29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եկել ես, հանձնաժողո՞վ ես ստեղծում, տո այ խելոք, գնա ժողովրդի հարցերը լուծի, շատերը սոված են, հիվանդանոցներում տեղ չկա, փողոցներում են հիվանդանալու, ընկնեն-մահանան. Շարմազանովը՝ Փաշինյանին

F6F223E7-FA5D-42F4-B2C1-0327FF5B2FAB

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերին գնահատական տալու համար իշխանությունն առաջարկում է ստեղծել Փաստահավաք հանձնաժողով:

Արդարադատության նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ փաստահավաք հանձնաժողովի անդամներն անկախ են լինելու գործող իշխանությունից և որևէ քաղաքական հոսանքից:

Նկատենք՝ անկախ անդամները, ըստ նախագծի՝ ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից. հանձնաժողովն ունենալու է առանձին բյուջե՝ արտացոլված պետական բյուջեի նախագծում:

ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ հանձնաժողովի ստեղծումը բխում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման երկու տարիների տրամաբանությունից, և անցյալի դրվագներով հանրությանը զբաղեցնելու հերթական փորձն է.

«Նիկոլ Փաշինյանը մխրճվել է անցյալում և ամբողջ երկու տարի շարունակ իր ողջ քաղաքական կապիտալը (եթե, իհարկե, ուներ) մսխում է անցյալի դեմ անիմաստ պատերազմի համար, փորձում է «Նոր Հայաստանի» և իր «դմփ-դմփ հու»-ի հեղափոխության մասին անհեթեթ թեզը առաջ մղել, թե մինչև իրեն որևէ դրական բան չի եղել, որ երկիրը վատ վիճակում է եղել, որևէ ժողովրդավարական բան չի եղել, քանդված է եղել.

«Ինքը եկել է՝ քանդվածի, ավերակների վրա ո՞նց սարքի. ամբողջը սրա մասին է:

Ակնհայտ է, որ սա Արդարադատության նախարարը չէ: Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգներն են: Սա անհեթեթություն է և ցույց է տալիս ակնհայտ բան, որ Նիկոլ Փաշինյանը, երկրի ներկա խնդիրները լուծելու փոխարեն՝ փորձում է թիթեռ նկարել և ժողովրդին զբաղեցնել անցյալով»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ եթե նման հանձնաժողովի կարիք կա, ապա դրա ուսումնասիրության առարկա պիտի դառնան վերջին երկու տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները. «Եթե փաստահավաք խումբ են բացում՝ փաստերն այս երկու տարվա մեջ այնքան ակնհայտ են՝ ժողովրդավարության բռնաբարման, մարդու իրավունքների պաշտպանության զրոյացման, քաղաքական ընդդիմախոսներին հալածելու, դատարանները շրջափակելու, իշխանությունը բռնազավթելու, Ազգային ժողովի վրա հարձակում իրականացնելու, ազգային ավանդական արժեքների, ընտանիքի, եկեղեցու նկատմամբ տեռորի»:

Շուրջ 20 տարի իշխանության եղած Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակը համոզված է՝ թեև անցյալում եղել են սխալներ, այդուհանդերձ, այդ տարիների ընթացքում Հայաստանը դարձել է պետություն՝ կայացած պետական ինստիտուտներով.

«Անցյալ 30 տարիների ընթացքում Հայաստանը քարը քարի վրա դնելով՝ թերություններով հանդերձ, դարձել է պետություն, իր պետական ինստիտուտներով՝ միջազգային ընտանիքի լրջագույն սուբյեկտ-գործոն, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վեր է ածել գործիքի, որին Մայիսի 28-ի առթիվ որևէ լուրջ պետություն չի շնորհավորում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, սա ակնհայտ է, որ մայիսի 9-ին չկարողացավ իր դաշնակից Ռուսաստանի հետ նույնիսկ հեռախոսազանգով իրար շնորհավորել, մայիսի 28-ին Միացյալ Նահանգները Վրաստանին և Ադրբեջանին շնորհավորում են, իսկ Նիկոլ Փաշինյանի հանրապետությանը՝ ոչ: Ն. Փաշինյանը պետք է քողարկի, չէ՞, այդ ամեն ինչը: Հո չի՞ պատասխանելու՝ ինչու է Ալիևը «կիրթ և նորմալ», պետք է հետ գնա, չէ՞: Նիկոլ Փաշինյանն իրական թշնամու դեմ պայքարելու փոխարեն, իսկ իրական հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, և այսօր՝ կորոնավիրուսն է, էլի փորձում է ներքին թշնամանք մտցնի՝ սևեր-սպիտակներ, բոլշևիկ-մենշևիկ, հանրապետական-դաշնակցական-հհշական, ուզում է ջնջի ամեն ինչ, թե մինչև իրեն ամեն ինչ վատ էր: Չի՛ստացվելու դա իր մոտ. այդ նախկին տարիները եղել են հաղթանակի տարիներ, եղել են պետականաշինության տարիներ՝ սխալներով հանդերձ:

Այո, այդ սխալներից մեկն էլ նա է եղել, որ Նիկոլ Փաշինյանի նման ապաշնորհ անձնավորությունը նախ դարձել է թերթի խմբագիր, հետո՝ պատգամավոր, ու այսօր էլ՝ ոչ բարով՝ վարչապետ»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ նման հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, ապա հիշեցրեց այլ փաստահավաք հանձնաժողովների գործունեությունը՝ դրանք որակելով ձախողված.

«Սա հիմարություն է, ԱԺ Ապրիլյան հանձնաժողովի մեկ այլ տեսակն է: Նիկոլ Փաշինյանը փորձում է զբաղեցնել, տեսարաններ ցույց տալ՝ իր ապաշնորհությունը, անգործությունը, քաղաքական իմպոտենցիան քողարկելով նման հանձնաժաղովների ստեղծմամբ:

Ապրիլյան հանձնաժողով ստեղծեց, ակնհայտ է դառնում, որ ձախողվեց, և այդ լուրերը, թե իբր հայերը պարտվել են, զենք չկար, ուտելիք չկար, բահերով էին կռվում, պայմանավորված էր Ռուսաստանի հետ, մարդիկ բիլյարդ էին խաղում, սուտ էր. էլ դրանից չի խոսում: Հետո եկավ Մարտի 1-ը, հիմա երկու տարի էլ դա է՝ ի՞նչ է արել, ասում էր՝ ամբողջությամբ բացահայտված է, ո՞ւր է: Հիմա երկու հարցում արդեն ձախողվել է, երրորդ զբաղմունքն է ուզում ներկայացնել, թե՝ ժողովուրդ ջան, մինչև  այս հանձնաժողովը չկազմվի, անհնար է ինչ-որ բան անել: Ամո՛թ է, գործով զբաղվեք, ժողովուրդը կոտորվում է՝ օրը 400-500 վիրուսակիր կա, 8-10 մահ ենք տալիս, որը հենց իր ապաշնորհ կառավարման խղճին է. Եկել ես հանձնաժողո՞վ ես ստեղծում, տո այ խելոք, գնա ժողովրդի հարցերը լուծի, շատերը սոված են, հիվանդանոցներում տեղ չկա, որ հիվանդները գնան, փողոցներում են հիվանդանալու, ընկնեն-մահանան՝ ոնց որ Իտալիայում, դու եկել ես թիթեռ ե՞ս նկարում, կամ էլ դիմումդ գրի՝ թող-գնա. համ դու կպրծնես, համ ժողովուրդն ու պետությունը՝ քեզնից: Մուրճն ու բահը ձեռքդ վերցրած՝ երկու տարի է՝ պետությունը քանդում ես, տնտեսությունդ մի տարվա մեջ    -17% տոկոս է տվել, վերջին մի ամսում հիվանդությունները 4 անգամ աճ են տվել, գնա դրա դեմը առ, ոչ թե «հավայի հանձնաժողովներ» ստեղծի»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ