30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

«Կառավարությունն իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, սրիկայական մարտավարություն է իրականացնում. բայց Ամուլսարը սար է մնալու». Քաղաքական ու հասարակական գործիչները վրդովված են

37.thumb

Վաղ առավոտից լարված իրավիճակ է Ամուլսարի տարածքում։ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը։

Սա առաջացրել է հասարակական ու քաղաքական տարբեր գործիչների զայրույթը։

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրին՝ գրելով, թե Ամուլսարի խնդրի նկատմամբ կառավարությունը սրիկայական մարտավարություն է իրականացնում.

«Կառավարությունը հրապարակավ իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, իբրև թե տեղյակ չէ, որ Լիդիանի վարձած պահնորդական ծառայությունն ինքն իրեն ոստիկանության լիազորություններ վերապահելով ինքնիրավչություն է անում և այս գիշեր տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները ու դրանց փոխարեն իր տնակներն է տեղադրել։

«Ապուշ չեզոք և անտեղյակ» լինելով հանդերձ, ոստիկանական ուժ է կուտակում այդ տարածքում, որպեսզի քաղաքացիները չկարողանան խափանել Լիդիանի պահնորդների անօրինական գործողությունները։

Ըստ էության կառավարությունը Լիդիանի համար հիմքեր է ստեղծում, որ նա կարողանա դիմել արբիտրաժ։ Եթե ասեք, որ դա պետական շահերի նկատմամբ դավաճանություն է, առանձնապես սխալված չեք լինի։

Անմեղսունակությամբ ու անտեղյակությամբ քողածածկվող, իսկ իրականում՝ հիմնավոր կասկածի մակարդակով Ամուլսարի գործարքի մեջ կոռուպցիոն շահ ունեցող իբրև թե հեղափոխական և արդար ու մաքուր այս կառավարությունն անցնում է բոլոր սահմանները։

Հարկավ, Ամուլսարը եզակի օրինակ չէ, այլ ընդամենը մեր աչքերը լավագույնս բացող օրինակ է։

Առաջին իսկ օրվանից պետությունը կողքից և ընդդիմադիրի մոտեցմամբ կառավարող այս ժամիշխանները գործում են տանտիրոջ հագուստի տակ հավաբուն մտած աղվեսի նման և ընդամենը զբաղված են իրենց անձնական և խմբային շահերը բավարարելով, մինչդեռ պետության ռազմավարական շահերը հանձնել են Մոսկվային և օտար ու տեղական օլիգարխիային։

Ի սկզբանե պետության կառավարման ամբողջ բեռը չստանձնելու սրանց ծրագիրը պետք է արդեն պարզ լինի բոլորի համար։

Սրանք մակաբույծներ են, որոնց համար երկիրը կերակրատաշտ է։

Սրանք ընդամենը նպատակ ունեին ժողովրդի ուժով և ժողովրդին օգտագործելով նախկին մակաբույծներից խլել երկիրը հոշոտելու լծակները, սակայն, հանդիպելով Մոսկվայի հովանավորությամբ իրականացվող դիմադրության, ընկրկեցին, ընդունեցին Մոսկվայի դաշտում մնալու պայմանը ու նրա խաղի կանոնները և արդեն երկու տարի է, ինչ փորձում են նախկին մակաբույծների հետ միասին կիսել երկիրը։ Բնականաբար՝ մեծ մասը իրենց վերցնելու մտադրությամբ։

Դատաիրավական ամբողջ ֆարսն ու քաշքշուքը, որին ավելի քան երկու տարի ականատես ենք, իրականում երկիրը կիսելու քաշքշուք է։

Ներկա մակաբույծները թեպետ գործում են ժողովրդի անունից, բայց նրա կամքին և շահին հակառակ, ուստի իրականության մեջ հետզհետե կորցնում են ժողովրդի աջակցությունն ու դրանից սնվող ուժը։ Այդ մասին ի սկզբանե գիտեին Մոսկվայի հովանավորությունը վայելող նախկին մակաբույծները, ուստի, իրենց պատկերացմամբ, պատրաստվում են վռնդել այս ինքնակոչ աղվեսներին և վերականգնել թալանի իրենց մենաշնորհը։

Պատահական չէ, որ թեև Ամուլսարի նախագիծը համարվում է Արևմտյան պլուտոկրատիայի շահերի տիրույթին պատկանող, սակայն Մոսկվայի կամակատար նախկին մակաբույծները նույնքան ջերմեռանդ են այն իրագործելու հարցում։

Պատճառն այն է, որ երկուսն էլ առաջնորդվում են երկրի ընդերքն ու հարստությունն անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու նպատակով, ուստի ընդունում են օբյեկտի վերածված երկրի նկատմամբ ստեղծված արտաքին ազդեցության՝ թեկուզ հիմնական մասով ռուսական կողմը թեքված, ռազմավարական “հաշվեկշիռը”։

Եթե այսպես շարունակվի, երկիրը կդառնա անվերահսկելի գզվրտոցի ասպարեզ։

Դառնալով Ամուլսարին, ընդամենը պետք է հիշենք, որ Ամուլսարը ՀՀ ջրահավաք ավազանի պորտն է և այն հանքի վերածելու դեպքում երկիրը կդառնա թունավոր անապատ։ Հասկանանք և գործենք ըստ այդմ», – գրել է Վարուժան Ավետիսյանը։

Գրող, հրապարակախոս Նարինե Աբգարյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան։

Դիմում եմ որպես ձեզ սատարող մարդ եւ Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։
Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։ Ամուլսարը դու՛ք եք, պարոն վարչապետ։ Մի թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։ Սար մնացեք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացեք։ Ուժ և խոհեմություն ձեզ և մեզ», – գրել է Նարինե Աբգարյանը։

Քաղաքագետ, վարչապետի նախկին խորհրդական Հայկ Մարտիրոսյանը գրել է.

«Իշխանությունը` ամենաբարձր օղակների մակարդակով ամեն բան անում է` Ամուլսարը հանք դարձնելու ուղղությամբ: Ամեն բան: Ամեն անբարոյական բան: Ամեն բարոյապես ազգադավ բան: Ամեն դավադիր դավաճան ներքին թշնամուն և սեփական երկիրը միայն ծախու տարածք դիտարկող ուժին հատուկ բան: Ամեն բան: Եվ անում է դա` օգտվելով համաճարակից:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ: Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհ: Մեր չեզոքությունն այլևս հանցագործության է համահավասարվելու: Լռելը նշանակում է հանցակից դառնալ Հայաստանի ոչնչացմանը:

Ամուլսարը սար է մնալու», – գրել է Հայկ Մարտիրոսյանը։

Ջերմուկցի բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ հայտարարել է, որ ժամը 3:30-ից հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում են Ամուլսարի իրենց «պոստերը»։

«Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։
Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի։ 

Ջերմուկցիներ ինչքան էլ մյուս բնակավայրերից գան, մենք առաջին հերթին պիտի դուրս գանք, նոր հույս դնենք մյուսների գալու վրա։ Թասիբով։ Ամուլսարի կանգուն մնալուց է կախված մեր ապագան ու երեխաների առողջությունը», – գրել է Շիրակ Բունիաթյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ