06 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Պետք է թույլ չտալ՝ ԶՈւ-ն վերածվի հայրենիք մերժող տեսակների թիրախի․ ՀՅԴ

47447_hyd_2801_M

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով: 

«ՀՀ Զինված ուժերի կազմավորումը հայ ժողովրդի պատմության շրջադարձային էջերից մեկն է, հայոց նորանկախ երկու հանրապետությունների սահմանների անվտանգության ապահովման և հետագա վերելքի առանցքային գրավականը: Անցնելով կազմավորման մի քանի փուլեր՝ Զինված ուժերը կրել են այն նույն դժվարությունները և անցել այն նույն փորձություններով, որոնք ապրել և հաղթահարել է հայ ժողովուրդը՝ վերջին երեսնամյակում:

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծմամբ հայոց բանակաշինությունն ապրեց իր շրջադարձային փուլը, մի շրջան, երբ մի կողմից կամանորական գնդերից ստեղծվում էր կանոնավոր բանակը, մյուս կողմից ընթանում էր հայ-ադրբեջանական արյունալի պատերազմը: Շնորհիվ աննահանջ պայքարի՝ հայ ժողովուրդը պատվով անցավ այդ փուլը ևս՝ 1994 թ. մայիսին ազդարարելով և՛ պատմական հաղթանակի, և՛ բանակաշինության նոր փուլի մեկնարկի մասին:

Հայաստանի պաշտպանական համակարգի ստեղծումը հայոց պետականության հիմքերը դարձրեց առավել ամուր, անկախության երթը՝ անշրջելի:

Անցնող երեսնամյակում մեզ հաջողվել է ստեղծել տարածաշրջանում հայոց քաղաքակրթական ներկայության առանցքային երաշխիքներից գլխավորը՝ մարտունակ բանակը: Այս հաստատումը ևս մեկ անգամ փաստվեց 2016 թ. Ապրիլյան պատերազմով, երբ հերթական անգամ չեզոքացվեցին Ադրբեջանի դավադիր գործողությունները:

Նոր իրողությունների պայմաններում, երբ հայոց ազգային արժեքների դեմ նկատելի են ակնհայտ ոտնձգություններ, առավելագույն ջանքեր են անհրաժեշտ՝ զինված ուժերը զերծ պահել նման դրսևորումներից: Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ թույլ չտալու, որպեսզի զինված ուժերը համազգային փայփայանքի արգասիքից վերածվեն կասկածելի աղբյուրներից սնվող, ազգություն և հայրենիք մերժող տեսակների գործողությունների թիրախի:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր աշխարհասփյուռ կառույցի, ուղեկից միությունների և կազմակերպությունների ներուժը՝ ինչպես Արցախյան գոյապայքարի, Ապրիլյան քառօրյայի շրջանում կամավորական ջոկատների կազմավորման և մասնակցության, այնպես էլ համեմատաբար խաղաղ պայմաններում բանակաշինությանն օժանդակելուն ուղղված ծրագրերի տեսքով, շարունակելու է ծառայեցնել ի շահ հայրենիքի և հայոց բանակի: 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց փառապանծ բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով և մաղթում նորանոր հաղթանակներ:

 Շնորհավո՛ր ծնունդդ, Հայո՛ց բանակ:

28.01.2020 թ.»:  

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ