06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Մենք ոչ մի դեպքում չենք նահանջելու, անիմիաստ փորձեր են անում

image_750x_5e4d124a0b1b2

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ևս մեկ աշխատակից քննչական կոմիտեից ծանուցագիր է ստացել ՔԿ-ի վարույթում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար ներկայանալու վերաբերյալ։ «Հրապարակի» հետ զրույցում կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանն ասաց, որ ոչ թե իրեն, այլ կենտրոնի աշխատակից Էդուարդ Գալստյանին են հրավիրել, նա կենտրոնի 4-րդ աշխատակիցն է, որին հրավիրում են ՔԿ՝ իրենց հետ կապ չունեցող գործերի շրջանակներում․

«Լրատվամիջոցները սխալ են հասկացել, ինձ չեն կանչել, մեր աշխատակից Էդուարդ Գալստյանին են կանչել, մեր կենտրոնի աշխատակից է։ Գաղափար չունենք այս պահին, թե ինչի համար են կանչել։ Նախկինում էլ մեր մյուս աշխատակիցներին են կանչել, իրենց հետ առնչություն չունեցող ինչ-որ գործերով, ինչ-որ հյուրատան վաճառք կամ եսիմինչ, որոնց հետ իրենք ընդհանրապես առնչություն չունեն։ Հիմա էլ անհասկանալի պատճառներով Էդուարդ Գալստյանին են կանչել»։

ԵՊՀ ղեկավարությունը՝ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, ցանկանում էր լուծարել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, սակայն Վարագյանը դիմել էր դատարան։ Հարցրինք, թե ինչ ընթացք ունեցավ գործը, և արդյոք այս ծանուցագրերը կապվա՞ծ են կենտրոնը լուծարելու գործընթացի հետ:

 
 «Մենք ստացել ենք հայցի ապահովում, այս փուլում դատական պրոցեսները դեռ ընթանում են, մինչև դատական պրոցեսի ավարտը դատարանը արգելել է որևէ գործողություն անելը, այսինքն՝ աշխատանքից ազատելը։ Մենք ծանուցում էինք ստացել, որ օգոստոսի 26-ին աշխատանքից ազատելու են, այնուհետև, երբ դիմեցինք դատարան, դատարանը կասեցրեց  իրենց կողմից գործողություններ կատարելը մինչև վերջնական դատական ակտը։ Իհարկե, կապում ենք, սա հստակ իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական հետապնդում է, փորձելով մեր աշխատակիցներին իրենց հետ կապ չունեցող գործերին ներգրավել՝ ուզում են ինչ-որ ձևով ճնշում գործադրել մեր աշխատանքների վրա, բայց ես բազմիցս ասել եմ, որ չենք ընկրկելու ու մինչև վերջ պայքարելու ենք մեր իրավունքների համար, և արդյունքում իրենց անօրինական գործողություններն են մնալու»։

Վարագյանին հարցրինք նաև, թե ռեկտորի մոտակա ընտրություններում ինքը որևէ ազդեցություն ունի՞՝ նկատի ունենալով, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենն է, իսկ հոգաբարձուների խորհրդի կազմում կան նաև ուսանողներ։ Հնարավո՞ր է, որ ընտրություններից առաջ փորձում են ինչ-որ բան հասկացնել:

«Երբեմն նման խոսակցություններ լինում են։ Ես ազդեցություն ունեմ այնքանով, որ ճանաչում եմ այն ուսանողներին, որոնք հոգաբարձուների խորհրդի անդամ են, ճանաչում եմ նաև դասախոսներին, որոնք հոգաբարձուների խորհրդի անդամ են։ Ֆորմալ առումով որևէ ազդեցություն կամ որևէ այլ լծակներ չունեմ ես։ Ես ուզում եմ չհավատալ, որ այս ամենը կապ ունի ռեկտորի ընտրությունների հետ, բայց կան մարդիկ, որոնք հավատացնում են, որ այս ողջ պրոցեսը․․․ որովհետև հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ են լինում նմանատիպ ծանուցումները։ Մեր մյուս աշխատակիցներին մեկուկես տարի առաջ էլի կանչել էին, երբ ուզում էին Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնել։ Եթե այս դեպքերն իրար կողք շարենք և համադրենք, գուցեև ստացվի այնպես, որ, այո, հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ փորձում են ինչ-որ ճնշումներ գործադրել այն մարդկանց վրա, ովքեր աշխատում են ուսանողների հետ։ Բայց նորից եմ կրկնում, մենք ոչ մի դեպքում չենք ընկրկելու, անիմաստ փորձեր են կատարում, ոչ մի բան չի փոխվելու»։

Կորյուն Սիմոնյան

hraparak. am

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ