26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծխախոտի գինը բարձրացնում ենք, բայց չգիտենք՝ մարզերում «Չիբուխ» ծխողներն ինչ են ծխելու. չկա մեր հարգելի նախարարը, որ հասկանանք՝ ինչ եղան աշխատանքային քննարկումները. Գևորգ Գորգիսյան

Ո՞ւր է պարոն նախարարը. իրականում բավական երկար քննարկվել է, երկար աշխատանքային քննարկումներ են եղել, որոնց ընթացքում հարցեր են բարձրացվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հիմա չկա մեր հարգելի նախարարը, որ հասկանանք այդ պայմանավորվածություններն ինչ եղան: Այս մասին ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

 

Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ պայմանավորվածությունների մի մասն արդեն կարող էին հաստատվել և լինել նախագծում, որովհետև մինչև հանձնաժողով գալը կային դրույթներ, որոնք կարող էին փոխվել:

«Ի սկզբանե ասեմ՝ չեմ ծխում և չեմ պատրաստվում ծխել, բայց եթե քննարկում ենք օրենք, ապա այն պետք է հաշվի առնել բոլոր կողմերից. մեզ բաժանվեց ինչ-որ թղթիկ, որի վրա գրված են սիրուն տառեր, բայց ոչ մի թիվ, մենք քննարկում ենք օրենք, որի հետևանքներն են կարևոր: Այո, ծխելը վատ բան է, բայց երբ ասում եք ծխելը միշտ վնասակար է, ապա կա տարիք, որից հետո մարդկանց բժիշկները խրախուսում են ծխել, որովհետև նիկոտինի պակասի պատճառով սկսվում են առողջական խնդիրներ: Հայրս մահացել է թոքերի քաղցկեղից, երբ 60 տարեկանի մոտ էր, նա փորձում էր թարգել ծխելը, նրա մոտ սկսեցին առողջական խնդիրներ և բժիշկները նրան խորհուրդ տվեցին շարունակել ծխելը»,- ասաց Գորգիսյանը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ նախագծում որևէ թիվ ներկայացված չէ. «Ներկայացված չէ, թե ովքե՞ր են ծխում և ինչպե՞ս է բաշխված տարիքային, սեռական գործոնը: Այդ ամենը չներկայացրեցիք մարզերո՞ւմ, թե՞ Երևանում, որովհետև եթե Երևանում, օրինակ, սրճարաններում արգելելը կարող է ազդել ծխելու վրա, մարզերում, էն մարդիկ, որոնք «Չիբուխ» են ծխում, նրանց վրա ոչ մի կերպ չի ազդելու: Մենք բարձրացնում ենք ծխախոտի գինը,  բայց չգիտենք այդ «Չիբուխ» ծխողներն ինչ են ծխելու.  սրա հետևանքներն էլ ոչ մի կերպ կանխատեսված չեն»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ կա Վրաստանի փորձը, որտեղ սկսել են թութուն ծխել, Ռուսաստանում սև շրջանառությունն էլ ավելացել է նման սահմանափակումերի պատճառով:

Նա նշեց, որ խոսվում է խանութներում ծխախոտի ցուցադրության և դրա հետևանքների մասին: «Այո, մենք պիտի մտածենք նաև տնտեսվարողների շահերի մասին, որովհետև նախարարը ստանում է աշխատավարձ նաև տնտեսվարողների մուծած գումարներից, և չի կարելի անտեսել նրանց շահերը: Եկեք չմոռանանք, որ ի վերջո մենք ծխախոտ արտահանող երկիր ենք: Այո, ես կողմ եմ առողջ ապրելակերպին, բայց սպորտով զբաղվելը պետք է խրախուսել և ոչ թե ստեղծել խնդիրներ բոլորի համար՝ առանց լուծելու հիմնական խնդիրը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ