19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես գուցե սիրված, բայց լիովին ձախողված կառավարություն». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ զրուցել ենք համավարակի հետևանքների, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության, Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարությունների, խորհրդարանական դիվանագիտության «զրոյական» վիճակի, Հանրապետական կուսակցության ներկա վարկանիշի և այլ հարցերի մասին:

-Պարոն Զաքարյան, ֆեյսբուքյան Ձեր վերջին գրառումներից մեկում Նիկոլ Փաշինյանին կոչ էիք արել «հրաժարվել ու թույլ տալ, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը, և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն»: Ինչու՞ եք համոզված, որ միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

-Պատճառները ցավոք շատ են և օրեցօր ավելի ակնառու են դառնում։ Մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, և առաջին հերթին կառավարությունն է այդ բարդություններն իր վրա զգում՝ իհարկե այնքանով, որքանով որ գիտակցում է։ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային խոսքում բացակայում են լուծումները, և ավելի շատ արդարացումներ են հնչում տարբեր պրոբլեմների համար։ Որքան էլ որ ընդդիմություն լինենք գործող իշխանություններին, մենք երբեք չենք ցանկանա, որ պետության ու հասարակության համար կուտակվեն խնդիրներ, որոնք սպառնալիքի վերածվեն։ Գործող կառավարության նախաձեռնությունները ցավոք կա՛մ ժամանակավոր լուծումներ են, կա՛մ էլ շատ արագ վերածվում են անօգուտ ծրագերի։ Բացի այդ, աշխարհում և տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ անվտանգության, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական, էներգետիկ և այլ ոլորտներում, որոնց հաղթահարման համար, իմ կարծիքով, գործող կառավարությունը չունի համարժեք ծրագրեր և քաղաքական բավարար հմտություններ։

-Եթե արձանագրենք, որ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տապալել է համավարակի դեմ պայքարը, և օրեցօր Հայաստանը մոտենում է իտալական սցենարին, մյուս կողմից տնտեսական սահմանափակումների հետևանքով մեծ վնաս է հասցվել տնտեսությանը, ի՞նչ կանխատեսումներ կարող ենք անել առաջիկայում մեր երկրի համար:

-Ցավոք, լավ կանխատեսումներ չկան։ Պատճառ համար մեկ՝ մեր իշխանությունները ադեկվատ չեն գործել համավարակի ողջ ընթացքում, չունեն իրավիճակից դուրս գալու իրատեսական ծրագրեր, գործում են հրշեջի նման ,կրակ մարելովե։ Բայց նույնիսկ այդ դեպքում, պատկերավոր ասած, պրոբլեմների ,կրակըե գնալով ավելի ու ավելի տարածվում է՝ առաջ բերելով նորանոր խնդիրներ տարբեր ոլորտներում։ Պատճառ համար երկու՝ աշխարհում համավարակը բոլոր երկրներին է սպառնում, հետևաբար դրսից շատ մեծ աջակցություններ ակնկալելը միամտություն է, և տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է համախմբել հայության բոլոր ռեսուրսները։ Դա անելու համար գործող իշխանությունները կորցրել են վստահությունն և երաշխիքները։

-Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ հակաճգնաժամային կառավարության, հակաճգնաժամային խորհրդի կամ թիմի ձևավորման անհրաժեշտության մասին: Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք: Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմներով:

-Քաղաքական լուծումներ միշտ կարելի է գտնել, այդ թվում՝ նաև անցումային կամ ժամանակավոր։ Դա հնարավորություն կտա բոլոր առողջ և կարող ուժերին ներգրավել ստեղծված իրավիճակից արդյունավետ լուծումներ գտնելու և ճգնաժամային էֆեկտիվ կառավարում իրականացնելու համար։ Դա հնարավորություն կտա նաև գործող կառավարությանը կիսել պատասխանատվությունը, այլապես ամբողջական պատասխանատվության կամ, ավելի շուտ, անպատասխանատվության պարագայում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պատմության մեջ կմնա որպես գուցե սիրված, բայց լիովին ձախողված կառավարություն։

-Եթե առաջիկայում տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ի՞նչ պատկեր կգրանցվեր, հատկապես իշխող ուժի համար:

-Հիմա վաղ է այդ մասին ենթադրություններ անել, նույնիսկ կարող եմ ասել, որ դրա մասին չէ, որ պետք է մտածենք։ Հիմա բոլորս մտածում ենք, թե ինչպե՞ս փրկենք մեր հասարակությանն ու մեր երկիրը՝ կորոնավիրուսի համավարակով և դրա հետևանքներով վրա հասած աղետից։ Սա աղետ է ամբողջ մարդկության համար, և յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է դուրս գա իրավիճակից։ Մեզ անհրաժեշտ է ներքին հանդուրժողականություն, նախկին-ներկա, սև-սպիտակ անհեթեթ տարանջատումներն ավելի են խորացնում կառավարման ու քաոսի ճգնաժամը։ Իշխանությունները փոխանակ օգտվեն ընդդիմությունից հնչող առաջակներից, դրա փոխարեն մտածում են, թե ինչպես ավելի խորացնեն հակադրությունները։ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը ձեռնտու է միայն մեր հակառակորդին ու ոչ բարեկամներին։ Սրա մասին է պետք մտածել։ Կառավարության մեջ հայտնված դիլետանտ կադրերից ազատվելու մասին է պետք մտածել, խորհրդարանում հնչող անպտուղ ելույթներն ու դատարկ բանավեճերը դադարեցնելու և իրական գործով զբաղվելու մասին է պետք մտածել, լայն քաղաքական համագործակցության մասին է պետք մտածել։

-Այնուամենայնիվ, կա՞ այսօր Հայաստանում ընդդիմություն, որն ունակ է հակակշիռ ու այլընտրանք դառնալ Փաշինյանի իշխանությանը:

-Անցած երկու տարիների փորձը ցույց տվեց, որ քաղաքական կյանքում ընդդիմությունն ավելի էական դերակատարում է ունեցել իրական օրակարգեր ձևավորելու համար, քան իշխանությունները։ Այսօր ընդդիմադիր հատվածում ավելի մեծ քաղաքական և մասնագիտական ներուժ կա, քան իշխանության կազմում։ Վերջին երկու տարիներին իշխանություններն ավելի շատ զբաղվել են ընդդիմադիր տեսակետները հակադարձելով, որոշ դեպքերում էլ՝ ճնշելով, քան պետական ու քաղաքական կառավարման իրատեսական լուծումներով։ Ես չեմ ասում, որ գործող իշխանությունն ամբողջ կազմով պետք է գնա, և հինը պետք է վերադառնա։ Մենք այսօր պարտադրված ենք փոխելու կառավարման որակը և բոլոր այն անձանց, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար։

-Փաշինյանն իր ընդդիմախոսներին պարբերաբար «վախեցնում է» նախորդների վերադարձով: Իսկապե՞ս հասարակությունն ամբողջությամբ մերժել է Հանրապետական կուսակցությանը, թե՞  այն հնարավորություն ունի վերադառնալու ակտիվ քաղաքականություն և վերադասավորելու քաղաքական դաշտը:

-Անկեղծ ասեմ, Հանրապետականը վերակառուցման, վերաթարմացման և որպես իրական ընդդիմիր ուժ կայացման գործում բավական ակտիվ է։ Հանրապետականը շարունակում է իր ներքին և արտաքին կուսակցական գործունեությունը ամենօրյա ռեժիմով։ Մենք հետևում ենք մեր պետության ներսում և նրա շուրջը տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մենք շարունակում ենք հանձնառու լինել ինչպես  մեր երկրի անցյալի, այնպես էլ ներկայի ու ապագայի համար։ Հասարակության փողոց դուրս եկած հատվածի պահանջով մենք քաղաքակիրթ եղանակով հանձնեցինք իշխանությունը և օգնեցիքն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում ընտրվի վարչապետ։ Որևէ մեկն իրավունք չունի ամբողջ հասարակության անունից հանդես գալու և մերժելու այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին։ Կրկնում եմ, այսօր մենք պետք է մտածենք այս ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու մասին, և դրանում բոլոր կարող ուժերն անելիք ունեն։

-Իրավիճակը լարված է շփման գծում, մյուս կողմից լսում ենք Ադրբեջանի նախագահի հերթական՝ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու, «Երևանը ադրբեջանական քաղաք» ներկայացնելու ագրեսիվ կոչերը: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Ալիևը նման պահվածք դրսևորում, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը նրան համարում է «կառուցողական»:

-Ադրբեջանն ու Ալիևին նոր չենք ճանաչում, դա նրանց ոճն է։ Սակայն բանակցային գործընթացում ի հայտ եկած անհասկանալի ձևակերպումները, իշխանությունների վարած անհեթեթ քաղաքականության հետևանքով Հայաստանում ձևավորված ներքին անառողջ մթնոլորտը, հայհոյախառն անհանդուրժողականությունը, արտաքին քաղաքական բացերը, նոր տնտեսական պրոբլեմները կարծես առիթ են տվել պաշտոնական Բաքվին ուժգնացնել ռազմական հռետորաբանությունը։ «Կառուցողական» Ալիևի մասին  խոսող Փաշինյանի մեսիջն անգամ Բաքվում համարժեք չի գնահատվում, ընդհակառակը, ավելի լկտիանում են։

-Ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց, որ «զմերն» այլևս կենսունակ չեն, հնացած են, և իրենք քաղաքական, կառավարչական նոր մշակույթ են ձևավորում՝ առանց «իզմերի»: Դուք օրերս Փաշինյանի կառավարման ռեժիմին քաղաքագիտական նոր բնութագիր տվեցիք՝ «բառադիզմ»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Փաշինյանն ու իր թիմը հայտնվել են «բառադիզմի» տիրույթում նաև դասական իզմերից հրաժարվելու հետևանքով:

-Իհարկե այդ բնորոշումը ես տվել եմ նկարագարական իմաստով, ինչ որ տեղ նաև հումորային երանգով։ Բացատրությունն այն է, որ համավարակը չի հանդուրժում անպատասխանատու, անլուրջ, անսկզբունք, տարերային, սպոնտան, հակասական կառավարում։ Կյանքը ցույց տվեց, որ անկախ նրանից կառավարման ձևը դեմոկրատական է, ավտորիտար թե տոտալիտար՝ եթե այն պատասխանատու և հանձնառու է, համակարգված է իր գործողություններում, ապա ավելի արդյունավետ է գործում։ Միայն ,բառադիզմե-ը չի կարողանում հաղթահարել համավարակը, քանի որ իր «իզմը», այսինքն սկզբունքը, չունի, բացակայում է։ Դա ոչ նորմալ ժողովրդավարն է, ոչ նորմալ ավտորիտարն է, ոչ էլ նորմալ տոտալիտարը։ Օրինակ՝ երբ պետության բարձրաստիճան պաշտոնյան այսօր ասում է դիմակը չի օգնում, հետո դիմակերի պահանջարկով է սկսում զբաղվել, կարճ ժամանակ հետո էլ ահազանգում է, որ դիմակը 90%-ով կանխարգելում է վարակը, ապա դա որևէ նորմալ ,իզմիե մեջ չի տեղավորվում։ Երբ բոլոր երկրները փակում են սահմանները, մարդկանց ստիպում են տներից դուրս չգալ, տագնապ են հնչեցնում համավարակի տարածման մասին, պատրաստվում են դիմագրավելու համավարակի առաջին հարվածին, իսկ մենք ակտիվորեն լծված ենք ինչ-որ հանրաքվեի քարոզարշավի աշխատանքներին, ապա ի՞նչ բնորոշում է պետք տալ։ Այդ երևույթին պետք է այլ բնորոշում փնտրել։

-Պարոն Զաքարյան, Դուք ղեկավարել եք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, և հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ներկա արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով: Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք այսօր:

-Այսօր խորհրդարանական դիվանագիտությունը բացակայում է։ Իմ՝ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար եղած ժամանակահատվածում մենք կարողացել ենք աշխարհի շուրջ 60 երկրների խորհրդարանների և նրանց պրոֆիլային հանձնաժողովների հետ գործնական կապեր հաստատել, համագործակցություն ծավալել, ադրբեջանական լոբիին խանգարել, մեր երկրի շահերի համար այդ խորհրդարաններում համախոհներ ու աջակիցներ գտնել։ Հարյուրից ավելի պատգամավորներ այցելել են Արցախ, այդ թվում նաև Եվրախորհրդարանի պատգամավորները։ Հայաստանի խորհրդարանը հյուրընկալել է տարբեր միջխորհրդարանական կազմակերպությունների վեհաժողովներ, հանձնաժողովների նիստեր և այլն։ Նախաձեռնել և անցկացրել ենք մեզ հատաքրքրող տարբեր փաստաթղթեր։ Ակտիվություն են դրսևորել բարեկամական խմբերը, համագործակցություն է ծավալվել ինչպես մեր, այնպես էլ օտարերկրյա դիվանագետների հետ։ Նույնը շարունակվել է նաև Արմեն Աշոտյանի նախագահության ժամանակահատվածում։ Բոլոր երկրներում էլ խորհրդարանները փոխվում են, գալիս են նոր մարդիկ, և անհրաժեշտ է այդ աշխատանքներն իրականացնել անընդհատ։ Ներկայիս խորհրդարանը, բացի նախկին իշխանություններին անիմաստ քննադատելուց, ուրիշ ոչնչով չի զբաղվում։ Ես հետևում եմ ԱԺ պաշտոնական լրահոսին, և խորհրդարանական դիվանագիտությունը գրեթե զրոյացված է։ Խոսքը գնում է նախահամաճարակային ժամանակահատվածի մասին։

ankakh.com

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ