25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ երաժշտության հետ ընդհանրապես կապ չունեցող այդ մարդու նկարը փակցրել են Կիևյան խաչմերուկում, ընդ որում՝ Կոմիտասի նկարից մեծ նկար է, ու տակը գրել են՝ «Հայ մեծեր». կոմիտասագետ

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտում պետք է «ցենզուրա» լինի, քանի որ չեն կարող ազգին այլասերվածություն ցույց տալ և երեխաներին ներկայացնել այնպիսի երգեր, որոնք ավելի վտանգավոր են, քան թմրանյութերը։

«Մեր ժողովուրդն այսօր մշակույթին ընդհանրապես անհաղորդ է, ամեն ինչ կա, բացի ժողովրդից։ Հիմա Կոմիտասի 150-ամյակն են նշում, բոլոր հարցերը վերաբերում են իրենց պտտվելուն, ինքնաթիռ նստելուն, դասախոսություն կարդալուն կամ դրսերում նվագելուն, ուտել-խմելուն, հյուրանոցներով ֆռռալուն։ Այսինքն՝ այդ բոլոր ծրագրերը կապված են ինչ-որ ինքնաթիռների ու  մեծ ծախսերի հետ, բայց անհասկանալի է, թե ինչու։ Կոմիտասն ասում էր՝ դուք ձեր տան մեջ երգեք, օտարն աչք ունի՝ կտեսնի, ականջ ունի՝ կլսի։ Բոլորն էլ սա տեսնում են, թեկուզ՝ ԿԳՄՍ նախարարը, բայց ինձ թվում է՝ այն գիտակցությունը չունեն, որ հասկանան»,- 168. am-ի հետ զրույցում ասել է նա։

Ըստ նրա՝ բոլորը միայն երգիչ Սերժ Թանկյանին են հիշում, նրան ուշադրություն դարձնում, որը որևէ առնչություն չունի բուն դասական երաժշտության հետ։

«Հայ երաժշտության հետ ընդհանրապես կապ չունեցող այդ մարդու նկարը բերել, փակցրել են Կիևյան խաչմերուկում, ընդ որում՝ Կոմիտասի նկարից մեծ նկար է, ու տակը գրել են՝ «Հայ մեծեր»։ Երբ հարցնում եմ՝ այս մարդը մեր երկրի համար ի՞նչ է արել, որևէ պատասխան չկա։ Այստեղ ուզում ես՝ սրանց համար երկնքից աստղեր իջեցրու, ուզում է՝ Բախը գա Հայաստան, սրանք թքած ունեն դրա վրա, այսօր այսպիսի իրավիճակ է մեր մշակույթում»,- հավելեց Արթուր Շահնազարյանը։

Հարցին՝ մշակույթն այդ վիճակից հանելու համար արդյո՞ք մտավորականության ուսերին, այսպես ասած՝ մեծ բեռ չի դրված, Արթուր Շահնազարյանը պատասխանեց, որ մտավորականության ամբողջ դարդն ու ցավն այն է, թե հաջորդն ինչ կոչում կարող են ստանալ, կամ ի՞նչ անեն, որ ստանան։

Հաջորդ հարցին՝ այսինքն՝ մտավորականների մեջ չկա՞ն նվիրյալներ, նա պատասխանեց, որ հաշված նվիրյալներ կան, որոնց կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում։

«Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հոբելյանն էր, մի քանի կոպեկ դուրս չգրեցին, որ նշեին, որ հարցնես՝ ով է այդ մարդը, երևի չիմանան էլ, որովհետև որևէ մեկն ուշադրություն չի դարձնում այդ մարդկանց»,- եզրափակեց Արթուր Շահնազարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ