը հայտարարվում է միայն մեկ անգամ։ Համաներման առաջարկը ևս մերժվեց կառավարության կողմից։

Այս նոր նախագծի ներկայացմամբ՝ մեկ անգամ ևս իշխող թիմը հետ է կանգնում իր հռչակած սկզբունքներից, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում միայն մեկ եզրակացություն՝ հարցը միայն գումարի չափի մեջ էր։ Նոր նախագծով առաջարկվող ավելի մեծ գումարի դեպքում իշխանությունը համաձայն է փաստացի երկարաձգել նախորդ օրենքի գործողությունը՝ նույնական կարգավորումները նախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքում։

Մինչդեռ, վերադառնալ ցանկացող այն անձիք, ովքեր չէին կարողանում վճարել 3.6 մլն ՀՀ դրամ, առավել ևս չեն կարողանա վճարել մոտավորապես 5մլն դրամից ավելի գումար կամ 10.000 ԱՄՆ դոլար։

Մյուս կողմից, վաղեմության ժամկետների կրկնապատկմամբ՝ միայն խորանալու է դեմոգրաֆիայի խնդիրը, քանի որ դա նշանակում է, որ այժմյան գործող օրենքով 5 տարվա փոխարեն անձիք պետք է սպասեն 10 տարի՝ հայրենիք վերադառնալու համար, եթե նրանք հնարավորություն չունենան վճարելու սահմանված գումարը։ Ընդ որում, վերադարձի մասով մտափոխվելու հնարավորությունն ավելի երկար ժամկետի պարագայում ավելի է մեծանում։

Այսպիսով, համաներման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկության մերժմամբ՝ իշխող թիմը ներկայացնում է խնդրի ոչ թե լուծման, այլ հերթական անգամ դրության էլ ավելի վատթարացմանը միտված տարբերակ»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ