23 Հունվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Օրվա իշխանությունն արդեն մեղադրում է աղքատներին, գործազուրկներին. Թադևոս Ավետիսյան

3358949D-34F2-4014-925A-C762134CCBF9

Արդեն սովորական են դարձել սոցիալական խնդիրների խոստացված լուծումների հետաձգումն ու կոնկրետ ձախողումները, հանրության մոտ ձևավորված օբյեկտիվ սպասումների մեղմ ասած անհամաչափ իրականացումը: Առարկայական պատասխանատվությունը թաքցնելու և դրանից խուսափելու համար էլ իշխանությունները պարբերաբար ներկայացնում են արհեստական ձեռքբերումներ, սոցիալ-տնտեսական միտումների սուբյեկտիվ պատկեր՝ վիճակագրական մանիպուլիացիաներով: Վերջերս արձանագրվեց նաև անհաջող նոր փորձ, որն արդեն դրսևորվում է վիճակագրական ցուցանիշների մանիպուլիացիաները երկրից «արտահանելով»:

Իհարկե, ժամանակի հետ դժվարանում է սեփական պատասխանատվությունից մանևրելու գործընթացը: Պոպուլիզմից խոստացված համակարգային բարեփոխումներին անցնելու և օր առաջ կյանքի կոչելու փոխարեն՝ օրվա իշխանությունները զուգահեռաբար ավելացնում են պատասխանատվությունից խուսափելու անհեռանկար գործիքները: Խորացող խնդիրների, կրկնվող ձախողումների համար արդարանալու և իշխանության եկած քաղաքական թիմից դուրս մեղավորների փնտրտուքը հասավ վերջնակետ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնային շահառուներին: Օրվա իշխանություններն արդեն մեղադրում են աղքատներին, գործազուրկներին և սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներով այլ քաղաքացիներին: Հորդորում են՝ հույսները կտրել պետությունից և սոցիալական աջակցությունից, իսկ իրենց խնդիրները լուծել սեփական ջանքերով: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաև՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ: Գործազուրկ են 234 հազար քաղաքացիներ, որոնց 25-30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվորեն փնտրում են աշխատանք, իսկ նրանց 18,3 տոկոսը 2019թ. արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետևանքով:

Գործազուրկները տարիներ շարունակ չեն դառնում զբաղված՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության, իսկ հիմա նաև՝ սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով: Օրինակ՝ 2018թ. ձախողվել է զբաղվածության աջակցության պետական ծրագրերի 75 տոկոսը, իսկ 2019թ.՝ 50 տոկոսը: Հետևաբար՝ աղքատներն ու գործազուրկները «պառկած չեն իրենց դիվանին», եթե դա անկողնային հիվանդության հետևանք չէ: Նրանք մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու, այլ ոչ թե աղքատ մնալու մասին: Այս ամենի կոնկրետ դրսևորումներին բազմիցս ենք անդրադարձել, ներկայացրել ենք մասնագիտական այլընտրանքային գնահատումներ և օբյեկտիվ հիմնավորումներ: Իշխանություններն էլ բերում են ի սկզբանե անհեռանկար և արդեն նաև ծեծված հետևյալ հակադարձումները. «իրենց արածն աննախադեպ է», «լուծումներ գիտեիք՝ իրականացնեիք»: Այս իմաստով հատկանշական են հետևյալ փաստերը: Պոպուլիստական փաթեթավորմամբ իշխանությունները շարունակում են աննախադեպ որակել 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի 23,6 տոկոսով բարձրացումը և կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով ավելացումը:

Իսկ իրական պատկերն ամբողջացնելու նպատակով հարկ է նշել՝ – կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով բարձրացումը բացարձակ համարժեք չի առկա օբյեկտիվ հնարավորություններին և իշխանական խոստումներին, – այս բարձրացումից հետո կենսաթոշակի միջին չափը շուրջ 45 տոկոսով ցածր է մնում մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից, – 2004թ. հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով՝ 3,2 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ 10 տոկոս և ավել չափերով բարձրացումներ բազմիցս եղել են մինչև իշխանափոխությունը, – 2004թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 160 տոկոսով՝ 7 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ մինչև իշխանափոխությունը նվազագույն աշխատավարձը ևս բարձրացվել է՝ 20 տոկոս և ավել չափերով, – իշխանափոխությունից հետո աննախադեպ են բարձրաստիճանների պարգևատրման չափերը, պարբերականությունը և խնդրահարույց բնույթը, ըստ որի՝ նրանց վարձատրությունն այլևս եռակատկվել է այն դեպքում, երբ 2019թ. միջին աշխատավարձը մեր երկրում աճել է ընդամնեը 5,9 տոկոսով: Թադևոս Ավետիսյան ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող։

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ