16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Հակառակորդի հարձակումն անակնկալ էր, հետախուզական ոչ մի տվյալ չի եղել». Արտակ Զաքարյան

«Մեր ժամանակ մենք լուծել ենք խնդիրները, և որևէ մեկը մեզ չի կարող ասել, որ մենք ժամանակին մատների արանքով ենք նայել կարևոր խնդիրներին, որ կենսական նշանակության հարցերում եղել ենք պարտվողական կամ ձախողված, և այսօրվա իշխանությունների գործողություններն էլ դա են վկայում, որ շատ առումներով շարունակում են այն քաղաքականությունը, ինչը ժամանակին դրվել է ճիշտ ռելսերի վրա»,- լրագրողներին ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե այսօր «Վերնատուն» ակումբի համաժողովի ժամանակ անդրադառնում են Հայաստանի առաջ ծառացած հարցերին, ապա ինչո՞ւ իրենց իշխանության օրոք այդ հարցերին լուծումներ չեն տվել:

Զաքարյանին «Վերնատուն» բերել են իշխանությունների, իր խոսքով, անպատասխանատու և անզգույշ հայտարարությունները:

«Մի գործընթաց է, որը միջազգային հանրության մոտ էլ է ձևավորում թերահավատություն Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության և տարածաշրջանում գոյություն ունեցող զարգացումների վերաբերյալ»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այս ամենի առկայության դեպքում նման քննարկումից անմասն մնալ չէին կարող:

Արտակ Զաքարյանին չի գոհացնում իշխանության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. թերացումներ կան:

«Ադրբեջանն ապակառուցողական դիրքերից տեղափոխվում է կառուցողական դիրքեր, և Հայաստանն է կառուցողական դիրքերից տեղափոխվում ապակառուցողական դիրքեր, սա մտահոգություն է: Այն, որ միջազգային հանրությունն արդեն իսկ սկսում է Ադրբեջանի գործողություններն ընկալել՝ որպես կառուցողական դաշտում արվող գործողություններ, այն որ Հայաստանից հնչող արտահայտությունները սկսում են մերժվել, սրանք մտահոգում են մեզ»,- ասաց Պաշտպանության նախկին փոխնախարարը:

Զաքարյանը նաև անդրադարձավ Խորհրդարանում ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը՝ ասելով.

«Այդ հանձնաժողովը կարող էր օգտակար լինել մի պարագայում, երբ որ կարողանար մասնագիտական կազմ հավաքել, ոչ թե լինեին ԱԺ կազմում ընդգրկված 9 պատգամավոր, որոնց մեծ մասն ուղղակի հեռու են զինվորական գործից և զինվորական արվեստից: Պետք է մասնագիտական խումբ հրավիրեին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել էր, թե Ապրիլյան պատերազմից առաջ հետախուզությունը հստակ տվյալներ էր տվել, որ սպասվում է հարձակում, ու այդ ամենով հանդերձ՝ նախորդները որևէ քայլ չէին ձեռնարկել: Ն. Փաշինյանի խոսքով՝ նման հայտարարություն անում է որոշ փաստաթղթերի վրա հիմնվելով:

«Հակառակորդի հարձակումը եղել է անակնկալ: Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, այսօր բոլոր հնարավորություններն ունի հստակ հիմնավորելու և ապացուցելու դրանք: Թող բարի լինի անել»,- ասաց Զաքարյանը:

Հավելելով, որ ինքը նման փաստաթղթի ծանոթ չէ, Զաքարյանը պնդեց՝ հետախուզությունը չի ահազանգել, ու հարձակումը եղել է անակնկալ բոլոր հետախուզությունների համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ