25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սրբապղծություն է, նման բան միայն թուրքը կանի, բայց «Իմ քայլի» 2 պատգամավոր էլ է ստորագրել. պատմաբան

 

Նախարարության կայքում տեղադրված հայոց պատմության խայտառակ չափորոշիչներից հետո, մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիք հայտնվեց, որ այդ չափորոշիչները խմբագրման ենթակա չեն, այլ պետք է մերժվեն, և ստեղծվի նորը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերին, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից այլ հարցերի։

«Բոլորս պատրաստակամ էինք օգտակար լինելու, առանց վարձատրության: Գաղտնիությունը շատ կասկածելի էր, կասկածելի մեկ ուրիշ բան էլ կար` Հայոց պատմությունը 6 դասագիրք է, համաշխարհայինը ևս 6 դասագիրք է, հասարակագիտությունը՝ ևս 6-ը, հայրենագիտությունից 2 դասագիրք՝ 5-6-րդ դասարանների համար: 20 հատ դասագրքերի չափորոշիչների կազմումը տրվում է ղեկավարելու 1 անձնավորության: Մտածում էինք, դե, ԵՊՀ «Ռեստարտ»-ի անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, «սիրո հեղափոխությունն» անելուց հետո բաժանումն անընդհատ դնում են՝ հներ-նորեր, սև-սպիտակ, և այլն»,- ասաց Մովսիսյանը:

Նա լրագրողներին հայտնեց, որ քննարկումների ընթացքում իրենց երիտասարդ կոլեգաները համացանցում փնտրել և գտել են, իր բնորոշմամբ՝  խայտառակ մի տեղեկություն, որի մասին համալսարանում ոչ ոք  չի իմացել՝ նախագիծ, որին թուրքական կողմից մասնակցել է «Պատմություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, մեր կողմից ՝ երիտասարդ պատմաբանների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է: «Ի՞նչն է հետաքրքիր, եթե իրենց կայքում նայեք, ոչինչ չկա, իրենք չեն մասնակցել, այսինքն՝ իրենք էլ գաղտնի են պահել: Եթե լավ բան ես անում, հանուն խաղաղության, հայ-թուրքական հաշտեցում և այլն, ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն, ոչ մեկս չենք իմացել դրանց մասին: 13 հոգի են գրքի հեղինակները, որոնցից 7-ը հայեր են, 7-ից պատմաբան են միայն 2 հոգի՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը: Հետաքրքիր է, այն մյուս 5-ն ովքե՞ր են՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը: Մեկը՝ Ռոմանոյի իսպաներեն լեզվի բաժինն է ավարտել, մյուսը Բրյուսովն է ավարտել: Եվրոպական լեզուների մասնագետներն իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում՝ քննարկել, քննադատել, ցույց տալ սխալները, կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է 2 երկրների դասագրքերը փոխվեն»:

Մովսիսյանի խոսքով՝ գրքի համար տրվել է մոտ 20 հազար դոլար, սակայն մեծ գումարներ են տրվել նաև անհատ կազմակերպությունների կողմից, որոնք պատահական չեն. «Որ նայում եք, թե հայ-թուրքական հաշտեցմանը ինչ կազմակերպություններ են գումարներ տվել. 2014 թվականին՝ 2 միլիոն եվրո, 2016 թվականին՝ 1.5 միլիոն եվրո, և այլն: Հայերի և թուրքերի հաշտեցմամբ լիքը ուժեր են շահագրգռված և շատ մեծ գումարներ են ծախսում: Այդ գումարները, բնականաբար, ոչ միայն գիրք ստեղծելու, այլև ուրիշ դաշտերում էլ են ծախսվում»: Պատմաբանի փոխանցմամբ՝ համատեղ ստեղծված գրքի Հայաստանին վերաբերող հատվածում ամեն ինչ արված է, որպեսզի  «մեզ և թուրքերին հավասարեցնեն, նույնիսկ վերնագրերը կրկնվում են, միայն Թուրքիա բառը փոխվում է Հայաստանով»:

Մովսիսյանը սրբապղծություն համարեց հայ հեղինակներին մեղադրելը միլիտարիզմի մեջ, որ Հայոց պատմության առկա դասագրքում, որ հրապարակվել է  2016-ի սեպտեմբերին,  ներառված է եղել և Ապրիլյան պատերազմի դեպքերն են լուսաբանել: «Այսպիսի բան միայն թուրքը կանի, բայց սրա տակ այս հայերն էլ են ստորագրել: Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին մտցնում ենք դասագիրք, ճիշտ է, 12-րդ դասարանի գրքի կազմմանը ես չեմ մասնակցել, բայց երբ մերոնք դասագիրքը բերեցին, ես շատ ուրախացա, ասացի՝ ապրեք, ինչ հրաշք բան եք արել: 12-րդ դասարանի աշակերտը 17 տարեկան է, ինքը կարդում է, որ 18-20 տարեկան տղաներն իրենց հրամանատարների գլխավորությամբ, կյանքի գնով երկիր են փրկել, սրանից ավելի լավ դաստիարակող բան, ու սրա համար մեզ մեղադրում են և մեղադրում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 2 պատգամավոր, պետական պաշտոնյա, 2 պատմաբան, սրան ենք հասել»,- ասաց  պատմաբան Մովսիսյանը՝ թվարկելով մի շարք այլ պատմական սխալներ չափորոշիչներում։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ