19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը և այն լեգիտիմությանը, որն ունի այսօրվա իշխանությունը». Չախալյան

«Բոյկոտ» նախաձեռնությունը սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ պայքարելու է «բոյկոտ՝ հանուն համերաշխության» կարգախոսի ներքո:

Լրագրողների հետ հանդիպմանը «Բոյկոտ» նախաձեռնության շտաբի համակարգող Վահագն Չախալյանը նշեց, որ իրենց համար անընդունելի է հասարակության շրջանում պառակտումը, սևեր-սպիտակներ բաժանումը, ինչը չի բխում երկրի և պետականության շահերից:

 

«Մենք փորձելու ենք հանրությանը բացատրել՝ սա սխալ է, պիտի համերաշխ լինենք: Ապրիլի 2-ին հայտարարելու ենք ազգային միասնության և համերաշխության օր, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ միասին քայլերթ կազմակերպենք դեպի «Եռաբլուր»՝ Ազատության հրապարակից, որից հետո կգնանք Ս. Էջմիածին»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, Չախալյանն ասաց, որ հանրաքվեի անցկացման որոշումն իշխանությունները կայացրել են օրենքի խախտմամբ, ինչը երկիրը դատապարտում է հակաօրինականության:

«Մենք համարում ենք, որ այս հանրաքվեն իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում, և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից մենք չգիտենք՝ երբ դուրս կգանք, կամ ընդհանրապես դուրս կգա՞նք, թե՞ ոչ: Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը, այսինքն՝ վերջ կդնի այն լեգիտիմությանը, որն ունի այսօրվա իշխանությունը: Երկրորդ՝ մեզ համար անհասկանալի է, թե ինչու են իրենք գնում դեպի այս ծուղակը: Մի բան պարզ է՝ խախտում են սահմանադրական կարգը և վերահսկողություն ձեռք բերում դատական իշխանության նկատմամբ: Այսինքն՝ այս հանրաքվեով տեղի է ունենում ամբողջատիրական կարգերի հաստատում: Մեզ համար ընդունելի չէ և՛ «այո»-ն, և՛ «ոչ»-ը: «Ոչ»-ն էլ է լեգիտիմացնում սահմանադրական հանրաքվեն»,- ընդգծեց Չախալյանը՝ կոչ անելով քաղաքացիներին չմասնակցել հանրաքվեին:

 

Իսկ այն պետական ծառայողներին, որոնք ստիպված են լինելու ապրիլի 5-ին գնալ տեղամաս, Չախալյանը հորդորեց քվեաթերթիկի վրա գրել «համերաշխություն», «ազգային միասնություն», Փաշինյանին սիրողները կարող են գրել՝ «ինչի՞ համար եք սա անում», և այլն:

«Անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր կա, եթե գնան և «ոչ» ասեն, հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն չի ունեցել հեղինակություն, ասում են՝ հներ, բայց հների ամենամեծ ներկայացուցիչը հենց Մուկուչյանն է, այստեղ վտանգ ենք տեսնում, որ նա կկարողանա մանևրել»,- նշեց Չախալյանը՝ վստահեցնելով, որ «այո»-ն կհաղթի միայն վարչական ռեսուրսների կիրառման շնորհիվ, քանի որ քաղաքացիների մեծ մասը չգիտի՝ ինչու պիտի ասել «այո», ինչու՝ «ոչ»:

«Ասենք՝ մարզպետները, գյուղապետներն աշխատեցին, այս ռեսուրսներով մի կերպ «այո»-ն հաղթեց, բայց պարզ չէ՝ հանուն ինչի, որն է նպատակը, որ սահմանադրական ճգնաժա՞մ սկսվի երկրում: Որևէ հստակ ճանապարհային քարտեզ չկա, թե հանրաքվեից հետո մեկ ամսվա ընթացքում ինչ է լինելու, քանի՞ ամիս չենք ունենալու ՍԴ»,- պնդեց «Բոյկոտ» նախաձեռնության կազմակերպիչը:

Չախալյանը հայտնեց, որ մի քանի անգամ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված նամակներ են ուղարկել Փաշինյանին, առաջարկել հանդիպել, հրապարակային դիմել են նաև հանրաքվեի առնչությամբ, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել, մինչդեռ իրենց շարքերում կան հեղափոխությանն աջակցած մարդիկ:

«2 անգամ  հրապարակային դիմել ենք՝ հանրաքվեի հետ կապված, որ հրաժարվի այդ մտքից, բայց արժանացել ենք արհամարհանքի: Ինքը եկել է իշխանության ժողովրդական ընդվզման արդյունքում, մեր շարքերում շատերը կան, որոնք մասնակցել են հեղափոխությանը, իսկ հիմա մենք ուզում ենք հանդիպել նրա հետ մեր պահանջներով, բայց արհամարհվում ենք: Մեզ հետ չհանդիպելով՝ նա չի ազատվելու մեզանից: Մեզ հետ չհանդիպելը չի նշանակում է, որ պիտի հանձնվենք: Մեր պահանջները՝ ուղղված Փաշինյանին, հինգն են՝ վերջ տալ ազգը սևերի և սպիտակների բաժանելուն, իշխանությունից հեռացնել արջի ծառայություն մատուցողներին, մեզ հետ միասին սկսել համաժողովրդական կոնսենսուսի գործընթաց, պաշտոնապես հայտարարել, որ հրաժարվում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից, չեղարկել ապրիլի 5-ի հանրաքվեն»,- եզրափակեց Չախալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ