19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման. Արտաշես Գեղամյան

D7FDF3E8-E808-4BF2-9580-A73D2E9B40CD

ԱՆՈՏԱՑԻԱ. Հարավային Կովկասի տարածաշրջանին սպառնում է լայնածավալ արյունահեղ պատերազմի վերսկսման վտանգը։ Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, իր երկրի հասարակայնության ուշադրությունը օրախնդիր հարցերից շեղելու համար, որոնք ավելի են խորացել կորոնավիրուսի համավարակով և նավթի գների անկմամբ, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայով և նրա կլանի առասպելական հարստացմամբ, ստիպված է լինելու պատերազմ սադրել։ Իսկ Նիկոլ Վովաևիչը ստիպված է լինելու այս հարցում օժանդակել «կոռուպցիայի գծով իր ուսուցչին»։

Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի շատ է դիրքավորվում որպես ափշերոնյան սուլթան, կկարողանար ոգեշնչել ինձ գրելու «հիացական» արձագանք իր հերթական ելույթի վերաբերյալ։ Եվ այսպես, հարգելի ընթերցող, ս.թ. հունիսի 25-ին ափշերոնյան սուլթանը, նույն ինքը՝ Ադրբեջանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը մասնակցել է սուլթանության պաշտպանության նախարարության N զորամասի բացմանը, որի ընթացքում էլ ելույթ է ունեցել (br.az/xronika/20200629111429437.html)։ Նրա ելույթն էլ հենց ոգեշնչել է ինձ գրիչ վերցնել և փորձել անմահացնել նրա սույն ելույթ-ախտորոշումը։ Լինելով, ինչպես և Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը, տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչ, մուալիմ Իլհամը անհանգստություն է հայտնել միջազգային իրավունքի նորմերի խախտումների առիթով. «Միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են, չեն պահպանվում։ Ցավոք, այսօր միջազգային հարաբերություններում գերակշռում է «ով ուժեղ է, նա էլ իրավացի է» սկզբունքը (ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի գործունեության դաժան գնահատական – Ա.Գ.)։ Մենք տեսնում ենք, նկատում ենք դա և պետք է մեր քայլերը ձեռնարկենք դրան համապատասխան, որովհետև մենք պետք է հաշվի առնենք ռեալ իրավիճակը։ Միջազգային իրավունքի նորմերի խախտումը պետք է դրդի ցանկացած երկրի ուժեղացնել իր պոտենցիալը, և մենք արդեն վաղուց ձեռնամուխ ենք եղել դրան։ Հենց դրա արդյունքում է, որ ադրբեջանական բանակն այսօր օժտված է բարձրագույն պրոֆեսիոնալիզմով (ինչի վկայությունը Ապրիլյան (2016թ.) պատերազմն է, որը սանձազերծեց Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ, երբ Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները տասնապատիկ գերազանցեցին Արցախի Պաշտպանության բանակի կորուստները, ինչի արդյունքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարությանը խնդրեց խաղաղության միտել հայկական կողմին – Ա.Գ.)։ Միևնույն ժամանակ, իմ ցուցումով վերջին տարիներին կազմակերպվում է մեր բանակի հագեցումը զենքով, զինամթերքով և տեխնիկայով։ Այդ նպատակների համար միլիարդավոր դոլարներ են ծախսվել»։ Թվում է՝ ոչ մի նոր բան չի հնչել ափշերոնյան սուլթանի ելույթում։ Նույն ռազմաշունչ կոչերը, որոնք լսելիս տպավորություն է ստեղծվում, թե Իլհամ Ալիևն անընդհատ կրկնում է այդ կենացները՝ երկակի նպատակով։ Առաջին՝ համոզել ինքն իրեն, որ իրականում այդպես է, որ կա, երկրորդ՝ համոզել իր թուրք հովանավորներին, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են պատերազմ սկսել։ «Ըստ էության, եթե օբյեկտիվ վերլուծություն կատարենք, ապա կարելի է տեսնել, որ այնտեղ (նկատի ունի Հայաստանը – Ա.Գ.) զարգացման հեռանկարներ չկան, որովհետև երկիրը չի կարող պահել իրեն, պաշտպանել իր սահմանները, նրանց սահմանները պաշտպանում են արտասահմանյան երկրների զինվորներն ու սպաները։ Երկիրը չի կարող ապահովել իր ռազմական ուժը, արտասահմանյան պետությունն այնտեղ ռազմակայան ունի (ափշերոնյան սուլթանի մեջ ինչ-որ կենդանական սարսափ է առաջացել Ռուսաստանի հիշատակումից, որի սահմանապահ ջոկատները պաշտպանում են Հայաստանի պետական սահմանը, իսկ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանն է։ Ըստ երևույթին, այս իրողությունը խիստ սառեցնում է ադրբեջանա-թուրքական բազեների ռազմատենչ ավյունը – Ա.Գ.)։…Միևնույն ժամանակ, երկիրը հարևաններին, ընդ որում՝ այնպիսի հարևանի, ինչպիսին այնպիսի խոշոր պետությունն է, որպիսին է Թուրքիան, տարածքային պահանջներ է ներկայացնում։ Թուրքիայի դեմ առաջադրում է չհիմնավորված մեղադրանքներ «ցեղասպանության» մասին։ Ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել (հո հիշողության կորուստ չունի՞ Ի.Ալիևը։ Դե ինչ, հիշեցնենք ափշերոնյան սուլթանին, որ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և 1918թ. Մուդրոսի զինադադարից հետո հաղթող երկրները Թուրքիայից պահանջեցին պատժել ռազմագերիների և հայերի դեմ հանցագործությունների մեղավորներին։ Թուրքական ռազմական տրիբունալը, որը քննում էր «Միություն և առաջադիմություն» (Իթթիհաթ) կուսակցության ղեկավարության՝ հայերի և հույների զանգվածային սպանությունների պատասխանատվության մասին դատական գործերը, ապացուցված համարեց Իթթիհաթի առաջնորդների կողմից հայերի կազմակերպված սպանության փաստը, նրանց մեղավոր ճանաչեց և Իթթիհաթի առաջնորդներ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին ու դոկտոր Նազիմին դատապարտեց մահապատժի։ Ալիևը չէր կարող չիմանալ սա, ինչպես նաև չիմանալ այն, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2005), Վատիկանը և ավելի քան 30 երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը, Լիբանանը, Լիբիան – Ա.Գ.)»։ Որպեսզի հիշողության լիակատար կորստի կամ ավելի ծանր հիվանդության հետ կապված պատկերն ավելի ամբողջական լինի՝ մեջբերեմ Իլհամ Հեյդարովիչի այդ նույն ելույթից այլ գոհարներ, որոնք առավել պերճախոս կերպով են ապացուցում այժմ արդեն գաղափարախոսական աշխատանքի վերաբերյալ նրա պատկերացումների մասին. «Ես քանիցս ասել եմ, որ մենք, ցավոք, չենք իմացել մեր իսկական պատմությունը, մենք մեղավոր չենք դրանում, որովհետև մենք այդպես ենք կարդացել, մեզ այդպես են սովորեցրել։ Ադրբեջանական ժողովրդի թշնամիները մատուցվել են որպես հերոսներ։ Բաքվի 26 կոմիսարների ավազակախումբը մատուցվել է որպես հերոսներ։ Հանցավոր հայ ազգայնականները, որոնք գլխավորում էին այդ ավազակախումբը, մատուցվել են որպես հերոսներ։ Նրանց անունները շնորհվել են շրջանների, նրանց համար հուշարձաններ են կերտել։ Ադրբեջանական ժողովրդի դահիճ Շահումյանի հուշարձանն է կանգնեցվել, նրա անունը հավերժացվել է։ Եվ այնուամենայնիվ, մեղքը մերը չէ։ Այդպիսին էր խորհրդային իշխանության պատմությունը»։ Իսկ այժմ, հարգելի ընթերցող, մեկ այլ մեջբերում կատարենք Ալիևի ելույթից, ոչ, ոչ, Իլհամի չէ, այլ Հեյդար Ալիռզա օղլիից՝ ներկայիս ափշերոնյան սուլթանի հորից։ Կա 1978թ. Բաքվում հրատարակված մի գրքույկ, որը կոչվում է «Լենինի գործի, կոմունիզմի քաջարի մարտիկը. Ս.Գ. Շահումյանի ծննդյան 100-ամյակի առիթով»(Հ.Ա. Ալիևի զեկուցումը կարդացվել է Ս.Գ. Շահումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովում, որը տեղի է ունեցել Բաքվում 1978թ. հոկտեմբերի 11-ին, kornelij.livjournal.com/988513.html)։ 26-րդ էջում կարդում ենք. «Եվ այսօր մենք հպարտությամբ և սիրով ասում ենք, որ հայ ժողովրդի մեծ զավակը՝ Ստեփանը, նաև ադրբեջանական ժողովրդի, Անդրկովկասի բոլոր ժողովուրդների, խորհրդային բազմազգ և միասնական ժողովրդի զավակն է (բուռն, երկարատև ծափահարություններ)»։ Այս գրքույկում ալիևյան այլ արտահայտություններ էլ կան. «Պրոֆեսիոնալ հեղափոխական Ստեփան Գեորգիի Շահումյանի կարճ, բայց վառ, խոր բովանդակությամբ լի կյանքը, կուսակցական և պետական բազմակողմանի գործունեությունը հանուն աշխատավոր ժողովրդի ազատության և երջանկության, կոմունիզմի իդեալների հաղթանակի անմնացորդ պայքարի խորհրդանիշ են։ Ստեփան Շահումյանն աչքի էր ընկնում վառ մտքով, վերլուծության խորությամբ, երևույթների էության մեջ թափանցելու, դրանց դիալեկտիկական ողջ օրինաչափությունը տեսնելու զարմանալի կարողությամբ։ Գաղափարական անսասանություն, բոլշևիկյան սկզբունքայնություն, անսահման նվիրվածություն բանվոր դասակարգին, անզիջում վերաբերմունք հեղափոխության թշնամիների հանդեպ՝ այսպիսին է Ստեփան Շահումյանի հերոսական բնույթի կերտվածքը։ …Ստեփան Գեորգիի Շահումյանի ազնիվ կերպարը ոգևորիչ օրինակ է Ադրբեջանի աշխատավորների բոլոր սերունդների համար (բուռն ծափահարություններ)»։ Նշենք, որ 1978թ. հոկտեմբերին, այն պահին, երբ կարդացվում էր այս ելույթը, Հեյդար Ալիևը հասցրել էր 26 տարի աշխատել Ադրբեջանի ՊԱԿ-ում (ԿԳԲ, դրանցից վերջին երկուսը՝ Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ նախագահ) և 8 տարի՝ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ Նրան հասանելի էին բոլոր գաղտնի փաստաթղթերն ու արխիվները։ Մի խոսքով՝ ըստ էության, չէին կարող պատահական գնահատականներ և պատմական փաստերի խեղաթյուրումներ լինել այսպիսի բարձր մակարդակով։ Ասվածի հակառակը կանխամտածված նենգափոխում է՝ նսեմ կոնֆորմիզմի համադրությամբ։ Չափից ավելի լավ եմ դաստիարակված, որպեսզի վերջնական գնահատական տամ հայր և որդի Ալիևների հակառակության նման խոր դրսևորմանը, բայց, իհարկե, գործ ունենք ոչ թե հայրեր-որդիներ հակասության տուրգենևյան ընկալման, այլ շատ ավելի հասարակ մի հանգամանքի հետ։ Սա ժամանակակից նենգ նեոօսմանիզմի՝ նսեմ երկերեսանի քաղաքականության բնորոշ դրսևորում է՝ իսպառ զուրկ որևէ բարոյական նորմից։ Ի դեպ, որդու կողմից Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ (1982-1987թթ.) Հեյդար Ալիռզա օղլիի հանդեպ այս սրբապղծության վերջնական գնահատականը կտա պատմությունը։ Իսկ մենք նշենք, որ այժմ Ադրբեջանի բոլոր քաղաքներում կենտրոնական պողոտաները, փողոցները, ինչպես նաև բազմաթիվ օբյեկտներ երկրի տարբեր անկյուններում անվանված են ի պատիվ, Իլհամ Ալիևի խոսքերով՝ «ավազակ Ստեփան Շահումյանի» համոզված և կրքոտ գաղափարական հետևորդ Հեյդար Ալիևի։ Եվ ինչպես «Կատիլինայի դեմ առաջին ելույթում» ասել է ծերուկ Ցիցերոնը՝ «O tempora! O mores!»(«Օ, ժամանակներ, օ, բարքեր»)։

Վերադառնանք մուալիմ Իլհամի մյուս ոչ պակաս ինքնատիպ մտքերին։ XX դարասկզբի պատմության բավական յուրօրինակ իմացությունը, որ ի հայտ եկավ նրա ելույթում, իր ստեղծագործական զարգացումը ստացավ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության իրադարձությունների գնահատականներում։ Ափշերոնյան սուլթանն անհողդողդ է իր գնահատականներում. «Կարող եմ ասել, որ Հայաստանի անկախության պատմությունը, ըստ էության, խայտառակ պատմություն է, որովհետև ներկայիս իշխանությունը(խոսքը Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի մասին է – Ա.Գ.) արդեն քանիցս հայտարարել և ապացուցել է, որ Հայաստանը 1998-2018թթ. ղեկավարած անձինք հանցագործներ են, գողեր, ավազակներ։ Նրանցից շատերը ձերբակալված են։ Հայտնի է դարձել, որ նրանց գեներալները գողեր են, որոնք զինվորի տուշոնկա են գողանում և վաճառում այն շուկայում։ Նրանց հերոսները հանցագործներ են, նրանց նախագահները՝ կաշառակերներ։ Ներկայիս իշխանությունը բացահայտել է այս ամենը»։ Ի գիտություն ընթերցողների՝ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անցած երկու տարում, չնայած ՀՀ ներկայիս իշխանությունների և անձամբ Նիկոլ Վովաևիչի կոշտ ճնշմանը, սպառնալիքներին և շանտաժին, չկա դատական ատյանի որևէ որոշում, որը դատավճիռ կայացրած լիներ Փաշինյանի և КО-ի, իսկ այժմ՝ հասարակական մեղադրողի պատմուճան հագած ափշերոնյան սուլթան Իլհամ օղլիի (արդարության այն նույն մարտիկի, որը հերոսացրեց դահիճ Ռամիլ Սաֆարովին՝ այն նույն մարդասպանին, որը գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին) կողմից նախկին իշխանություններին վերագրվող մեղադրանքների գործով։ Հիշեցնենք ընթերցողներին, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում, ուր նրանք հրավիրվել էին ՆԱՏՕ վերապատրաստման դասընթացներ անցնելու համար, Ալիևի սիրեցյալ Ռամիլ Սաֆարովը կացնով գլխատեց քնած հայ սպային։ Այնուհետև Ալիևը շարունակել է. «Եկեք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ 2018 թվականից հետո։ Այնտեղ իբր կատարվեց ժողովրդավարական հեղափոխություն։ Այդ ամենը սուտ է։ Մենք գիտենք, թե որտեղից են այնտեղ փողեր եկել, հավանաբար գիտի նաև հայ ժողովուրդը (դե ինչ, ով՝ ով, բայց Ալիևն այդ մասին հիանալի տեղեկացված է, քանի որ ինքն է ֆինանսավորել Ջորջ Սորոսի «բաց հասարակություն» հիմնադրամը $48 մլն գումարով պետական հեղաշրջում իրականացնելու և հայոց պետականության հետագա փլուզման համար – Ա.Գ.)։ Պարզապես նայեք ներկայիս ղեկավարների կենսագրությանը, նայեք, թե ինչ հիմնադրամներում են նրանք աշխատել, ումից են փող ստացել։ Այդ «հեղափոխությունների», իսկ ըստ էության՝ հետխորհրդային տարածքում արյունալի հեղաշրջումների կազմակերպիչներն այսօր Հայաստանի ղեկավարների հովանավորներն են»։ Ա՛յ թե խելոք ես, կեցցե՛ս, Իլհամ օղլի։ Վերջապես գոնե մեկ ճիշտ գնահատական կորզեց իրենից։ Սակայն այստեղ ցանկանում եմ գովել Նիկոլ Վովաևիչին՝ իր իսկ սիրեցյալին։ Այո, այո, հարգելի ընթերցող, կարդալով այս տողերը՝ հավատացեք ձեր աչքերին։ Գովել այն բանի համար, որ «ժողվարչապետը», երևանյան սլենգով ասած՝ «շպրտեց, քաշեց Սորոս պապին ու КО-ին»։ Փողերը վերցրեց, ինչպես ասում է ժողովրդական խոսքուզրույցը, անշարժ գույք ձեռք բերեց Կանադայում ու Շվեյցարիայում, «ոսկեզօծեց» քնքշանքով «քաղաքական խեղկատակ» անվանվող ազգական-մերձավորների ձեռքերը և, ինչպես ասում են, ցվրվեց։ Ոչ, նա դեռ չի փախել, բայց, դատելով ափշերոնյան սուլթանի ցասումնալի լացուկոծից, պատվերը, հանուն որի կատարման հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ նրան իշխանության բերելու համար, նրա կողմից չի կատարվել։ Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը, հույս ունեմ, չի տրվի Նիկոլ Վովաևիչի ուղեվարների ու հենց նրա նենգամտություններին։ Այլ բան է, որ Փաշինյանն իր բոլոր գործողություններով այսուհետ ևս կսասանի հայոց պետականության հիմքերը, սեպ կխրի հայկական երկու պետությունների քաղաքական էլիտաների միջև։ Միևնույն ժամանակ, կասկած չի հարուցում, որ նրա բացահայտ հակառուսական, հակահայկական ստոր արարքներն ու որոշումները, որոնք հատկապես ակտիվացել են վերջին ժամանակներս, ինքնատիպ արդարացում են անդրօվկիանոսյան տերերի առջև՝ օվկիանոսի այն կողմից իջեցված պատվերի կատարումն ուշացնելու համար։ Որպեսզի ավելի պարզ լինի՝ հիշեցնենք ընթերցողներին, որ մեր օրերում՝ կորոնավիրուսի համավարակի թեժ պահին, Հայաստանում շտապ գումարվում են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստեր, որոնցում, ըստ էության, ընդունվում են հակասահմանադրական օրենքներ, ինչպես նաև ջղակծկումների մեջ ընդունվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը։ Այս կապակցությամբ նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այս առիթով շատ նուրբ, բայց և միաժամանակ սկզբունքային ձևով հանդես է եկել հայտարարությամբ։ Որոշ մեջբերումներ կատարենք այդ հայտարարությունից. «Այս հարցը Հայաստանի, իբրև ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, օրենքն ուղղակի ազդեցությունկունենա Հայաստանում ռուսականհեռուստաալիքների հեռարձակման վրա։Հասկանալի է, մենք ուշադիր հետևում ենք դրա քննարկման գործընթացին։ Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների ընդունմամբ, որը պետք է լիովին փոխարինի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»գործող օրենքին, ենթադրվում է օտարերկրյա (իմա՝ ռուսական)հեռարձակողների բացառում Հայաստանի հանրային մուլտիպլեքսից։ Նորից ըստ փաստի՝ խոսքը գլխավորապես ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ անկախ հայկական պետության կայացման դեռ վաղ փուլից ռուսերենը ֆորմալ տեսակետից կորցրեց իր որևիցե հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջներն ըստ էության շարունակում են այդ պրոցեսը… Սակայն, չնայած (կարգավիճակի) բացակայությանը՝ հասկանալով հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար՝ ռուսական կողմը հանդես է բերում կառուցողական տրամադրվածություն և պատրաստակամություն է հայտնում համատեղ ջանքերով ԵՏՄ շրջանակում գտնելու այս բարդ, համալիր հարցի ընդունելի լուծում՝ հաշվի առնելով մեր երկրների միջև հատուկ կապերը»,- ասվում է հայտարարությունում։ Սակայն Նիկոլ Վովաևիչի և КО-ի հակառուսական դեմարշը սրանով չավարտվեց։ Այսպես, նիկոլվովաևիչյան խառնամբոխի հերթական հակառուսական ստոր հարձակումը դարձավ հայատյաց Ալեքսեյ Նավալնու ելույթը Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսությամբ։ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ՀՀ Հանրային հեռուստատեսությունը եթեր է տրամադրում սադրիչ և նացիստ, Հայաստանն ու հայերին ատող Ալեքսեյ Նավալնուն «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանությունների կարծիքը» ռեպորտաժի շրջանակում։ Չեմ ներկայացնի օվկիանոսի այն կողմից ֆինանսավորվող քաղաքական այդ փոխակերպուկի անտաշ արտահայտությունները, որպեսզի չտարածեմ այդ նեխած չարաբանությունները, այլ միայն մեջբերում կկատարեմ Հայաստանում խորապես հարգված տաղանդավոր հեռուստամեկնաբան, ինտելեկտուալ, հայրենասեր-դերժավնիկ, ինտերնացիոնալիստ, Հայաստանի ու հայ ժողովրդի իսկական բարեկամ Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովի արձագանքից։ Այսպես, YouTube-ի «Սոլովյով-LIVE» ալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովն ասաց. «Տեսեք՝ ինչ հետաքրքիր է, մենք այնպես ենք սիրում Հայաստանը՝ մեզ բարեկամ երկիր, իսկ տեսեք, թե ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանում հանրային հեռուստատեսությամբ մտցված փոփոխությունների մասին քվեարկության վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնուն, որը հայերին խաչիկներ է անվանել, որն ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում նրան։ Եվ Դուք՝ Հանրային հեռուստատեսություն, վերցնում եք այս մարդուն ու ցույց տալիս ձեր եթերո՞ւմ։ Դե լա՛վ է»,- ասաց Վլադիմիր Սոլովյովը։ Որքան էլ ցավալի լինի խոստովանել, բայց փաստ է այն, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո Հայաստանը գտնվում է անդրօվկիանոսյան ամենամոլի հակառուսական ուժերի արտաքին կառավարման ներքո։ Իսկ Նիկոլ Վովաևիչ անվանյալ քաղաքական խեղկատակը ընդամենը հայոց պետականության փլուզման գործիք է, ինչն անփոփոխ ուղեկցվելու է ադրբեջանա-թուրքական զինվորականության նոր ռազմական ագրեսիայով Արցախի Հանրապետության դեմ՝ Նախիջևանի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության միաժամանակյա ապակայունացմամբ։ Չէ՞ որ ափշերոնյան սուլթանը հենց այնպես չէ իր հավերժահիշատակ ելույթում ասել. «Իհարկե, գլխավորը մարտունակությունն է։ …Այս ուղղությամբ նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ Այս մասին են վկայում ինչպես 2016, այնպես էլ 2018թթ. ռազմական գործողությունները։ …Հաջող նախիջևանյան գործողության արդյունքում մենք օկուպանտներից ազատագրեցինք ավելի քան 10 հազար հեկտար մակերեսով տարածք և դուրս եկանք ռազմավարական բարձունքներ։ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհն անցնում է մեր աչքերի առջևով։ Ուստի, անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, որպեսզի մենք ցանկացած պահի պատրաստ լինենք տարածքային ամբողջականության վերականգնմանը»։

Սակայն N զորամասի բացման ժամանակ Իլհամ Ալիևի ելույթի համնուհոտը դարձան անկեղծ ափսոսանքի խոսքերը դիմացինի՝ Նիկոլ Վովաևիչի համար։ Այն նույն Նիկոլ Վովաևիչի, որը անկեղծության պոռթկման պահին գովել էր Ալիևին։ Մեջբերեմ միայն մի կտոր ՀՀ «ժողվարչապետի» արտահայտություններից Դուշանբեում 2018թ. սեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժողովից հետո։ Նիկոլ Վովաևիչը, պատմելով ափշերոնյան սուլթանի հետ զրույցից հետո ստացած տպավորությունների մասին, այնպիսի բան էր ասել, որ ադրբեջանական լրատվամիջոցները հիացած հրապարակել էին նրա բարբաջանքը։ Axar.az ինտերնետ-պարբերականն, օրինակ, իր կայքում հրապարակել էր հոդված՝ «Կիրթ մարդ է. Փաշինյանը Ալիևի մասին» վերնագրով (ru.axar.az/news/politika/311953.html), որն սկսվում է այսպես. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց, լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է «Спутник Армения»-ն։ …Նրա խոսքով՝ Ալիևն իր վրա «նորմալ, դրական տպավորություն է թողել»։ Նրանք նորմալ, «քաղաքակիրթ» զրուցել են։ «Նա կիրթ մարդու տպավորություն թողեց»,- նշել է Փաշինյանը»։ Ավաղ, ափշերոնյան սուլթանը չգնահատեց Նիկոլ Վովաևիչի այսքան վեհանձն ժեստը, վերցրեց ու ներկայացրեց ՀՀ «ժողվարչապետի» իր ընկալումը։ Այդ ի՞նչ տարօրինակ բաներ է ասել իր ելույթում մուալիմ Իլհամը. «Ի՞նչ են ցույց տալիս վերջին իրադարձությունները։ Քաղաքական ընդդիմախոսները հետապնդվում են (տեսեք, է՛, Իլհամ Հեյդարովիչն այժմ արդեն հանձն է առել պաշտպանել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին… – Ա.Գ.), ձերբակալությունների ենթարկվում, սահմանադրությունում մտցվում են անօրինական փոփոխություններ։ Այն դեպքում, երբ այդ փոփոխությունները կարող են մտցվել միայն հանրաքվեով (արդեն սկսում ես կասկածել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների հետ Ալիևի «ինչ-որ կապի» մասին – Ա.Գ.)։ Տեսան, որ հանրաքվեով չանցավ, փոփոխությունները մտցրին խորհրդարանում։ Նշանակում է՝ իշխանության բաժանումը լիովին խախտված է (այսպես է ասել ժողովրդավարության լուսատու, ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևը – Ա.Գ.)։ Օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, դատաիրավական ոլորտն արդեն գտնվում են մեկ մարդու ձեռքում (ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ իշխանության այդ ճյուղերը գտնվում են երկուսի՝ Իլհամ և Մեհրիբան Ալիև ամուսնական զույգի ձեռքում – Ա.Գ.), գործիք են հանդիսանում, և այդ դիկտատուրան ամրապնդվում է։ Միևնույն ժամանակ, Հայաստանում զանգվածային բնույթ են ստացել կոռուպցիան, թալանը, կաշառակերությունը, քավոր-սանիկությունը։ Այդ ամենն այժմ ջրի երես է դուրս գալիս։ Պարզվում է, ինքը՝ վարչապետն ու նրա ընտանիքը զբաղվում են մաքսանենգությամբ։ Ծխախոտի մաքսանենգության գլխին կանգնած են վարչապետը, նրա ընտանիքն ու մերձավորները։ Դրա հետևից հարուցվում են քրեական գործեր ընդդեմ հարուստ գործարարների, ինչից հետո նրանց հարկադրում են փող փոխանցել իրենց ստեղծած հիմնադրամին։ Իսկ փողերն այդ հիմնադրամից վերցվում ու յուրացվում են։ Այսինքն՝ այսօր Հայաստանի վարչապետն ու նրա մերձավոր ազգականները, շրջապատը վերածվել են կաշառակերության խորհրդանիշի»։ Այո, վրիպել է Նիկոլ Վովաևիչը։ Մի քիչ ավելի կարդացած ու պակաս ինքնասիրահարված լիներ՝ կարող էր սովորել Իլհամ Հեյդարովիչից թաքուն գանձագողությամբ զբաղվելու արվեստը։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կոնկրետ օրինակներ վկայակոչեմ։ Այսպես, Գեորգի Պերեմետինի «Ալիևների ոսկե օֆշորները» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է 04.04.2016թ. ինտերնետ-պարբերականի կայքում, http://compromat.ru/page36762.htm կարդում ենք. «Ադրբեջանի նախագահի աղջիկների բաժինը երկրի ոսկու արդյունահանման բիզնեսում կարող է հինգ անգամ ավելի լինել նախորդ գնահատականներից, ինչպես հետևում է «Պանամական փաստաթղթերից»։ Պետությանը բաժին է հասնում այդ բիզնեսի շահույթի ընդամենը 30%-ը։ Համաձայն Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի, որոնք արտահոսքի արդյունքում ստացել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) և Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OCCRP) լրագրողները, Իլհամ Ալիևի աղջիկները վերահսկում են ոսկու արդյունահանման վեց ձեռնարկություններից բաղկացած կոնսորցիումի 56%-ը… Հետաքննության համաձայն, որն անցկացվել է դեռևս 2013թ. ISIJ-ի կողմից, Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբանը, 2003թ. ձեռք են բերել Rosatund International LTD ընկերությունը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների (օֆշոր) ենթադատության ներքո։ Այսպիսով, Ալիևն իբր խախտել է օրենքը, քանի որ խորհրդարանականի, իսկ հետո նախագահի կարգավիճակը արգելում էին նրան զբաղվել բիզնեսով։ Բացի այդ, նախագահի դուստրերը՝ Արզուն և Լեյլան, 2008թ. դարձան ևս երեք օֆշորային ընկերությունների սեփականատերեր Բրիտանական Վիրջինյան կղզիներում (Arbor Investments, La Belleza Holdings Limited և Harvard Management limited)»։

Մեկ այլ ինտերնետ-պարբերականում (https://www.currenttime.tv./a/27039341.html) 2015թ. մայիսի 27-ին հրապարակվել է հոդված «Ալիևի օֆշորները Ադրբեջանի բյուջեին չեն վճարել հարկերը» վերնագրով, որում, մասնավորապես, գրված է. «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) հրապարակել է օֆշորային ընկերությունների հետազոտությունը, որոնք վերահսկվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների կողմից։ Այդ պաշտոնական ընկերություններին է պատկանում, մասնավորապես, երկրի Azersell Telecom խոշոր բջջային օպերատորի բաժինը։ OCCRP-ի հաշվարկներով՝ Ալիևի ընտանիքի կողմից վերահսկվող ընկերությունները երկրի բյուջե $600 մլն պակաս են վճարել։ Հետաքննությունը նախաձեռնվել էր շվեդա-ֆիննական Telia Sonera հեռուստաընկերության կողմից, որը նույնպես բաժին ունի Azercell-ում»։ Կարելի է Ալիևների ընտանիքի կոռուպցիայի տասնյակ այլ օրինակներ բերել, բայց կսահմանափակվեմ միայն որոշ մեջբերումներ կատարելով «Кавказ. Реалии» ինտերնետ-պարբերականի հոդվածից, որը հրապարակվել է 2018թ. ապրիլի 25-ին «Ճենապակի և անշարժ գույք. ի՞նչ ունի Ադրբեջանի նախագահի ընտանիքը»վերնագրով (https://zen.yandex.ru/media/kavkazr.com/farfor-i-nedvijimost-chem-vladeet-semia-prezidenta-azerbaidjana-5ae07df6bce67e5462ec0e90)։ Եվ այսպես, այդ հրապարակման մեջ կարդում ենք. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի երեխաները տասնյակ օֆշորային ընկերություններ են օգտագործել բիզնեսում, թանկարժեք անշարժ գույքում և ողջ Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում ժամանակակից հյուրանոցներում ներդրումների համար, պարզել են OCCRP կոնսորցիումի լրագրողները (կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ)։ Հետաքննությունն իրականացվել է 18 առաջատար համաշխարհային պարբերականների թղթակիցների կողմից մալթացի լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի զոհվելուց հետո. նրան պայթեցրել էին սեփական ավտոմեքենայում 2017թ. հոկտեմբերին։ Դաֆնա Գալիցիան հրապարակել էր մի քանի հոդվածներ մալթայական Pilatus բանկի գործունեության մասին և առաջինն էր գրել, որ այն կապված է թե՛ ադրբեջանական էլիտայի, թե՛ կղզու իշխանությունների հետ։ OCCRP-ի հետաքննությունը հաստատեց, որ բանկի հաճախորդների ճնշող մեծամասնությունը պատկանում է Ադրբեջանի կառավարող էլիտային։ …Դուբայական Sahra FZCO ընկերությունն ունի հյուրանոց և առանձնատներ Դուբայում, Պալմա Ջումեյրա նախագծի տարածքում։ Արմավենու տեսքով այդ արհեստական կղզին հատուկ ստեղծվել է այնտեղ էլիտար անշարժ գույք կառուցելու համար։ Sahra FZCO ընկերությանն է պատկանում Sofitel Palm Resort & Spa հյուրանոցը… Նույն ընկերությանն են պատկանում 17 առանձնատներ Պալմա Ջումեյրա նախագծի ամենալավ տեղերում՝ «արմավենու տերևների» ծայրերին։ Այդ անշարժ գույքի ընդհանուր արժեքը մոտ $100 մլն է։ Մեկ առանձնատուն էլ Palm Fronds-ի սեփականությունն է, այս ընկերությունը գրանցված է «Իլհամ Ալիևի»՝ Ադրբեջանի նախագահի անվանակցի վրա։ Ընկերությունն օգտագործում է նույն փոստային հասցեն Դուբայում, ինչ և նրա դուստրերը՝ Արզուն և Լեյլան։ OCCRP-ի նախորդ հետաքննությունում ասվում էր, որ Ալիևների ընտանիքն ունի շքեղ հյուրանոցների ցանց Բաքվում և անշարժ գույք արտասահմանում՝ ոչ պակաս, քան $100 մլն արժողությամբ։ Համաձայն լրագրողների կոնսորցիումի մեկ այլ հետաքննության՝ Ադրբեջանի իշխանությունները $2,9 մլրդ են լվացել»։ Էլ չենք ասում Ալիևների կլանի վարպետաց դասերի մասին քաղաքական կոռուպցիայի հարցերում։ Վերցնենք թեկուզ գերմանական Deutche Welle հեղինակավոր պարբերականի հրապարակումը, որում ասվում էր, որ 2018թ. կոռուպցիոն սկանդալը, որը ցնցել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), չլսված բան էր իր մասշտաբներով ոչ միայն վեհաժողովի, այլև այլ միջազգային կազմակերպությունների պատմության մեջ։ IBAC անկախ քննչական մարմինը, որը հետաքննում էր կոռուպցիայի դեպքը ԵԽԽՎ-ում, ներկայացրել է հաշվետվություն, որը վկայում է այն մասին, որ վեհաժողովի մի շարք նախկին և գործող պատգամավորներ խառն են կոռուպցիայի գործում՝ Ադրբեջանի իշխանությունների համագործակցությամբ… Օրերս, այդ իրադարձություններից ուղիղ մեկ տարի հետո, ԵԽԽՎ լիագումար նիստում հոլանդացի պատվիրակ Վան դե Վենը ներկայացրեց իր զեկույցը «Լվացքատներ. նոր մարտահրավերներ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտում» թեմայով։ Հաշվետվությունում հատկապես ընդգծվում են Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները։ Զեկույցում, մասնավորապես, ասվում է. «Վերջին երկու տարում բացահայտվել են փողերի լվացման խոշորածավալ սխեմաներ։ Փողերի լվացման ամենամեծ մեքենան «The Global Laundromat»՝ Գլոբալ լվացքատունն է, որն արմատներ ունի Ռուսաստանում և Մոլդովայում, ինչպես նաև ադրբեջանական լվացքատունը, որը գտնվում է Բաքվում» (https:// news.am/510673.html)։Եվ այս համատեքստում մուալիմ Իլհամը, խոսելով ծխախոտի մաքսանենգության մասին, ըստ երևույթին, մտովի խորհում է այն մասին, թե այդ ինչպես կարող էր պատահել, որ ինքը՝ միջազգային մասշտաբի փորձառու կոռուպցիոները, ստիպված է բանակցություններ վարել ծխախոտի մի ինչ-որ մանր մաքսանենգի հետ։ Իսկ եթե լուրջ, ապա Հարավային Կովկասի տարածաշրջանին սպառնում է լայնածավալ արյունահեղ պատերազմի վերսկսման վտանգը։ Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, իր երկրի հասարակայնության ուշադրությունը օրախնդիր հարցերից շեղելու համար, որոնք ավելի են խորացել մի կողմից՝ կորոնավիրուսի համավարակով և նավթի գների անկմամբ՝ մյուս կողմից, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայով և իր կլանի առասպելական հարստացմամբ, ստիպված է լինելու պատերազմ սադրել։ Իսկ Նիկոլ Վովաևիչը, հայտնվելով ցեյթնոտում անդրօվկիանոսյան տիկնիկավարների՝ Ռուսաստանի հարավային սահմաններին ապակայունացում հրահրելու, Գյումրիից ռուսական 102-րդ ռազմակայանը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերի չորս սահմանապահ ջոկատները և Երևանից «Էրեբունի» ռազմաօդային կայանը դուրս բերելու պատվերը չկատարելու պատճառով, ստիպված է լինելու այս հարցում օժանդակել «կոռուպցիայի գծով իր դաստիարակ» մուալիմ Իլհամին։ Իսկ այնուհետև ամեն բան կվերագրվի պատերազմին։ Նիկոլը «կնեղանա» հայ ժողովրդից և հարմար պատրվակով ընտանիքով կփախչի, օրինակ, Կանադա, բարիք է, որ բնակարանի հարցում այնտեղ արդեն խնդիրներ չեն առաջանա։ Իսկ երկրից փախչելու հիմք նա շտապ ստեղծում է, ինչի ապացույցն են նրա անսանձ հակառուսական գործողությունները, որոնք ասես հոգու սպեղանի լինեն նրա անդրօվկիանոսյան տիկնիկավարների համար։ Այո, արտակարգ դրությունը փոքր-ինչ դժվարացնում է Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության համախմբված գործողությունների սկիզբը, բայց բարիք է, որ կան ոչ քիչ թվով առաջնորդներ, որոնք ի մի կգան հանուն մեր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության փրկության։ Իսկ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անցած երկու տարիները, համոզված եմ, դարձան ծանր խորհրդածությունների և ապաշխարանքի տարիներ շատ ու շատ հայրենասերների, Հայաստանի առաջնորդների համար, որոնք միավորվելով՝ կփրկեն Հայաստանը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել մինորային նոտայով։ Բարիք է, որ կան ոչ քիչ թվով գործոններ, որոնք լավատեսություն են արթնացնում Հայաստանի և Արցախի Հանրապետության ապագայի հարցում։ Այսպես, ս.թ. հունիսի 26-ին ռուսական REGNUM տեղեկատվական գործակալության հայրենասիրական ինտերնետ-պարբերականը հրապարակեց իմ հոդվածը՝ «Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի» վերնագրով։ Այն հրապարակեցին նաև հրաշքով դեռևս գործող «Shame.am», «Iravunk.com», «Новое время» հայրենասիրական պարբերականները՝ տեղեկատվական ճակատի հուսալի մարտիկները, որոնք հետևողականորեն և համոզիչ կերպով ընթերցողներին բացատրում են ռուս-հայկական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը։ Հատկանշական է, որ անցած 8 օրերի ընթացքում հոդվածի դիտումների թիվը Shame.am ինտերնետ-պարբերականի կայքում կազմել է 37 200, ընդ որում՝ հոդվածը գնահատողներից այն «գերազանց» է գնահատել 81,82%-ը, իսկ 9.09%-ը տվել է «լավ» գնահատական, և լոկ 6,15%-ն է հոդվածը համարել «շատ վատ»։ Ընթերցողների նման վերաբերմունքը, անշուշտ, պարտավորեցնում է տողերիս հեղինակին, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակներով։ Ես հատուկ եմ ընդգծում այս փաստը, որպեսզի հերթական անգամ ի լուր ամենքի ընդունեմ սեփական մեղքի իմ բաժինը աշխատանքում կատարած բացթողումների և ցավալի վրիպումների համար, որոնք 2018թ. ապրիլին Երևան քաղաքի փողոցներ հանեցին կարիքից կամազուրկ դարձած տասնյակ հազարավոր մարդկանց, այն բանի համար, որ մեզանից՝ կառավարող քաղաքական ուժի անդամներից յուրաքանչյուրը չէ, որ ստանձնեց սեփական պատասխանատվության բաժինը Հայաստանի տնտեսության և սոցիալական կյանքի այս կամ այն ոլորտի վիճակի համար։ Ընդ որում, ըստ էության, մենք պատասխանատվության ողջ ծանրությունը դրեցինք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի վրա։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ադրբեջանա-թուրքական զինվորականության ծայրահեղ ագրեսիվ քաղաքականության պայմաններում, որը հղի է ամեն պահ վերածվելու պատերազմի, միայն հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հարցերը համառորեն պահանջում էին շուրջօրյա աշխատանք։ Որպեսզի այս տողերը կարդացողները տպավորություն չստանան, թե դրանց հեղինակը զբաղվում է ինքնախարազանման յուրատեսակ ձևով, ընդամենը ասեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի կողմից աշխատանքի ինձ վստահված հատվածում եղել են նաև դրական ձեռքբերումներ։ Վերցնենք թեկուզ իմ ելույթները ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա խորհրդաժողովներում 2013թ. և 2014թ. ամռանը, համապատասխանաբար՝ Ստամբուլում և Բաքվում։ Օրինակ, Ստամբուլի Կոնգրես-կենտրոնում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավարը (ձեր խոնարհ ծառան) անվանապես կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին գալ Հայաստան, այցելել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ապաշխարել, ինչպես դա արեց հայ ժողովրդի օսմանյան մարդասպաններից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը, հավատացեք, դա թանկ արժե։ Իսկ Բաքվում իմ ելույթում ես ուղղակի մեղադրեցի ԵԱՀԿ ԽՎ-ում Միլի մեջլիսի պատվիրակության՝ ԵԱՀԿ ԽՎ դահլիճում նստած անդամին մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու համար։ Երկու դեպքում էլ, կարծում եմ, ընթերցողի համար դժվար չէ պատկերացնել ընդունող կողմերի ատելությամբ լի հայացքները։ Էլ չեմ ասում այն մասին, որ Հելսինկիում 2015թ. ԵԱՀԿ ԽՎ հոբելյանական խորհրդաժողովում՝ նվիրված Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին, Գեղամյան Արտաշեսը ԵԱՀԿ 56 անդամ երկրները (ռուսական պատվիրակությունը լրիվ կազմով բոյկոտում էր այդ խորհրդաժողովը Ղրիմի պատգամավորներին մուտքի վիզաներ չտալու պատճառով) ներկայացնող ավելի քան 300 պատվիրակներից միակն էր, որ առաջարկեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվային կրկին քվեարկության դնել ամփոփիչ հռչակագիրը, որը նա հապճեպ միաձայն ընդունված էր հայտարարել, իսկ կրկնակի քվեարկության ժամանակ միակ պատվիրակն էր, որ «դեմ» էր քվեարկել ԵԱՀԿ ԽՎ հոբելյանական խորհրդաժողովի ամփոփիչ հակառուսական հռչակագրին։ Այս փաստերի հիշատակումը հետապնդում է մեկ նպատակ, այն է. ֆիզիկական անվտանգության առումով իրենց հնարավոր ծանր հետևանքներով չափազանց վտանգավոր իմ այս գործողությունները ոչ քիչ չափով հնարավոր դարձան ոչ միայն դրանց ճշմարտացիության մեջ իմ համոզվածության, այլ նաև այն պատճառով, որ իմ թիկունքում ես զգում էի Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի, կուսակցության ամբողջ կազմի հզոր աջակցությունը։ Այլ բան է, որ Հանրապետական կուսակցությունում ընդունված չէր բարձրաձայն խոսել բարի գործերի մասին։ Եվ ահա, վերադառնալով REGNUM տեղեկատվական գործակալության հրապարակած իմ վերոնշյալ հոդվածին՝ հղում կատարեմ դրա բազմաթիվ արձագանքներից մեկին։ Արձագանքը, որը ստորև հակիրճ կներկայացնեմ, արժեքավոր է ինձ համար նրանով, որ հեղինակը տոհմիկ սպա է, բժիշկ, որն անցել է Իրաքում 2005-2007թթ. Հայաստանի Զինված ուժերի խաղաղարար առաքելության քուրայով և այսօր հուսալիորեն կանգնած է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման՝ իրեն վստահված տեղամասում։ Նա հրապարակային մարդ չէ, ուստի չեմ նշի նրա անուն-ազգանունն ու հայրանունը։ Կներկայացնեմ միայն որոշ տողեր հոդվածին նրա արձագանքից. «Ձեր առաջարկությունը համակարգող խորհրդի մասին (իմ «Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի» հոդվածում առաջարկ էր արվել ստեղծել համակարգող խորհուրդ – Ա.Գ.)՝ հանձինս հայկական քաղաքականության ծանրքաշայինների(խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին է, որոնց ես առաջարկել էի ընդգրկվել համակարգող խորհրդի կազմում – Ա.Գ.), ճիշտ ժամանակին է և արդարացի։ Իհարկե, Ձեր թվարկած հիմնական և, անկասկած, երկրի առջև ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում վիթխարի վաստակ ունեցող քաղաքական գործիչները պետք է նաև ընդունեն սեփական լուրջ վրիպումները, որոնք նրանք թույլ են տվել (կադրային քաղաքականություն, երիտասարդ սերնդի դաստիարակություն ճիշտ հոգևոր-բարոյական մատրիցաներով, այլ ոչ թե «որոգայթ», սոցիալ-տնտեսական բլոկի արհամարհում, որոնք էլ հանգեցրին (անկե՛ղծ լինենք) երկրի համար կործանարար և ապակառուցողական, Հայաստանը ողջ աշխարհի ու, որ ամենաահավորն է՝ մազութի սուլթանի առջև խայտառակող այնպիսի տականքի ի հայտ գալուն, որի անունն է փաշինյանականություն… մենք կամ կզոհվենք, կամ կվերականգնվենք, և դա տեղի կունենա շատ արագ, ամեն ինչ կախված է ապաշխարանքից, ո՛չ նիկոլից, ո՛չ (նա կամ գիտակցված դավաճան է ու երկրի գերեզմանափոր, կամ պարզապես ծածուկ օգտագործվող փլուզող, որը հմտությամբ իշխանության է բերվել…)։ Ամեն ինչ կախված է թույլ տրված սխալների անկեղծ վերիմաստավորումց։ Միայն այդ անկեղծ վերիմաստավորումը թույլ կտա նրանց՝ 1. Համախմբվել, 2. Փրկել երկիրը»։ Առողջ բանականության պարագայում դժվար է վիճարկել Հայաստանի իսկական հայրենասերի այս բառերը։

Չկա՛ ներում առանց ապաշխարանքի։ Չկա՛ փրկություն առանց ներման։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Iravunk.com

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ