18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍԴ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները բացահայտ կաշառքի մեխանիզմ է, որը ցույց է տալիս, թե որքան թույլ ու ապիկար է այս իշխանությունը. Քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները խայտառակ քայլ է պետության կողմից, որով պետական կոռուպցիան բարձրացվում է ևս մեկ աստիճանի։

«Մենք նախկինում ունեինք իրավիճակ, երբ օլիգարխները գումար էին վճարում, կամ որոշ հանցագործություն կատարածները տալով գումարի մի մասը, մի մասն իրենց պահելով՝ մնում էին ազատության մեջ։ Հիմա ունենք իրավիճակ, երբ առավել մեծ կոռուպցիայի մեխանիզմ է ներդրվում։ Իրենց ապիկարության պատճառով չկարողանալով հեռացնել Սահմանադրական դատարանի անդամներին, հեղափոխական իշխանությունը փորձում է այդ ամենը կաշառքով անել և անել ժողովրդի հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչու իշխանության բերեցին այնպիսի մարդկանց, որոնք չեն կարողանում հեղափոխություն անել և որոնք ոչ միայն իրենց պարտականությունները դրել են ժողովրդի վրա, այլև՝ նրանից գումար են գանձում, որպեսզի կաշառեն, ինչը հակահեղափոխական գործողություն է։

«Այս ամենի հետ կապված՝ նայեցի Արդարադատության նախարարության բացատրությունը, թե իբրև այս ամենը միջազգային պրակտիկային չի հակասում, և այսպիսի տխմար ու լղոզված բացատրություններ, ինչն ամոթալի է։ Այս ամենը բացահայտ կաշառքի մեխանիզմ է, որը ցույց է տալիս, թե որքան թույլ ու ապիկար է այս իշխանությունը։ Դատավորներին հեռացնելու համար, տարբեր հաշվարկներով՝ պետք է 2 մլն դոլար։ Այս մոտեցումները դավաճանական են հեղափոխության հանդեպ»,- շեշտեց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ հարցի լուծման տարբերակներ կան, սակայն կոռեկտ չէ, որ դրանց մասին ինքը խոսի, բայց  ամենաարդյունավետ տարբերակը քաղաքակիրթ զրույցն է օրենքի շրջանակներում, այլ կերպ՝ դիվանագիտորեն ՍԴ դատավորներին համոզեին, որպեսզի հեռանային։

«Եթե այդ ամենը հեղափոխության օրերին արվեր, և վարչապետը կրկին չգնար ՀՀԿ-ի Ազգային ժողովը լեգիտիմացնելու և նրանց կողմից ընտրվելու, հետո նրանց հետ գործարքի չգնար, որպեսզի իրեն երկու անգամ չընտրեին և Ազգային ժողովը ցրվեր։ Պատահական չէ, որ մենք  տեսնում էինք ռազմական հեղաշրջման վտանգ, ըստ իս, իշխանությունը Հանրապետականի հետ գնաց գործարքի և այդ վտանգը չեզոքացրեց, բայց արեց նաև զիջումներ։ Ուղղակի տոտալ հակահեղափոխական ճանապարհով է գնում իշխանությունը, ինչը դավաճանություն է հեղափոխության արժեքներին»,- ընդգծեց նա։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ ինքն ամաչում է, որ գտնվում է մի հասարակությունում, որտեղ իշխանության այդ քայլերը չեն առաջացնում զայրույթի և ցասման խոշոր ալիք, և դեռ կան իշխանապաշտներ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ