29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան

2755B5D8-8D74-4302-B893-E3AE739866EF

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը անդրադառնում է հարցին, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունն արձագանքի Բեյրութի աղետին: 


Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։  Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն։ Այս առումով առաջարկում եմ.

– Բեյրութի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել կառավարական օպերատիվ շտաբ, որը կհամակարգի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր և հասարակական այն կառույցների գործունեությունը, որոնք ցանկություն կհայտնեն՝ մասնակցել մեր հայրենակիցների աջակցության խնդրին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աղետի հետևանքների վերացումը ծանր և երկարատև աշխատանք է ենթադրում։

– ՀՀ Նախագահին՝ անցկացնել հեռավար քննարկումներ՝ հայկական առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ջանքերի համակարգման և օգնության առաջնահերթությունների որոշման համար։

– Ձևավորել կապի և տեղեկատվության օպերատիվ խողովակ՝ ԱԳՆ-ում կամ կառավարման օպերատիվ շտաբում՝ քաղաքացիների համար։

– Նույնիսկ այսօրվա՝ պետության համար դժվար ֆինանսական պայմաններում կառավարության պահուստային ֆոնդից գումար առանձնացնել՝ աջակցության անհետաձգելի նպատակների համար։

– Բացել հատուկ հաշիվ՝ նվիրատվությունների համար՝ Բեյրութի հայերին աջակցելու նպատակով։

– Պետությունը պետք է աշխատի հայ մեծահարուստների հետ, որոնք արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ աջակցության ձեռք են մեկնում բեյրութահայերին, որպեսզի այդ աջակցությունը հնարավորինս հասցեական և նպատակային դառնա։

– «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ մշակել հատուկ ծրագիր՝ Լիբանանի հայ համայնքին օգնելու համար։ Օրինակ՝ համայնքի կրթական, մշակութային և կրոնական հաստատությունների վերականգնումը։

– Քննարկել Հայաստանում ժամանակավոր օթևանի տրամադրման խնդիրը, հատկապես՝ Բեյրութի երեխաների և տարեցների համար, քննարկել այդ հնարավորությունը հատկապես Երևանի դատարկ հյուրանոցների համատեքստում։

– Քննարկել Երևանի և Բեյրութի միջև անխափան օդային կապի ապահովումը՝ դեպի Երևան ցանկացողների փոխադրման, իսկ հետադարձ ճանապարհով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման նպատակով։

– Ճշտել մասնագետների ցանկը՝ բժիշկներ, հոգեբաններ, փրկարարներ, շինարարներ, որոնք կամավորության հիմունքներով կարող են մեկնել և տեղում մասնագիտական աջակցություն ցույց տալ։

– Նախապատրաստել հիվանդանոցներ և այլ բուժհաստատություններ՝ Բեյրութից հնարավոր տուժածների ընդունման համար։

Վստահ եմ, որ սա միայն մի մասն է այն անհրաժեշտ քայլերի և միջոցառումների, որոնք կարող է ձեռնարկել հայկական աշխարհը՝ Բեյրութի մեր քույրերին և եղբայրներին այսօր աջակցելու համար։ Հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունները՝ զոհվածների հարազատներին և մաղթում շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։  

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ