27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թաքուն բյուջեով մինի հեղափոխություն

Կառավարության PR միջոցառումների ծախսերը հաճախ հանրության տեսադաշտից դուրս են գտնվում, արդյունքներն էլ ներկայացվում են որպես լուրջ ձեռբերում, անկախ ծախս-արդյունք հարաբերակցության գործոնից։

2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգը, որտեղ հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, վարչապետի կողմից ներկայացվեց ոչ ավել, ոչ պակաս, քան մինի հեղափոխություն։

Իրականում մի քանի հանգամանք խորը կասկածների և մտահոգության տեղիք են տալիս։

  1. Առանց մրցույթի կազմակերպված միջոցառում։ Դարձյալ արտոնյալ պայմաններում գտնվող անձիք՝ տվյալ դեպքում Սերգեյ Սմբատյան։ Դարձյալ լոբիստական կապեր, ստվերային պայմանավորվածություններ։
  2. Պետական համակարգով, ծանոթ-բարեկամով լցված դահլիճ։ Հրավիրատոմսեր, պաշտոնական-արհեստական լսարան։ Կասե՞ք ինչն է փոխվել։ Շատ ծանոթ պատկեր։
  3. Բյուջե։ Հնարավոր չէ գտնել որքան գումար է հատկացվել այդ մեկ համերգի համար։ Ո՞ւր մնաց թափանցիկությունը։ Ո՞վ է որոշել, ո՞րտեղ է որոշել՝ ում և ինչքան։

Նոր մշակույթի կերտման, նոր մշակութային քաղաքականության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե լիներ բաց մրցույթ, բեմում լինեին նորարար երաժշտական մտածողության երիտասարդ կրողները, լիներ մրցակցություն, բայց ինչպես միշտ մշակույթը պտտվում է Սմբատյանների շուրջը, կամ իրենք են բոլոր իշխանությունների օրոք գտնվում մշակույթի առանցքում։

Երևի չափազանց դժվար է եղել միլիոնանոց մայրաքաղաքում, Ամանորից մի քանի ժամ առաջ պետական ծառայողներին կտրել տնից-տեղից ու 1300 հոգանոց համերգասրահ լցնել։ Հավանաբար դրա համար էր համերգը մինի հեղափոխություն և ձեռք բերում հայտարարվում։

Միջոցառումը «մինի հեղափոխական է» թե ոչ, նախևառաջ որոշվում է իր արդյունքով։ Բայց այս դեպքում ստացվում է՝ ոչ թե «մինի հեղափոխական» կամ «կառավարական» միջոցառում, այլ հերթական անիմաստ ծախսը պետբյուջեից՝ այսինքն հարկատուներիս գրպանից։

Թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից այդ «կառավարական» համերգը կազմակերպելու համար, ինչ սկզբունքով և ինչ ընթացակարգով են ընտրվել համերգի կազմակերպիչները, որևէ ինֆորմացիա չկարողացանք գտնել։ «Իմ Ձայնը» նախագիծը պաշտոնական գրություն է ուղարկել Կառավարություն՝ վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Հուսով ենք՝ պատասխանը շատ չի ուշանա։

Սա դառնալու է մեր համառ հետաքննության թեման։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2019 թվականին բյուջեից ստացել է զգալի գումար՝ 197 մլն դրամ, անկախ այս մեկ համերգի կասկածելի սխեմայով ֆինանսավորման փաստից։ Սա նույնպես հարց է։ Անհամբեր սպասում ենք կառավարության պաշտոնական պատասխանին՝ ինչ մրցույթով, որքան գումար, և ինչի վրա է ծախսվել գումարը / ծախսային հոդվածները/։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ