19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պահքի տեսակները

Մարմնի չափավոր սնումը, որքան էլ ոմանց համար զարմանալի թվա, պայծառացնում է միտքն ու զորացնում հոգու գործունեությունը։ Բացի մարմնավոր պահքից, կա նաև հոգեւոր պահք։ Վերջինիս ժամանակ մարդը հրաժարվում է վատ արարքներից, կրքերից և մտքերից։ Սակայն նշենք, որ առանց մարմնավոր պահքի երբեմն շատ դժվար է լինում միայն հոգեւոր պահք պահելը։ Պահքը մեծապես կապված է զղջման և ապաշխարության հետ։

«Եվ այդ սուգը,- ասում է մեր Եկեղեցու մեծ հեղինակներից Հովհան Մանդակունին,- պահք է սովորեցնում, պահքն աղոթքի է բերում, աղոթքը` ողորմության, և կամաց-կամաց, աստիճանից աստիճան հեշտությամբ երկինք ես ելնում»։ «Այս ամենի միայն սկսելն է դժվար,- դարձյալ մեզ խրատում է Հովհան Մանդակունին,- բայց այնուհետև գործը հեշտանում է և դառնում քաղցր ու ցանկալի»։

Այսպիսի ներքին պահքի կարիքն ունեն ոչ միայն սովորական անձինք, այլ հատկապես մեր քաղաքական-հասարակական գործիչները և գիտության մարդիկ։ Լինում է հոգևոր պահք, որը ենթադրում է հրաժարում եսասիրական և իշխանատենչ գործողություններից, հրաժարում մարդկային փառասիրական նկրտումներից։

Այս պահքն առանձնապես անհրաժեշտ է հասարակական գործիչներին։ Այս պահքի կարգն է` մի փնտրիր իշխանություն և առավելություն, եթե կոչվել ես իշխանության և ղեկավարման, այլ նայիր դրանց որպես ծառայություն։ Ամեն անգամ, երբ հարկ է լինում մարդկանց անտեղի հիշեցնել սեփական անձի մասին, ցույց տալ սեփական առավելություններն ու ուժը, զսպիր քեզ։ Մի տրվիր երեսպաշտությանը։ Մտավոր պահքը հրաժարումն է մտքի միակողմանի գործողությունից, վերջ չունեցող անիմաստ ու աննպատակ հարցերի առաջադրումից։

Սա անհրաժեշտ է գիտության մարդկանց, որոնք մոռացության են տվել Հերակլիտի խոսքերը. «Բազմիմացությունը խելք չի սովորեցնում»։ Մտավոր այս պահքի պայմանն է` մի փնտրիր գիտելիքներ հանուն գիտելիքների, որոնք անիմաստ են մարդկանց և Աստծո գործի համար։ Մի փնտրիր գաղափարական նորույթներ ու յուրօրինակություններ։ Չափից ավելի մեծ արժեք մի տուր գիտական իմացություններին, քանզի գիտությունն ունի սահման` կապված գիտնականների կանխակարծ մտքերի և գիտական ոչ լիարժեք նյութի հետ։ Այս շրջանում հատկապես անհրաժեշտ է մտավոր գործունեությունը ենթարկել բարոյական պահանջներին։

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Օֆելյա Ստեպանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ