20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեծ հիասթափություն: Ներդրումներն ավելանալու փոխարեն՝ կրճատվում ու կրճատվում են 168.am

Հայաստանը չի հաստատել  Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- նշել է Նաղդալյանը:

Այս հանգամանքն ուշագրավ է նրանով, որ ըստ էության այն ամենից հետո, ինչ կատարվում է Հայաստանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողի նկատմամբ, թերևս չկա նման մասնակցության անհրաժեշտության։

Դա կլիներ այս տարվա թվով երրորդ նման միջոցառումը։ Հիշեցնենք, որ առաջին երկուսը տեղի ունեցան Դավոսում և Սանկտ Պետերբուրգում։

Թե դրանք ի՞նչ տվեցին մեր տնտեսությանը և որքանո՞վ նպաստեցին, որպեսզի ներդրողները գան Հայաստան, հավանաբար կարիք չկա ասելու. փաստերն ինքնին խոսում են իրենց մասին։

Թավշյա հեղափոխությունից հետո ներդրումներն ավելանալու փոխարեն՝ կրճատվում ու կրճատվում են։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե միջազգային կամ տեղական ֆորումների ու բազմաթիվ հանդիպումների ընթացքում ի՞նչ կասի Նիկոլ Փաշինյանը։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ ու ներդրումային ոլորտում, բավական է հասկանալու համար` իմաստ ունի՞ ներդրումներ կատարել նման երկրում, թե՞ ոչ։

Կասկած չկա, որ հերթական անգամ վարչապետը գնալու էր ֆորումին՝ մասնակիցներին հիշեցնելու իր կողմից իրականացված «թավշյա, ոչ բռնի հեղափոխության», իշխանափոխությունից հետո կոռուպցիայի վերացման, գործարար միջավայրի ու ներդրումների համար աննախադեպ պայմանների ստեղծման, ներդրումային նոր հնարավորությունների առկայության, գուցե նաև ներդրումների պաշտպանվածության մասին` հորդորելով գալ ու ներդրումներ անել Հայաստանում, հարստանալ ու հարստացնել մեր երկիրը։ Սակայն ակնհայտ է՝ Ամուլսարի ֆոնին ինչ էլ ասվի տնտեսության ու ներդրումային մթնոլորտի մասին, դա հազիվ թե այլևս հավատ ներշնչի ներդրողներին։

Այս իրավիճակում արդյոք ընդհանրապես իմաստ ունե՞ր վարչապետի մասնակցությունը ներդրումային ակնկալիքներ հետապնդող մի միջոցառման, երբ մեկ տարուց ավելի է, ինչ արգելափակված է երբևէ մեր երկրում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը, ու կառավարությունը չի ցանկանում կամ ի վիճակի չէ ապահովել ներդրողի իրավունքները։

Խնդիրն ամենևին էլ Ամուլսարի հետ կապված բնապահպանական ռիսկերի լինել-չլինելու մեջ չէ։ Գուցե դրանք իրականում կան և այնքան էական են ու վտանգավոր, որ պետք է հրաժարվել հանքի շահագործումից։

Բայց ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ ներդրողը, եթե օրենքի սահմաններում ստացել է բոլոր հնարավոր իրավական թույլտվությունները` իրականացնելու ներկայացված ծրագիրը։ Կատարել է մեծածավալ ներդրումներ ու այսօր կանգնել է իր ներդրումները պաշտպանելու, առավել ևս, հետ ստանալու լրջագույն խնդիրների առջև։

Դատարան դիմելու հնարավորություն, իհարկե, միշտ էլ կա ու կա, բայց դա չէ ներդրողների իրավունքների ու ներդրումների պաշտպանության լավագույն տարբերակը։ Ընդհակառակը, երբ խնդիրը հասնում է դատարանին, արդեն շատ վատ է։ Ու ոչ միայն ներդրողի, այլև երկրի համար։ Ոչ մի ներդրող չի երազում դատարանով պաշտպանել իր ներդրումները։

Մինչդեռ Ամուլսարն այսօր կանգնած է այդ ճանապարհին։ Իսկ դա, մեղմ ասած, կարող է շատ վատ հետևանքներ ունենալ երկրի ներդրումային մթնոլորտի համար։ Թեև առանց այդ էլ իրավիճակը նախանձելի չէ։

Կատարված մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումներից հետո ավելի քան մեկ տարի ներդրողը գտնվում է անգործության ու անորոշության մեջ։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի լուրջ ֆինանսական կորուստներ է առաջացնում նրա համար։ Հեշտ բան չէ 2-3 հարյուր միլիոն դոլարը մեկ տարուց ավելի քնեցնել` չիմանալով, թե հետագայում ինչ է լինելու դրա ճակատագիրը։

Այսքանից հետո ոչ մի խելքը գլխին ներդրող մոտ չի գա Հայաստանի տնտեսությանը, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը միջազգային ֆորումներում մեմորանդումներ կարդա թավշյա հեղափոխության, Հայաստանում ձևավորված գործարար միջավայրի ու ներդրումային մթնոլորտի մասին։ Նույնիսկ Ամուլսարի ծրագրի վերականգնումն այլևս հիմք չէ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ արտաքին ներդրողների, առանց այն էլ՝ ցածր վստահությունը հետ բերելու համար։ Դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

Այս ամենից հետո բնավ զարմանալի չէ, որ իշխանափոխությունից հետո ներդրողները ոչ միայն մոտ չեկան, այլև մի բան էլ հետ քաշվեցին Հայաստանի տնտեսությունից։ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս մոռացել է ներդրումային խոստացված բումի մասին։ Նույնիսկ նախկին ծավալները չկան։

Դժվար է անգամ պատկերացնել, թե դեռ ինչքա՞ն պիտի շարունակվի այս իրավիճակը։ Հայաստանի տնտեսության զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց օտարերկրյա ներդրումների։ Բայց կառավարությունը, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով` պատրաստ չէ բավարար պայմաններ ապահովել դրա համար։ Ներդրողների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները` հատկապես իշխանափոխությունից հետո, շատ ավելի ցցուն են դարձել։ Գուցե նախկինում էլ մի բան չէր, բայց գոնե նման խոշոր ծրագրեր չէին արգելափակվում։

Թվում էր, թե իշխանափոխությունից հետո կառավարության առաջնային խնդիրներից մեկը կլինի ներդրումային օրենսդրության ու իրավական նորմերի վերանայումը, ներդրողների իրավունքների ու ներդրումների պաշտպանվածության բարձրացումը։ Բայց այդպես չեղավ։ Անցել է գրեթե մեկ ու կես տարի` ներդրումների պաշտպանությունը Հայաստանում ոչնչով չի առաջադիմել, ավելին, մի բան էլ հետ է գնացել։

Եվ, որ շատ ավելի վատ է, պոտենցիալ ներդրողների մոտ մեծացել է անվստահությունը Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի նկատմամբ։ Ինչքան երկար ձգվի այս վիճակը, այնքան ավելի վատ։

Ուստի որքան էլ վարչապետը միջազգային կամ տեղական ֆորումներում Հայաստանի ներդրումային միջավայրի գովքն անի, դրանից ներդրողների վստահությունը չի ավելանա։ Նրանք ներդրումային միջավայրի մասին դատում են ոչ թե խոսքերով, այլ փաստերով։ Իսկ փաստերն այլ բան են ասում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ