29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անհասկանալի և լիովին չարդարացված են ժամանակագրական մեծածավալ բացթողումներն ու խառնաշփոթն ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների ծրագրերում. Բաց նամակ ԿԳՄՍ նախարարին

Без названия

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Հայոց պատմության դասավանդմամբ

հետաքրքրված բոլոր անձանց

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը

ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի

ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ս․թ․ հուլիսի 22-ին քննարկեց ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը։ Մատնանշվեցին բազմաթիվ սխալներ և բացթողումներ, որոնցից ամենահիմնականների վրա ցանկանում ենք հրավիրել համապատասխան մարմինների և խնդրով հետաքրքրված մեր քաղաքացիների ուշադրությունը

1․ Նախևառաջ անընդունելի է և լիովին չարդարացված այն մոտեցումը, որ, առկա ուսումնական ծրագրերը կատարելագործելու և բարելավելու փոխարեն, մի կողմ են դրվել «Հայոց պատմություն» առարկայի հայրենական դասավանդմանփորձն ու ծրագրերը, վերցվել են արտասահմանյան որոշ երկրների պատմության դասագրքերի կաղապարները և «լցվել» Հայաստանի պատմության փաստական տվյալներով։ Գնահատելով և արժեվորելով այլ երկրների դասավանդման փորձն ու դասագրքերը, միանգամայն սխալ ենք համարում դրանց կաղապարների կրկնօրինակումը Հայաստանի դպրոցների համար, նկատի ունենալով յուրաքանչյուր երկրի պատմության և մանկավարժական ավանդույթների առանձնահատկությունները։

2․Անհասկանալի և լիովին չարդարացված են ժամանակագրական մեծածավալ բացթողումներն ու խառնաշփոթն ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների ծրագրերում։ Այստեղ առնվազն պետք է հիշել ու պահպանել մեր պատմահայր Մովսես Խորենացու թևավոր խոսքի վերածված միտքը՝ «Պատմությունը ճշմարիտ չէ առանց ժամանակագրության»։  Բերենք կոնկրետ օրինակներ։

Հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը (7-9-րդ դասարաններ՝ նախկին 6-9-րդի փոխարեն) ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի՝ Ք.ա․ IX դարից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Ներածությունից հետո (որում ներկայացվում ենՀայաստանի պատմական աշխարհագրությունն ու մեր երկրի մասին հնագույն դիցաբանական պատկերացումները) առաջին թեման է՝ «Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը»։ Դա մեծ բացթողում է և կոպիտ սխալ։ Ներածությունից հետո նախ պետք է ներկայացվի Հայաստանի պատմության վաղնջական շրջանը (նախնադար), որտեղ էլ գտնվում են մեր քաղաքակրթության ակունքները։ Դրանից հետո անհրաժեշտ է անդրադարձ կատարել հայոց ազգածագման հիմնախնդրին, ապա վաղ պետականությունների դարաշրջանին՝ Ք․ա․ III-II հազարամյակներին, որից հետո միայն անցնել համահայկական թագավորություններին։

Նախնադարի, հայոց ազգածագման և վաղ պետականությունների դարաշրջանների անտեսումն իր հերթին բերում է այլ թյուրըմբռնումներ և սխալներ։ Օրինակ, առաջին թեմայի երկրորդ բաժնի վերնագրում կարդում ենք՝ «Տուշպա-Վանը հայոց առաջին մայրաքաղաք» (էջ 8)։ Ք․ա․ III-II հազարամյակների պետական կազմավորումներն ունեցել են իրենց մայրաքաղաքները և, հետևաբար, Տուշպա-Վանը չի կարող հավակնել «հայոց առաջին մայրաքաղաք» լինելուն։

«Հայոց պատմություն» առարկայի ծրագրում նախնադարի, հայոց ազգածագման և վաղ պետականությունների դարաշրջանների բացակայությունը չի կարող արդարացվել 6-րդ դասարանում նախատեսված «Ես, հայրենիքս և աշխարհը» առարկայի ծրագրում դրանց մասին ակնարկներով, քանի որ վերջինս ինքնին անհասկանալի մի կոգնլոմերատ է, ինչի մասին կխոսվի ստորև։

Մեծ դարաշրջաններից բացի, հիմնական դպրոցում կան նաև ավելի փոքր բացթողումներ ևս։ Օրինակ, 7-րդ թեմայում («Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորությունը») ոչ  մի խոսք չկա նույն դարաշրջանի հայկական փոքր թագավորությունների (Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Փառիսոսի և այլն) մասին (էջ 30-33)։ Դա բացարձակապես հիմնավորված չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք այդ թագավորություններում ստեղծված քաղաքակրթական մեծ արժեքները, նաև այն, որ դրանց մի մասը շարունակեց իր գոյությունը Անիի թագավորության անկումից հետո։14-րդ թեմայում բաց է թողնված «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին․ Կովկասյան ճակատը և հայ կամավորական շարժումը»․ սա նույնպես չհիմնավորված բացթողում է․․

3․ Շատ ավելի տխուր է վիճակն ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում, որը կարելի է բնորոշել իբրև ժամանակագրական չհիմնավորված քաոս։ Այստեղ ևս մեր պատմությունը սկսվում է Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունով։ Ահա 10-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․Առաջին  կենտրոնացված  համահայկական պետություններըՀայկական լեռնաշխարհում,

2․ Միասնական հայկական պետությունից մինչև  աշխարհակալ տերություն,

3․ Պետականաշինության  գործընթացը  վաղ ավատատիրության շրջանում,

4․Զարգացած ավատատիրության  փուլը. Բագրատունյաց պետականությունը,

5․ Կիլիկյան հայկական  պետությունը։

Թվում է, թե, ավարտվելով 14-րդ դարում, դասընթացը 11-րդ դասարանում պետք է շարունակվի 15-րդ դարից, սակայն մեզ այստեղ սպասվում է մեծ անակնկալ՝ վերադարձ 5-րդ դար․․․ Ահա 11-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․Պայքար ինքնության պահպանման համար   5-6 դդ․,

2․Ինքնությանը սպառնացող մարտահրավերները 7-9 դդ.,

3․Ազատագրական պայքարի գաղափարական փուլը,

4․ Ինքնության  համար  պայքարը   20-րդ դ.,

5․Անկախության վերականգնումը20-րդ դարավերջին։

Շատ ավելի մեծ պետք է լինի աշակերտի զարմանքը, որը 11-րդ դասարանում 10-րդ դասարանի բացթողումները լրացնելուց և 20-րդ դարավերջին անկախության վերականգնումով մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ուսումնասիրելուց հետո 12-րդ դասարանում կրկին վերադարձ պետք է կատարի, այս անգամ՝ խորհրդահայ հասարակություն․․․ Ահա 12-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․Ազգային զարթոնքը. Հայկական այլախոհություն,

2․ Խորհրդահայ հասարակությունը,

3․Գիտական ևտնտեսական նորարություն,

4.Մշակութային և կրթական  նորարությունը. Երևանը մշակութային կենտրոն։

Ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է, որ ժամանակագրականից բացի՝ առկա է նաև պատճառ-հետևանքային կապի բացակայություն։ Ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել հեղինակներն ավագ դպրոցի երեք դասագրքերի այս ծրագրերը կազմելիս։

Եթե 10-րդ դասարանի համար ընտրվել է պետականության թեմատիկան, անհասկանալի է, թե ինչու այն չի սկսվում պետականության ծնունդից, Ք․ա․ III-II հազարամյակների վաղ պետական կազմավորումներից և հասնում մինչև հանրապետությունների դարաշրջանը, որը մեկնարկեց 1918 թ․ և շարունակվում է ցայսօր։

Եթե 11-րդ դասարանի համար ընտրվել է ազգային-ազատագրական պայքարի թեմատիկան, անհասկանալի է, թե ինչու չի ներառված հայերի ազատագրական պայքարը Աքեմենյան տերության դեմ, ինչի մասին վկայում են հանրահայտ Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը, Ք․ա․ 360 թ․ Երվանդ Բ-ի ապստամբությունը և, ի վերջո, Հայաստանի անկախացումը Ք․ա․331 թ․, և այն պահպանելու համար մղված պայքարը Ք․ա․4-րդ դարի վերջին տասնամյակներին։ (Պետք է նշել նաև, որ ծրագրում «ազգային-ազատագրական պայքարի» փոխարեն հաճախ օգտագործվում է «ինքնության  համար  պայքարը», որը միշտ չէ, որ արդարացված է)։

Իսկ 12-րդ դասարանի թեմաների ընտրությունը միանգամայն անհասկանալի է և չպատճառաբանված։

4․ Շատ ավելի մեծ խառնաշփոթ է 6-րդ դասարանի համար նախատեսված «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագրում, որն, ինչպես նշվեց, զանազան նյութերի կոնգլոմերատ է և, կարծես թե, միտում ունի լրացնելու Հայոց պատմության վաղ շրջանի թեմաները։

Նախ զարմանալ կարելի է, թե ինչ տրամաբանությամբ են ընդամենը 12 տարեկան երեխայի համար նախատեսված առարկայի ծրագրում ընդգրկվել հետևյալ թեմաները՝

– «Հնագույնհնդկականևիրանա-հայկականդիցաբանություններիևկրոնա-փիլիսոփայականհամակարգերիհամեմատություն»(էջ 14),

– «ԵգիպտականԱստվածակենտրոնքաղաքակրթությունիցմինչևՀունաստանիմարդակենտրոնքաղաքակրթություն, Եվրոպայիառևանգումը, ԷդիպըևՍֆինքսը» (էջ 21),

– «Անտիկաշխարհ. Աստվածներ-հերոսներ-մարդիկ, ԱթենքևՍպարտա, պոլիսիևքաղաքացուգաղափարը, Իրավականակտեր՝Օրենսդիր, գործադիրդատական, մարդուիրավունքներևայլն, հույնբնափիլիսոփաներիհայացքները, Պյութագորաս, պյութագորականհամայնքը՝իդեալականհասարակությունստեղծելուփորձ, Սոկրատ-Պլատոն-Արիստոտել-Ալեքսանդր, Ալեքսանդրիարշավանքը՝Դիոնիսոսիճանապարհորդությանհետքերով, հելենիզմի առաջացումը» (էջ 21) և այլն։

Միանգամայն անհասկանալի է, թե «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրն ինչու է ընդգրկում նյութեր միայն Հին աշխարհից․ ինչո՞ւ նման անվանումով դասագիրքը չի կարող նյութեր ընդգրկել միջնադարից, նոր ու նորագույն շրջաններից․․․

Այդ առարկայի ծրագիրը ներկայանում է հինգ թեմաներով՝

1․Նախապատմությունից դեպի պատմություն,

2․Ի՞նչ կարող ենք սովորել հնագույն քաղաքակրթություններից,

3․ Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը,

  1. Համաշխարհային հավատալիքները,
  2. Նորամուծություններն ու գաղափարները փոխում են աշխարհը։

Առաջին թեմայի 7 բաժիններից միայն մեկն է նվիրված Հայաստանին։ Զարմանալի երևույթ ենք տեսնում երկրորդ թեմայի 7-րդ և 8-րդ բաժիններում․ այդ երկու բաժիններն էլ վերաբերում են միևնույն նյութին՝ Հայաստանի Ք․ա․ III-II հազարամյակների վաղ պետական կազմավորումներին, սակայն տարբեր ձևակերպումներով ներկայացված են իբրև տարբեր բաժիններ՝ « ՎաղպետականկազմավորումներըՀայկականլեռնաշխարհում (Ք.ա. III հազարամյակիցմինչևՔ.ա. I հազարամյակ)» և «Հայկականլեռնաշխարհիվաղպետականկազմավորումները (Արատտա, Արմանում, Հայասա, Նաիրի)» (էջ 16)։ Լիովին անհասկանալի է 3-րդ թեմայի («Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը») առկայությունն այս դասագրքում, քանի որ այն ամբողջությամբ կրկնվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում․․․

5․«Հայոց պատմություն» առարկայի ծրագրում տեղ են գտել նաև փաստական սխալներ, որոնք պատիվ չեն բերում այն կազմողներին։ Նշենք մի քանիսը․

– Արտաշես I-ը՝ համահայկական պետության  հիմնադիր(էջ 15)։ Վերնագրում առկա է սխալ․ Արտաշեսը վերականգնեց միայն Մեծ Հայքի թագավորությունը, որից անջատվել էր Ծոփքը և դարձել առանձին թագավորության։ Ինչպե՞ս կարող է Արտաշես Ա-ի պետությունը համարվել «համահայկական», երբ վերջինիս կողքին կային ևս երեք հայկական թագավորություններ՝Ծոփքը, Փոքր Հայքն ու Կոմմագենեն։

– «ՀայժողովուրդըՀայրենականմեծպատերազմիտարիներին» վերնագրի (էջ 71) փոխարեն ճիշտ է օգտագործել «ՀայժողովուրդըԵրկրորդ աշխարհամարտիտարիներին»՝ երկու պատճառով։ Նախ Երկրորդ աշխարհամարտի սկզբից (1939 թ․) տասնյակ հազարավոր սփյուռքահայեր են մասնակցել պատերազմին: Եվ երկրորդ, «Հայրենականմեծպատերազմը» խորհրդային պատմագրությունից ժառանգություն մնացած եզրույթ է, որը ճիշտ չէ նույն իմաստով Հայոց պատմության մեջ գործածելը (վերջինիս մեկանգամյա կիրառումն ամբողջ 6-ամյա դասընթացում աշակերտի մոտ կարող է թյուրըմբռնման առիթ դառնալ)։

– Կիրառվող սխալ եզրույթների թվին է դասվում նաև «Լեռնային Արցախը» (էջ 101), որը «Լեռնային Ղարաբաղ»-ի արհեստական հայացման արդյունք է և առաջ է բերում իմաստային սխալ։ «Արցախը» և «Ղարաբաղը» աշխարհագրական առումով տարբեր տարածք են ընդգրկում, հետևաբար մեկը մյուսին փոխարինել չեն կարող։

– 9-րդ դասարանի 16-րդ թեմայի ենթաբաժիններից մեկը վերնագրված է՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) 1921-1988 թթ․» (էջ 71): Սա այն դեպքում, երբ, որպես դասագրքային ճշմարտություն, հայտնի է, որ ԼՂԻՄ-ը ձևավորվել է 1923, ոչ թե 1921 թ․, և գոյություն է ունեցել ոչ թե մինչև 1988, այլ՝ 1991 թ․, դառնալով Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կորիզը։

6․ Նախագծում չափազանց շատ են անփութության հետևանքով տեղ գտած և բացասական տպավորություն առաջացնող վրիպակներն ու ուղղագրական սխալները, որոնց ավելորդ ենք համարում անդրադառնալը։

7․Նախագծում արտացոլված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրումը Հայոց պատմության մեջ ո´չ բովանդակային առումով, ո´չ էլ ժամաքանակով։ Ներկայումս «Հայոց պատմություն» առարկան հիմնական դպրոցում դասավանդվում է 204 ժամով, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 132 ժամով։ Միավորման պարագայում կստացվեր 336 ժամ, մինչդեռ ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 255 ժամ։ Ավագ դպրոցում «Հայոց պատմությունը» ներկայումս անցնում են 170 ժամով, «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 68 ժամով։ Ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 172 ժամ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմության» ժամերն «անհետանում» են․․․ Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, ամբիոնը գտնում է, որ նշվածերկու առարկաների միավորումը սխալ գաղափար էր, քանի որ դրանք ունեն տարբեր խնդիրներ և նպատակներ։

Նկատի ունենալով վերոնշվածը (նաև նկատված, սակայն այս տեքստում տեղ չգտած բազմաթիվ բացթողումներն ու սխալները), ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն արձանագրում է, որ ներկայացված նախագծում Հայոց պատմությունը ներկայացվում է ժամանակագրական բացթողումներով և բովանդակային աղճատումներով։ Նման ծրագրով «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլև աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ։ Ամբիոնը գտնում է, որ ներկայացված ծրագիրը ենթակա չէ կոսմետիկ շտկումների ու խմբագրման։ Այն պետք է լիովին մերժել և ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն իր անվարձահատույց ծառայությունն է առաջարկում այդ աշխատանքներին։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝

22․07․2020

Արտակ Մովսիսյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ