08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է

20498_arpine_hovhannisyan4_M

Այսօր խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը (եթե իհարկե արդեն ձեւավորվող ավանդույթի համաձայն քվեարկությունը չտապալվի։) Հասկանալու համար, թե արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը, կարեւոր է իմանալ այն ողջ գործընթացը, որը նախորդել է հանձնաժողովի ձեւավորմանը։ 

• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։

• Իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար իշխանությունները ընդունեցին հակասահմանադրական օրենք՝ մեռած իրավական նորմերին հարություն տալու։ Հանձնաժողովի չձեւավորմամբ պայմանավորված խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ միջազգային կառույցները։

• Իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ այս տարվա հունիսին իշխող ուժը վերջապես ձեռնամուխ եղավ հանձնաժողովի ձեւավորմանը՝ վերաձեւելով հանձնաժողովի կազմը իր կադրային բանկի եւ քաղաքական նպատակահարմարություններին համաձայն։

Հանձնաժողովի ձեւավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, որոնցից առանցքային էր այն, որ մրցութային հանձնաժողովը վերացվում էր, եւ հանձնաժողովը ձեւավորվում էր ամբողջովին քաղաքական գործընթացի արդյունքում։ Բացի դրանից էապես իջեցվում էին հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։

Ինչպես սրանից որոշ ժամանակ առաջ նշել եմ, հիմա էլ կպնդեմ՝ այս կերպ նոր իշխանությունները օրենսդրական մակարդակով վերացնում են այն, ինչը իրենք չունեն՝ փորձառություն, ճանաչելիություն մասնագիտական շրջանակներում, բանակում չծառայելը, շարքը բավական երկար է։

Հարկ է նշել, որ նախորդիվ օրենսդրական կարգավորումները մշակված էին միջազգային չափանիշների խիստ հաշվառմամբ։ Այսպես՝ Հայաստանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթերով ՏՀԶԿ-ն(OECD) ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի ներառական, թափանցիկ, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթացների արդյուքում։ Ավելին, անդրադառնալով վերջին օրենսդրական կարգավորումներին նույն Վենետիկի հանձնաժողովը հղում էր կատարել հենց ՏՀԶԿ-ի մանդատին եւ դրա կողմից առաջարկվող չափանիշներին։
Սակայն ինչ ունենք մենք հիմա՝

• Հանձնաժողովի հինգ անդամներից երեքին առաջադրում են համապատասխանաբար Կառավարությունը, «Իմ քայլը» դաշինքը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունների տարանջատումը գրեթե չգործող սկզունք է եւ վերոգրյալ բոլոր մարմիններից որեւէ մեկը առանձին կամք արտահայտելու հնարավորություն չունի՝ ստացվում է, որ Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում առանց երկարատեւ քննարկումների հավանություն է տրվում իշխանության երեք թեկնածուներին։Սա այն մարմնի դեպքում, որը պետք է լինի ամենաապաքաղաքականը։

• Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին։ Կասկածի տակ չդնելով ու չքննարկելով որեւէ թեկնածուի մասնագիտական ունակությունների առկայությունը (օրինակ ասում են՝ Լիլիթ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանը լավ թեկնածուներ են), այնուհանդերձ արձանագրենք, որ թեկնածուների առաջադրումը հնարավոր դարձավ օրենսդրական փոփոխություններից հետո։

Ավելին հետաքրքրական է, որ կան այնպիսի «սկզբունքային» թեկնածուներ, որոնք ներկայացնում են նախորդ «ձախողված» իշխանության էթիկայի «ձախողված» հանձնաժողովը, բայց նույնիսկ այդ պարագայում ստացել են իշխող ուժի վստահությունը։ Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է։

Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյոք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ այն դեպքում, երբ դրա ձեւավորման ողջ պատմությունը վկայում է ապակառուցողական, միայն տվյալ պահին հարմար լուծումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ