05 Ապրիլի, Կիրակի, 2020
KFC

Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը

1004058

Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.
 

«Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։

Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե»։

Ի պատասխան՝ «Ոչ»-ի քարոզարշավի կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ դրամահավաքից առաջ, ընթացքում և հետո հայտարարվել է, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարները ծախսվելու են կուսակցության ընթացիկ կարիքների և «Այո»-ի քարոզչությունը կազմակերպելու համար։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 

«ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՁՎԻ ՄԵՋ ՄԱԶ ՓՆՏՐԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՀԵՍՏԸ

Այսպես, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փետրվարի 25-ին կազմակերպել էր դրամահավաք, որի ընթացքում հավաքված գումարը պետք է ծախսվի կուսակցության ընթացիկ կարիքների և ԱՅՈ-ի քարոզչությունը կազմակերպելու համար:

Այս մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում դրամահավաքի ընթացքում պաշտոնապես: Այս գործընթացն կազմակերպվել և իրականացվել է ՀՀ օրենսդրության տառին համապատասխան: Թվում է ամեն ինչ առավել քան պարզ է. կուսակցությունը կազմակերպել է դրամահավաք՝ պոտենցիալ նվիրատուներին տեղեկացնելով, թե ինչ նպատակով է պատրաստվում գումարները ծախսել: Բայց ոչ, որոշ դեպքերում միևնույն է կան մարդիկ, որոնք համառորեն փորձում են ձվի մեջ մազ գտնել, նույնիսկ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ են տարածում:

Հատուկ ձվի մեջ մազ փնտրողների համար, կուսակցություններին նվիրատվություններ կատարելու գործընթացը կարգավորվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով (24-րդ հոդված): Գումարի նպատակային՝ այն է 2020 թ. ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության նպատակով գումարների ծախսումը կարգավորվում է Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով: Մասնավորապես, 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հանրաքվեի քարոզչական կողմերի հիմնադրամների մուծումների չափը 100 մլն դրամը չի կարող գերազանցել: Ավելի պարզ, եթե ներկայացնեմ. փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում հավաքված 205 մլն դրամից հանրաքվեի քարոզչության համար կարող է ծախսվել մինչև 100 մլն դրամ: Մնացած գումարը դրամահավաքի կազմակերպիչը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ծախսել իր ընթացիկ կարիքների համար, ինչպես հայտարարվել է դամահավաքից առաջ, ընթացքում և հետո:

Իհարկե, առանձին անձինք կարող են յուրովի ընկալել և մեկնաբանել բոլորի աչքի առաջ տեղի ունեցած գործընթացը, դա իրենց իրավունքն է: Ավելին, նրանցից ոմանք եղելությունը յուրովի՝ իրականության հետ կապ չունեցող ձևով ներկայացնելու բազմամյա փորձ ունեն: Կրկին իրենց իրավունքն է, ոչ ոք զրկված չէ ստեղծագործելու իրավունքից: Պարզապես կարիք չկա սեփական հորինվածքն իբրև իրողություն ներկայացնել»:

AntiFake.am-ը պարզել է, թե արդյո՞ք ինչպես Հովակիմյանն է նշում, դրամահավաք-երեկոյի կազմակերպման նպատակների մեջ սահմանվել է, որ հավաքված գումարները ծախսվելու են նաև կուսակցության ընթացիկ կարիքների համար, թե՞ ոչ։

Այսպես, փետրվարի 19-ին News.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն ասել է, որ մոտ օրերս «Այո»-ի նախընտրական շտաբը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ դրամահավաք կկազմակերպի։

«Դրամահավաք կազմակերպվելու է փետրվարի 25-ին։ Այդ դրամահավաքի միջոցով է ֆինանսավորվելու «Այո»-ի  քարոզչությունը»,-նշել է Ալեքսանյանը։

Փետրվարի 21-ին Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ «Այո»-ի նախընտրական շտաբը «Դվին» հյուրանոցային համալիրում դրամահավաք կկազմակերպի։

Փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսում նշված է. «Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ընթացքում ելույթ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։

1582800383_87881239_10221651174492824_4601753142051209216_n

Փետրվարի 25-ին՝ դրամահավաք-երեկոյի բացման ժամանակ, դրամահավաք-երեկոյի վարողը հայտարարել է. «Սիրելի հյուրեր, ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցելու են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին և երկրում բարեփոխումների գործընթացին։ Այսօր մենք մասնակցում ենք այս դրամահավաք-երեկոյին, որի ընթացքում հանգանակված գումարն ուղղվելու է կուսակցության ընթացիկ կարիքները հոգալու համար, ինչպես նաև «Այո» շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։

Դրամահավաք-երեկոյի ուղիղ հեռարձակումը տեղադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես նշվում է. «Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։

Հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։…»։

Հայտարարությունները ժամանակագրան հաջորդականությամբ դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ դրամահավաք-երեկոյի ի սկզբանե հայտարարված նպատակը եղել է հանգանակված գումարները «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորմանն ուղղելը։ Ասվածն ապացուցվում է Վահագան Ալեքսանյանի, Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններով և հրավիրատոմսով։ Դեռ ավելին, նշված անձինք իրենց խոսքում նաև նշել են, որ դրամահավաքը կազմակերպվելու է «Այո»-ի քարոզչական շտաբի կողմից։

Մինչդեռ դրամահավաք-երեկոյի ընթացքում վարողի կողմից և Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտարարվել է, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակված գումարները ծախսվելու են երկու ուղղությամբ՝ կուսակցության ընթացիկ կարիքները հոգալու և «Այո»-ի քարոզարշավը ֆինանսավորելու համար։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ «Այո»-ի քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ստում է՝ նշելով, որ դրամահավաքից ԱՌԱՋ հայտարարված է եղել, որ հավաքված գումարը կարող է ծախսվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների համար։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ