25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի Սահմանադրական դատարանի վրա աննախադեպ ճնշում է գործադրվում. EaDaily.com

Անցած տարվա ապրիլին Հայաստանում կատարված քաղաքական փոփոխություններին հաջորդած ժամանակաշրջանը նշանավորվեց դատական համակարգի և մասնավորապես Սահմանադրական դատարանի ու դրա նախագահի նկատմամբ աննախադեպ ճնշումների գործադրմամբ, իսկ իրավական պետության հիմքերի նկատմամբ ամենատարբեր ոտնձգությունները հետհեղափոխական Հայաստանում դարձան սովորական երևույթ։ Այս մասին գրում է ռուսական EaDaily.com պարբերականը՝ Հայաստանի դատական համակարգի և մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող դեպքերի մասին վերլուծական հոդվածում։

«Գործադիր ու օրենսդիր իշխանությունների՝ մի կողմից, և դատական իշխանության՝ մյուս կողմից, հարաբերությունները սկսեցին լարվել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը նախորդ՝ «ոչ հեղափոխական» պառլամենտի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում կատարած փոփոխությունները ճանաչեց «Սահմանադրությանը չհակասող»։

Մյուս առիթը Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատավորներից մեկի դիմումն էր Սահմանադրական դատարան՝ պարզելու համար Սահմանադրական կարգի տապալմանն առնչվող Քրեական հոդվածի սահմանադրականության հարցը։

ՍԴ-ի վճռից հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել Հայաստանի բոլոր դատարաններն, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը։

ՍԴ-ն շրջափակելու ակցիայի ժամանակ տարածքում էր նաև խորհրդարանում իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հանգամանք, որը սկզբունքորեն հնարավոր չէ պատկերացնել իրավական պետությունում։ Դրան հետևեցին Սահմանադրական դատարանում արհեստական ճգնաժամ ստեղծելու փորձերը՝ այնտեղ գործուղելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաի արմատական կողմնակից, փաստաբան Վահե Գրիգորյանին՝ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելու և ՍԴ-ի մասին օրենքը ակնհայտ ոտնահարելու ճանապարհով»։

Հոդվածագիրը նշում է, թե Վահե Գրիգորյանը, խախտելով արարողակարգը, և անտեսելով Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյաին, Ազգային ժողովում իր երդմնակալության ճառի ժամանակ ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ ու արժանացավ խորհրդարանականների ծափահարություններին, մինչդեռ ավելի ուշ այդ քայլի համար կոշտ քննադատության ենթարկվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից։

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների հետ նրանց «կամավոր հրաժարականի» մասին» պայմանավորվելու փորձերի տապալումից հետո դատավոր Վահե Գրիգորյանն ու իր կողմնակիցները նախաձեռնեցին հասարակության մեջ անցումային սահմանադրական դրույթների արմատավորման պրիմիտիվ մի ողջ գործընթաց, որը ենթադրում էր, թե իբր մինչև 2015թ-ի Սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի պաշտոնավարած նախագահի ու դատավորների լիազորությունները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև իրենց սահմանված տարիքի լրանալը։ Օրենքի նման մեկնաբանության նպատակն էր ցույց տալ, որ ՍԴ-ի գործող նախագահն ու դատավորները իրականում չունեն պաշտոնավարելու լիազորություն»։ 

Հոդվածում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու ակնկալիքով ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը դարձավ վերջին կաթիլը, որից հետո իշխանությունը սկսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու ակտիվ գործընթացը։

«Ինչպես պարզունակ կերպով արտահայտվեց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներից մեկը՝ «․․․Եթե ՍԴ-ն չաներ այդ քայլը, չդիմեր ՄԻԵԴ Քոչարյանի գործով ու մեզ վրա «տղա չբերեր», մենք գուցե չնախաձեռնեինք ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու գործընթացը»։ Սակայն մինչ պատգամավորի այդ ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանը սեփականաշնորհված «բուդկա» է և Հրայր Թովմասյանն է այն սեփականաշնորհել։

Հաջորդիվ Խորհրդարանը դրիմեց ՍԴ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությաբ՝ հղում անելով հանգամանքին, թե իբր վերջինս կողմնակալ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ։ Սահմանադրական դատարանը մերժեց այդ միջնորդությունը, սակայն դա չխանգարեց, որպեսզի իշխանությունը հերթական հետապնդումների ալիքը սկսի Թովմասյանի և նրա մտերիմ անձանց նկատմամբ։ Նրա երկու սանիկները ձերբակալվեցին կոռուպցիայի մեղադրանքով, իսկ հայտնի իրավաբան Արսեն Բաբայանը, ով ԱԺ-ում աշխատել է Հրայր Թովմասյանի հետ և աչքի էր ընկնում Վահե Գրիգորյանի գործունեության բացահայտ քննադատությամբ, ձերբակալվեց՝ Սահմանադրական  դատարանում իշխանությունը զավթելու մեղադրանքով»։

Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՍԴ նախագահի 75 տարեկան հոր տանը, որը կառուցվել է մինչև Թովմասյանի պաշտոն ունենալը, ինչպես նաև հարցաքննության են հրավիրել Թովմասյանի դուստրերին շարժական գույքի առնչությամբ, որը չի ներկայացնում մեծ արժեք և Հրայր Թովմասյանի ընտանիքին է նվիրվել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած նրանց բարեկամների կողմից։

«Որտեղ իշխանությունները չեն կարող ուղիղ գործել, գործի են անցնում նրանց հետ փոխկապված խուլիգանական խմբերը։ Ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ սադրանքների գնացած մի քանի երիտասարդներ այս անգամ էլ հարձակվեցին «Հայելի» խմբագրության վրա,որը պատկանում է Հրայր Թովմասյանի քրոջը՝ հայտնի լրագրող Անժելա Թովմասյանին։ Նրանք պահանջեցին, որպեսզի Թովմասյանները դադարեցնեն իրենց գործունեությունը Հայաստանում ու լքեն երկիրը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հետհեղափոխական Հայաստանը ոչ իրավական, ոչ էլ ժողովրդավարական պետություն է, որում արևմտյան ժողովրդավարությունների թողտվության պայմաններում տեղի է ունենում եվրոպական նորագույն պատմության համար աննախադեպ ճնշում Սահմանադրական դատարանի և նրա նախագահի վրա ամենակեղտոտ միջոցների գործադրմամբ, սկսած պատգամավորական և ծառայողական նորմերի կոպիտ անտեսումից, մինչև Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ քրեական գործերի պարտակում։

Նպատակը մեկն է՝ դատական իշխանության բարձրագույն մարմինն առնել ամբողջական վերահսկողության տակ։ Առանց դրա Նիկոլ Փաշինյանը, ով կանգնած է վերոնշյալ սահմանադրական ոտնահարումների հետևում և այդ գործընթացի մեջ է ներքաշել նախագահ Արմեն Սարգսյանին, պատգամավորների մեծ մասին և իրավապահ համակարգին,  չի կարող անկաշկանդ տրորել բոլորին և ամեն ինչ, ինչպես նաև «խմբագրել» օրենքների ու Սահմանադրության կոպտագույն խախտումները, որոնց միջոցով եկել է իշխանության»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ