29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամանորյա ճոխ ծախսերն ու վարչապետի արդարացումները, որքան կարելի է կեղծ հիմնավորումներ հորինել․ 168 Ժամ

1.thumb

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվում» փորձում էր արդարացնել Ամանորին պետական բյուջեի հաշվին կատարված ճոխ ծախսերը։ Խոսքը 271 մլն դրամի մասին է, չհաշված, որ 326 մլն դրամ էլ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանը։

Նման ճոխ ծախսեր կատարելու նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց։ Հնչեցին բազմաթիվ քննադատություններ, թե ինչպե՞ս կարելի է աղքատ երկրում այդքան գումար հատկացնել ամանորյա միջոցառումների համար։

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց դա արդարացնել զբոսաշրջիկներին գրավելու և Հայաստան բերելու անհրաժեշտությամբ։ Թե ինչքանո՞վ դա հաջողվեց, կերևա զբոսաշրջության վերաբերյալ ցուցանիշներն ամփոփելուց հետո։

Մինչ այդ վարչապետն այլ հիմնավորումներ է հորինել՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ կատարված ծախսերն ամբողջությամբ, դեռ մի բան էլ ավելի, հետ են վերադարձել կամ վերադառնալու են հունվարին վճարվող հարկերի տեսքով։ Ու նման եզրակացություն անելու համար Նիկոլ Փաշինյանը հիմք է ընդունել առևտրի շրջանառության այն ծավալները, որոնք արձանագրվել են Ամանորի տոնակատարությունների օրերին։

«Հիշում եք, որ կառավարությունը Ամանորից առաջ որոշում կայացրեց 271 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին, որպեսզի Հանրապետության հրապարակում ամանորյա միջոցառումներ կազմակերպվեն նոր տրամաբանությամբ, նոր թափով։ Երբ այդ գումարները տրամադրվում էր, շատ քննադատություններ հնչեցին, թե որքանով է արդյունավետ նման միջոցներ հատկացնելը։ Հիմա ուզում եմ արդյունքների հիման վրա անդրադառնալ այդ հարցին։ Այդ միջոցների տրամադրման նպատակն այն էր, որ զբոսաշրջիկների, մեր հայրենակիցների համար Ամանորը Երևանում անցկացնելն ավելի գրավիչ լինի։ Մենք ունենք տվյալներ և կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն։ Դրա ավելի քան 4 մլրդ դրամը տեղի է ունեցել մարզերում։ Կա ավելի կարևոր արձանագրում. ամենամեղմ հաշվարկներով, այս 9 մլրդ դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում, ինձ ասում են, որ գեներացվելու է ավելի քան 325 մլն դրամի հարկ։ Այսինքն՝ այն 271 մլն դրամը, որ ծախսեցինք Ամանորին, առնվազն կրկին վերադառնալու է բյուջե և մի բան էլ ավելի,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ եզրակացնելով,- Կարող ենք արձանագրել, որ այդ ծախսը ոչ միայն արդարացված է, այլև 100, նույնիսկ 110-120 տոկոսով կվերադառնա պետական բյուջե, և դրա արդյունքում մենք տնտեսվարողների համար հավելյալ առևտրաշրջանառություն ապահովեցինք»։

Առևտրաշրջանառության վերաբերյալ այն թվերը, որոնք ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, նորություն չեն։ Այդ մասին օրեր առաջ հայտարարել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահը՝ իր հրավիրած մամուլի ասուլիսում։

«Ամանորին՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 6-ը, Հայաստանում տպագրվել է 10,5 մլն հատ ՀԴՄ կտրոն, ինչը 32 տոկոսով գերազանցում է 2019թ. ցուցանիշը։ Անցած տարվա նույն օրերին շուրջ 7 մլն ՀԴՄ էր տրամադրվել։ Շուրջ 22 տոկոս ավելացել է շրջանառությունը. 51 մլրդ` նախորդ տարվա 42 մլրդ դրամի փոխարեն»,- իր ամփոփիչ ասուլիսում ասել էր ՊԵԿ նախագահը։

Այն ժամանակ Դավիթ Անանյանը նշել էր, որ այդ տվյալները պետք է ներկայացնի վարչապետին։ Ու հավանաբար ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է մեկ անգամ ևս անդրադառնալ դրանց՝ փորձելով Ամանորին իրականացված ճոխ ծախսերը հիմնավորել արձանագրված առևտրի շրջանառությունների աճով։

Արդյունքում՝ ստացվել է այնպես, որ, եթե կառավարությունն այդ 271 մլն դրամը չծախսեր, ապա դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 6-ը Հայաստանում առևտրի ծավալներն ընդհանրապես չպիտի ավելանային։ Կամ՝ այն 9,3 մլրդ դրամ հավելյալ առևտուրը, որը իրականացվել է այդ օրերին, իրականացրել են բացառապես զբոսաշրջիկները կամ դրսից եկած մեր հայրենակիցները։

Սա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Հատկապես այն բանից հետո, ինչ կատարվում է առևտրի ոլորտում։

Մինչ այդ էլ, երբ կառավարությունը հավելյալ գումարներ չէր ծախսում զբոսաշրջիկներին գրավելու համար՝ տպվող ՀԴՄ կտրոնների և դրանցով արձանագրվող առևտրի ծավալները Հայաստանում ավելանում էին։ Այդ մասին վարչապետը բազմիցս է խոսել։ Բերենք նրա վերջին հայտարարություններից մեկը. ներկայացնելով տարեսկզբի 9 ամիսների արդյունքները, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «2019թ. 9 ամիսներին տպագրված ՀԴՄ կտրոնների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38,3 տոկոսով։ 2019թ. Հունվար-սեպտեմբերին 97 մլն 858 հազար 593 դրամի ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել։ Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որն առևտրի ընդհանուր շրջանառության 21,8 տոկոսն է»։

Այսինքն՝ մինչ այդ էլ առևտրի շրջանառությունները Հայաստանում ավելանում էին։ Ընդ որում, ճիշտ նույն չափով, ինչ չափով ավելացել են Ամանորին։ Ինչպես տարեսկզբի 9 ամիսներին, այնպես էլ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը ընկած հատվածում աճը կազմել է շուրջ 22 տոկոս։ Իսկ դա նշանակում է, որ առևտրի շրջանառությունն Ամանորին ավելացել է ոչ թե կառավարության ծախսած 271 մլն դրամի արդյունքում, այլ շարունակել է պահպանել նախորդ շրջանի զարգացումները։ Անկախ նրանից՝ կառավարությունը կծախսե՞ր այդ 271 մլն դրամը, թե՞ ոչ, առևտրի այդ աճը լինելու էր, ստացվելու էին նաև այն գումարները, որոնք պետական բյուջեն պիտի ստանար հարկերի տեսքով։ Այստեղ կառավարության ծախսած 271 մլն դրամը որևէ կապ չունի, կամ, լավագույն դեպքում, այդ կապը շատ աննշան է։ Այնքան փոքր, որ առևտրի փաստացի շրջանառությունների աճի վրա գրեթե չի զգացվել։

Ավելին, այնպես չէ, որ նախկինում, երբ կառավարությունն այդքան գումարներ չէր ծախսում ամանորյա տոնակատարությունների վրա, առևտրի ծավալները չէին աճում։ Այդ աճը միշտ էլ եղել է՝ մի փոքր ավել, մի փոքր պակաս։

Բացարձակապես տեղին չէ Ամանորին բյուջեի հաշվին կատարված ճոխ ծախսերը արդարացնել նրանով, որ դա բերել է առևտրի շրջանառության 9 մլրդ 307 մլն դրամով ավելացման, որ դրա արդյունքում բյուջեն, գեներացվող հարկերի տեսքով, կստանա շատ ավելի մեծ գումար, քան ծախսել է կառավարությունն ամանորյա միջոցառումների կազմակերպման համար։ Դրանք լինելու էին, անկախ նրանից՝ կառավարությունը կծախսե՞ր այդ 271 մլն դրամը, թե՞ ոչ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ