16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենաշնորհները հայտարարություններով չեն դադարում մենաշնորհ լինել․ 168․am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո մենաշնորհները Հայաստանում իսպառ վերացան։ Վարչապետը հայտարարեց, որ այլևս մենաշնորհներ չկան, ու մենաշնորհները «դադարեցին» լինել։

Հիմա արդեն պաշտոնապես Հայաստանում մենաշնորհներ չկան, շուկաներում էլ մասնակիցներն ավելանում են։ Այլ բան, որ մենաշնորհների վերացումից հետո էլ մենաշնորհները շարունակում են իրենց լիարժեք տեր ու տնօրեն զգալ։ Մենաշնորհների վերացումից հետո էլ բազմաթիվ շուկաներում պահպանվում է բարձր կենտրոնացվածությունը։

Մենաշնորհներից ազատված շուկաներում այսօր էլ գերիշխող դիրք ունեցողները թելադրում են իրենց պայմանները։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մենաշնորհները վերացե՞լ են, թե՞ կան։ Դրանք շարունակում են իրենց գործն անել։Ավելին, առանձին շուկաներում ի հայտ են եկել մտահոգիչ երևույթներ։

Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց շաքարավազի շուկայի շուրջ 1 տասնյակ խոշոր մասնակիցների նկատմամբ վարույթ հարուցելու մասին։ Հանձնաժողովը հակված է կարծել, որ նրանք հակամրցակցային վարքագիծ են դրսևորել. Մասնավորապես, շաքարավազը իրացրել են ինքնարժեքից ցածր գնով։ Ու նաև դրա հետևանք է, որ շաքարավազի գները նվազել են։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է իրացվել»,- օրերս հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Թե ի՞նչ նպատակով են դա արել շուկայի խոշոր խաղացողները, հավանաբար Հանձնաժողովը կպարզի։ Բայց այն, ինչ կա, մեկ բան է նշանակում. իրացման դաշտում գործող խոշոր ընկերությունները դեմպինգային գներ են կիրառել։

Իհարկե, դրա համար նրանք հազար ու մի պատճառաբանություն կբերեն։ Այնուհանդերձ ակնհայտ է, որ գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ։ Դրանով նրանք շուկայից դուրս են մղել մանր տնտեսվարողներին՝ օգտվելով իրենց մրցակցային առավելություններից։

Սա վտանգավոր երևույթ է, որը բնորոշ է մենաշնորհային շուկաներին։Թեև շաքարավազի շուկայում խնդիրները կարծես միայն իրացման ոլորտում չեն։ Վերջերս ՏՄՊՊՀ-ն հրապարակեց այստեղ կատարված ուսումնասիրության արդյունքները, որտեղ տարօրինակ փաստեր կան՝ շաքարավազի հումքի ու ներքին արտադրության ծավալների հետ կապված։

Հայտնի է, որ Հայաստանում իրացվող շաքարավազի մի մասը ներմուծվում է, մյուս մասն արտադրվում է տեղում։ Ներքին արտադրության կազմակերպման համար հումքը ևս բերվում է դրսից։ 2018թ. բերվել է 58 հազար տոննա շաքարավազի հումք և արտադրվել է 58 հազար տոննա շաքարավազ։

Սովորաբար 1 կիլոգրամ հումքից ստացվում է գրեթե նույնքան պատրաստի արտադրանք։ Տարբերությունը շատ փոքր է՝ ընդամենը 40-50 գրամ։

Անցած տարվա 10 ամիսներին ավելի քիչ հումք է բերվել, բայց անհամեմատ ավելի շատ շաքարավազ է արտադրվել. Պաշտոնական տվյալներով՝ ներկրվել է 35 հազար տոննա հումք, արտադրվել է 59,8 հազար տոննա շաքարավազ։ Թե ինչպե՞ս է դա հնարավոր եղել, հայտնի չէ։

Այն, ինչ արձանագրվել է, որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Այստեղ կարող են լուրջ ռիսկեր լինել։

Չի բացառվում, որ ներքին շուկայում «արտադրված» շաքարավազի մի մասն իրականում ներկրվել է՝ այլ ապրանքի անվան տակ։ Հատկապես որ, ներմուծված շաքարավազի ինքնարժեքն ավելի ցածր է եղել, քան ներքին արտադրությանը։ Այդ պայմաններում ներքին արտադրողի վարքագիծը մի տեսակ անտրամաբանական է թվում։ Իրականացվել է թանկ շաքարավազի մեծաքանակ արտադրություն, այն էլ՝ հետագայում ինքնարժեքից ցածր գնով վաճառելու հեռանկարի ներքո։

Այս հանելուկի պատասխանը գուցե կտրվի Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում։ Բայց այն, ինչ կատարվում է շաքարավազի շուկայում՝ մենաշնորհների բացակայության կամ բացառման պայմաններում, անբարեխիղճ մրցակցության դասական օրինակ է։

Թե ի՞նչ նպատակով են խոշոր տնտեսվարողները գնացել այդ քայլին, էական չէ։ Գների արհեստական նվազեցումը, ինչպես նաև ինքնարժեքից ցածր վաճառքը, որքան էլ ձեռնտու է սպառողներին, այնուհանդերձ, ոչ մի կերպ չի տեղավորվում տնտեսական մրցակցության պայմաններում։

Իսկ թե վերջին շրջանում ի՞նչ է կատարվում ձվի իրացման շուկայում, մեկ այլ, ոչ պակաս վտանգավոր միտում է։ Նման երևույթի նախկինում հանդիպել ենք։ Այն ժամանակ դա հանգեցրեց ոլորտում գործող մի շարք ընկերությունների սնանկացման ու շուկայից դուրսմղման, ինչից հետո ներքին շուկայում առաջացավ ձվի դեֆիցիտ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Այսօր էլ կարծես շուկան նույն փաստի առջև է կանգնած։ Ձվի գինը հասել է նվազագույնի, ինչը ոլորտի մասնակիցները պայմանավորում են գերարտադրությամբ։ Դա բերել է նրան, որ ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով։

Խնդիրը գերարտադրությո՞ւնն է, թե՞ այլ բան, հավանաբար շուտով կերևա։ Բայց այն, ինչ տեղի է ունենում, չի կարող անհետևանք մնալ։ Այսպես շարունակվելու դեպքում՝ փոքր տնտեսվարողներն ի վիճակի չեն լինելու դիմանալ մրցակցությանը ու կհայտնվեն խաղից դուրս վիճակում։

Հիմա Հանձնաժողովը փորձում է հասկանալ՝ կա՞ այստեղ դեմպինգ, թե՞ ոչ, արդյո՞ք խոշոր տնտեսվարողներն այդ ճանապարհով չեն փորձում մանրերին դուրս մղել դաշտից։

Ինչքան ժամանակ կպահանջվի դրա համար, հայտնի չէ։ Բայց կարող է այնպես ստացվել, որ մինչ Հանձնաժողովը եզրակացության կգա՝ բանը բանից անցած կլինի։

Այս իրավիճակը չէր լինի, եթե այդ մասին ժամանակին մտածեին։ Թե չէ տուժողը կրկին շուկան է լինելու։ Փոքրերը դուրս են մղվելու, իսկ շուկայում կենտրոնացվածությունը խորանալու է։

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության մրցակցային վիճակը։ Եվ ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ շուկաներում։

Մենաշնորհները հայտարարություններով չեն դադարում մենաշնորհ լինել։ Տնտեսական մրցակցություն ապահովելու համար միայն շուկաներ մուտքի խոչընդոտները թուլացնելը շատ քիչ է։ Պայմաններ է պետք ստեղծել ոչ միայն՝ մասնակիցների ընդլայնման, այլև՝ գործունեության իրականացման համար։ Հեշտ չէ մրցակցել շուկայի խոշոր խաղացողների հետ, որոնք տարիներ շարունակ հասցրել են ամրացնել իրենց դիրքերը՝ դրա համար ստեղծելով նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ