16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան

11623985-BC1B-4505-B455-F61B9C95CFF6

Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլեւ խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու Հայաստանի Հանրապետությունը: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, այլեւս Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում:

Սարդարապատը մեր գոյամարտի վերջին կռիվն ու փրկության վերջին հույսն էր: Սարդարապատը մեր հարությունն էր մեռելներից: Եվ հաղթեցինք, որովհետեւ նահանջի տեղ չկար: Աստծո կամոք համախմբվել էին քաղաքական գործիչները՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, զինվորականության սերուցքը, Եկեղեցին, ֆիդայական ջոկատները: Այս բռունցքը կարողացավ դիմակայել ոչ միայն թուրքական հարձակմանը, այլեւ Երեւանը հանձնելու պատրաստ «խաղաղասերներին»:

Սարդարապատն այսպես է եղել. ուրիշ բան, որ հարյուր տարի զբաղվել ենք ինքնախաբեությամբ, ասել ենք՝ 1918-ի մայիսին բոլորը միակամ ու միասնական էին՝ ինքնազոհությամբ երկիրը փրկելու հարցում: Չի՛ լինում այդպես. հաղթանակը որբ չէ, հաղթանակը միշտ կոնկրետ անուններ ունի: Ուղղակի վախենում էինք, որ ամբողջ ճշմարտությունն ասելով՝ կխախտենք մեր միասնականությունն ու կնվազեցնենք Սարդարապատի արժեքը:

Սխալ էինք վախենում. լույսը ճշմարտությունից չի նվազում, շատանում է… Ճշմարտությունն այն զրահն է, որը ոչնչով չի խոցվում: Հավատացե՛ք, եթե առանց խմբագրումների խոսեինք Սարդարապատի եւ Առաջին հանրապետության մասին, շատ ավելի հեշտ կլիներ 90-ականների սկզբին՝ Հանրապետության վերածննդի ու մեծ Ազատամարտի օրերին: Իրավիճակը նույնն էր: Ապրելու մեր իրավունքը նվաճվում էր սակավ ընտրյալների, Վազգեն Սարգսյանի խոսքով՝ վճռական մենակների առաջնորդությամբ ու թերահավատների կասկածամտությունը հաղթահարելով:

1918-ին երկրի հեռավոր մատույցներում՝ Էրզրումում, Կարսում, Ալեքսանդրապոլում մարտն ընդունելու փոխարեն հասանք Երեւան, որովհետեւ Երեւանն էինք Հայոց աշխարհի պորտը համարում: 90-ականների սկզբին եւ այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերեւից են նայում Զանգեզուրին, Տավուշի տեղն ընդհանրապես չգիտեն ու Երեւանի փոքր կենտրոնն են պաշտում, որովհետեւ Արգիշտի արքայի «զտարյուն ծոռներն են»: Ու քիչ չեն դրանք…

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն, իսկ պղտոր ջրերում ավելի ակտիվ ու հնարամիտ են բազմանում, մանավանդ՝ երբ վճռական մենակներն արդեն փրկած են լինում երկիրն ու ժողովրդին: Ու հայտնվու՛մ են. է՛լ խոսքի կավատներ, է՛լ գործի խարդախներ, պրոֆեսիոնալ պնակալեզներ ու սպա խաղացող օսլայածներ: Հայտնվում են, շերեփուկներ տալիս ու իրենցով քիչ-քիչ ծածկում են ամեն ինչ…

Առաջին հանրապետության ընդամենը երկու տարում այդ շերեփուկները հասան նրան, որ գոյամարտում հաղթած ու վաթսուն հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն ստեղծած ժողովուրդը նորից հասավ ոչնչացման եզրին…

Օրեր շարունակ ջուր ծեծող պառլամենտ, ճամարտակող ժողընտրյալներ, հաղթած բանակ, որի կեսն արդեն դասալիք էր, խանութպանի չափսի գործարարներ, որ մտածում էին զուտ իրենց փորը պարարտացնելու մասին, Թիֆլիս փախչող պետական այրեր, թշնամություն Ռուսաստանի հետ, արհամարհանք սահմանապահ մարզերի նկատմամբ, միամիտ ցնծություն՝ Սեւրի պայմանագրի եւ ամերիկյան մանդատի կապակցությամբ ու թուրքական զորքերի իրական հարձակում…

Եվ առանց կրակոցի հանձնվեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, ցեղասպանվեց Շուշին, կորցվեց Արցախը, Զանգեզուրը մի կերպ դիմացավ մի բուռ քաջերի անձնազոհությամբ: Արդյունքում՝ թուրքի առաջ բացվեց Արարատյան դաշտը, եւ ստիպված Քանաքեռի բարձունքում աղուհացով դիմավորեցինք բոլշեւիկներին, որովհետեւ այլընտրանքը նոր եղեռնն էր…

Սա անտարբեր, բայց վճռորոշ մեծամասնության հաղթանակն էր վճռական մենակների փոքրամասնության հանդեպ: Առարկելու ցանկություն ունեցողներին առաջարկում եմ կարդալ 1918-20 թվականների մամուլը, թերթել ժամանակակիցների հուշերը, քարտեզ նայել ու մտածել՝ այսօրվա հետ համեմատած՝ նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների եւ իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:

Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում…

Հիրավի, մայիսի 28-ը պայծառ ու պատմական տոն է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հույս ունեմ՝ նաեւ միավորող տոն, որովհետեւ հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու եւ նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է:

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:

Աստված պահապան բոլորիս>:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ