27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանությունները խոստացել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել : Սա Արեւմուտքի ագրեսիան է Հայաստանի նկատմամբ

Դեռևս անցյալ տարվա հունվարին Հայաստանի Փաստաբանների պալատում տեղի ունեցավ լայնածավալ քննարկում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի հետ, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այսօր այն դրված է կառավարության սեղանին:

Ի՞նչ քաղաքական և հոգևոր մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնելու Ստամբուլյան կոնվենցիան, երբ դրա տակ դրվի Հայաստանի ստորագրությունը: Այս և բազմաթիվ հարցերի մասին, NEWSMEDIA-ն զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համահիմնադիր ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԻ հետ:

-Հարգելի՛ տիկին Եսայան, դեռ նախորդ տարվանից , գնահատելով կոնվենցիայի դրույթները, Դուք ասացիք . «Հակառակորդն անցել է հարձակման: Վտանգված է մեր արժեհամակարգը»: Իսկ այսօր մեզ հաշված օրեր են բաժանում կոնվենցիայի վավերացումից…

-Նախ, կոնվենցիան վավերացնողը` ՀՀ Ազգային Ժողովն է, իսկ Հայաստանը այդ կոնվեցիան ստորագրել է դեռևս 2018 թվականի հունվարին:

Կոնվենցիայում բազմաթիվ անգամներ օգտագործվում է «գենդերային» եզրույթը: 2013 թ․ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 11-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածի առաջին կետում «գենդեր» և «գենդերային» եզրույթները սահմանվում են` որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք։

Այսինքն, ՀՀ վերոհիշյալ օրենքում «գենդերային» եզրույթը վերաբերվում է կանանց և տղամարդկանց ձեռքբերովի վարքին, ինչը կարող է վերաբերվել նաև միասեռականներին՝ տղամարդը կնոջ վարքով և կինը տղամարդու։ ՀՀ օրենքը ամրագրում է, որ այդ ձեռքբերովի վարքը արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ «Գենդերը» դա սոցիալական սեռ է՝ ի տարբերություն տղամարդու և կնոջ կենսաբանական սեռի:

Սոցիալական սեռը դա այն է, ինչ զգում է մարդը, ինչին նրան սովորեցրել են: Երբ սոցիալական սեռը չի համընկնում կենսաբանականի հետ, մարդու բնությունը այլասերվում է, և այդպիսի մարդը կոչվում է այլասերված (միասեռականներ, տրանսվիստիտներ և այլն):

Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկեր» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ: Ընդ որում կոնվենցիայի առանձին հոդվածներում (Հոդված 36-ի 3-րդ կետ, հոդված 46-ի «ա» կետ, հոդված 59-ի 1 և 2 կետեր) ամուսիններ և զուգընկերներ հասկացությունները շեշտվում են ներպետական իրավունքում` դրանց տրված իմաստով։ ՀՀ օրենսդրական դաշտում «զուգընկեր» հասկացությունը բացակայում է։

Այսինքն, դա նշանակում է, որ ՀՀ կողմից կոնվենցիայի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո «զուգընկեր» հասկացությունը ՀՀ-ում օրենքով պետք է ամրագրվի։ Եվրախորհրդի անդամ պետությունների ընդունած համապատասխան օրենքներում` «զուգընկեր» հասկացությունը վերաբերվում է միասեռական զույգերին:

Կոնվենցիայի 4-րդ հոդվածի (Հիմնարար իրավունքներ, հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք) 3-րդ կետի համաձայն ՀՀ-ն պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքը անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։

Հոդված 12.1-ում նշված է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Հոդված 12.5-ում մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ այսպես կոչված «պատիվը» չվկայակոչվեն սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողություն արդարացնելու համար։

-Ներկայացնենք մի կարևոր վիճակագրություն. Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 34 պետություն, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրանիան, Մեծ Բրիտանիան․Եվ վերջապես, 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը):

Ի՞նչ հետևություն պետք է անել մի կոնվենցիայի վերաբերյալ, որը Եվրամիությունից հրամցվում է մեզ, սակայն որից հրաժարվում են եվրոպական բազմաթիվ երկրներ: 

-Չստորագրած երկրներից ուշագրավ է Բուլղարիայի մերժման հիմնավորումը: Եվրամիության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018)): Բուլղարիայի Սահմանադրական դատարանն, ըստ էության, արձանագրել է, որ Ստամբուլյան կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող նոր սոցիալական սեռ է սահմանում: Սահմանադրությունը և Բուլղարիայի օրենսդրական այլ ակտեր հիմնված են մարդկային երկու տեսակների գոյության ընկալման վրա:

Իրականում, Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական ուղղվածությունը կենսաբանորեն որոշված կերպով փոխազդեցության մեջ (47-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս սահմանադրական դրույթում կենսաբանական սեռը՝ «կինը» կապված է սոցիալական դերով` «մայր», «ծնունդ» և «մանկաբարձության օգնություն»: Կարճ ասված, «սեռ» տերմինը սահմանադրի կողմից օգտագործվում է որպես կենսաբանականորեն որոշված և սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ սոցիալական չափումը չի ստեղծում կենսաբանականից անկախ սոցիալական սեռ, ինչպես նախատեսված է Կոնվենցիայում:

Բոլոր երկրների իրավունքի մասնագիտական շրջանակները և ինստիտուտները հստակ գիտակցում և գնահատում են, որ սույն կոնվենցիան իրականում իրավական ամրագրումներ է տալիս միասեռական զույգերի իրավունքներին, ամրագրում է արհեստածին երրորդ սեռը, բացառում է խտրական վերաբերմունքը՝ այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ, և չի ծառայում այն բուն նպատակին, որն ամրագրված է կոնվենցիայի վերնագրում. այն է՝ ընտանիքում բռնության կանխարգելումը և վերացումը:

Ուստի կոնվենցիան ստորագրած երկրների մի մասը կարողանում են դիմադրել միջազգային կառույցների կողմից այդ կոնվենցիայի վավերացման պարտադրանքին, որոշները նաև մերժում են վավերացումը , իսկ երկուսը, առ այսօր, կոնվենցիան չեն ստորագրել:

Հայաստանի և հայ ժողովրդի համար հետևությունը մեկն է. որևէ կերպ այդ կոնվենցիան չպետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, իսկ ավելի ճիշտ, ՀՀ Սահմանադրական դատարանը այդ կոնվենցիան պետք է ճանաչի հակասահմանադրական:

-Ուշագրավ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներից մեկի՝ 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Արդյո՞ք սա մեկընդմիշտ չի կասեցնելու մեր ազգային մշակույթի, արժեհամակարգի, ավանդույթների վերարտադրությունը, և չի տարածվելու նաև մեր ազգային փոքրամասնությունների վրա, որոնց ավանդույթների պահպանության իրավունքը մենք երաշխավորել ենք ՀՀ Սահմանդրության 56-րդ հոդվածով:

-Միանշանակ այո, սույն հոդվածի առկայությունը հետապնդում է մեկ նպատակ. ոչնչացնել մշակույթը, հոգևոր-ազգային արժեհամակարգը, վերացնել կամ ձևախեղել ավանդույթների մեր ընկալումները, խոչընդոտելով նրանց վերարտադրությունը: Կոնվենցիան միաժամանակ խախտում է նաև ազգային փոքրամասնությունների` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ. թե՛ իրավաբաններին, թե՛ ազգագրագետներին հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ: Սա չի՞ նշանակում , որ Ստամբուլյան կոնվենցիան խարխլելու է հայ ընտանիքի ավանդական մոդելը՝ ստիպելով մեզ պաշտոնապես ամրագրել միասեռ զույգերի ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, նման մարդկանց` մանկապարտեզներում ու դպրոցներում մանկավարժական, կրթադաստիարակչական գործ վստահելը և այլն:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և ուժի մեջ մտնելը առաջին հերթին հարվածելու է հայ ընտանիքի ավանդական մոդելին, քանի որ իրավական այլ ակտերում այլևս ամրագրվելու է արհեստածին սոցիալական սեռը, որով ամրագրվելու է ընտանիքի նոր մոդելը՝ զուգընկերները, որոնք Կոնվենցիան ստորագրած երկրների իրավական ակտերում հանդիսանում են նաև միասեռական զույգերը:

Կոնվենցիայի վավերացումը դուռ է բացելու միասեռական զույգերի այլ իրավունքների իրավական ամրագրման համար ևս՝ ամուսնությունների, երեխաների որդեգրման, առանց խտրականության բոլոր ոլորտերում միասեռականների աշխատանքի իրավունքի իրացման:

-Տիկի՛ն Եսայան, կուզենայի մեր հայրենակիցների ուշադրություն հրավիրեինք մեկ այլ հանգամանքի վրա. գիտենք, որ եվրոպական մի շարք երկրներ ապաստան են տրամադրում LGBTI համայնքի ներկայացուցիչներին: Հնարավո՞ր է, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը այլ երկրներից նման խմբերի անձերի համար ճանապարհ բացի դեպի Հայաստան:

-ԼԳԲՏԻ անձինք ոչ միայն ապաստան կստանան Հայաստանում, այլև միջազգային այդ նույն կառույցների կողմից Հայաստանին կպարտադրվի իրացնել այդ անձանց այլ իրավունքները ևս, մասնավորապես, մեր պետության հաշվին նրանց բուժման, աշխատանքի տեղավորման և այլ իրավունքներ:

-Համացանցում վերջերս մեծ տարածում ունեն անհասցե նյութերը՝ կապված մանկապղծությունների , կանանց հանդեպ բռնությունների հետ՝ ստեղծելով տպավորություն, թե հայ ազգը համատարած բռնարար ու սրբապիղծ է: Եվ երբ փորձում ենք ճշտել նյութի իսկությունը, պարզվում է, տվյալ բնակավայրում ոչ միայն նման դեպք չի եղել, այլև այդպիսի անուն-ազգանուններով մարդիկ չեն ապրում: Կարո՞ղ ենք սա համարել հստակ ուղղորդված կեղծ քարոզչություն՝ Ստամբուլյան՝ կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ: 

-Համացանցում վերջերս տարածված ձեր նշած անհասցե նյութերը իրոք նպատակ են հետապնդում ստեղծել տպավորություն, թե հայ ազգը համատարած բռնարար ու սրբապիղծ է: Կոնվենցիայի վավերացման բոլոր շահառուները, լինեն դրանք Հայաստանում, թե դրսում, չեն խորշում որևէ զազրելի միջոցից, ստի և կեղծիքի տարածումից՝ « կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը հիմնավորելու» նպատակով: Իրականում սա միայն կեղծ քարոզչություն չէ. վերպետական միջազգային կառույցների, հիմնադրամների կողմից հասանելի բոլոր միջոցներով ու մեթոդներով (ֆինանսներ, սուտ, կեղծիք, հասարակական կարծիքի մանիպուլյացիա, մարդկանց ահաբեկում, վարկաբեկում և այլն) մեր ժողովրդի դեմ փաստացիորեն իրականացվում է հոգեւոր ագրեսիա, բռնաճնշում, տեղեկատվական պատերազմ՝ Հայաստանում իրենց կողմից ներդրված կառույցների և նրանց բազում ներկայացուցիչների գործուն մասնակցությամբ:

-Ինչպե՞ս է ստացվել, որ ցեղասպանություններ և ամենածանր բռնություններն իրականացրած երկրի՝ Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում տարիներ առաջ ընդունվել է մի «համամարդկային» կոնվենցիա, որն իբրև թե կանխարգելում է բռնությունները: Կուզենայի լսել Ձեր մեկնաբնությունն այս առումով նույնպես:

-Ստամբուլը, հնարավոր է, պատահականորեն չէր ընտրված: Հաշվի առնելով Թուրքիայում բռնությունների շատ մեծ թիվը ընտանիքներում, կանանց և երեխաների նկատմամբ, ԵԽԽՎ ղեկավարությունը մասնակից երկրներին գուցե փորձում էր համոզել, թե այդ կոնվենցիան, իբր, այն կախարդական փայտիկն է, որը շեշտակիորեն կնվազեցներ բռնությունների թիվը: Իրականում, որևէ երկրում արձանագրվել բռնությունների թվի ոչ թե նվազեցում, այև էական աճ, քանի որ կոնվենցիայի բուն նպատակը ոչ թե բռնությունների կանխարգելումն է և դրա դեմ պայքարը, այլ այլասերվածների և պղծվածների իրավունքների պաշտպանությունը:

-Բազմաթիվ իրավաբաններ, սահմանադրագետներ են արձանագրում, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է, և ենթակա չէ վավերացման: Սակայն, դատելով, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, հավանական համարում ե՞ք, որ իշխանությունները նախ կփորձեն առաջ քաշել նոր Սահմանդրության նախագիծը՝ համապատասխան նոր դրույթներով, որը հանրաքվեի դնելուց հետո, թույլ կտա վավրերացնելու Ստամբուլյան կոնվենցիան:

-ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայիս նախարարը և Արդարադատության նախկին նախարարը վերջին երկու ամիսներին Հայաստան այցելած ԵՄ և ԵԽԽՎ պատվիրակներին հրապարակայնորեն խոստացել են, որ այդ կոնվենցիան շուտափույթ կվավերացվի: Իսկ մի քանի օր առաջ Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ կոնվենցիան Կառավարություն կներկայացվի հուլիսի երկրորդ տասնօրյակին: 

Այս շտապողականությունը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, եվրոպական կառույցներին խոստացել են սույն կոնվենցիան վավերացնել առաջիկա ամիսների ընթացքում:

-Ո՞րն է լինելու պայքարի մեր ճանպարհը՝ կասեցնելու այն հոգևոր ու քաղաքական բոլոր վտանգները, որ պարունակում է Կոնվենցիան:

-Կոնվենցիան չպետք է վավերացվի, և ցանկալի է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այն ճանաչի հակասահմանադրական՝ այնպես, ինչպես դա կատարել է Բուլղարիայի ՍԴ-ն: Այդ արդյունքին հասնելու համար հասարակական մեծ ճնշում պետք է լինի ինչպես իշխանությունների, այնպես էլ Սահմանադրական դատարանի վրա: Այդ գործում կարևոր է իրավունքի անաչառ մասնագետների դերակատարումը, որպեսզի բարձրաձայնվի այդ Կոնվենցիայում առկա բացահայտ և թաքուն վտանգների մասին

: Շատ կարևոր է նաև լրատվամիջոցների կողմից կոնվենցիայի դրույթների անաչառ և ճշմարիտ լուսաբանումը: Բավարար ակտիվություն պետք է հանդես բերեն բոլոր այն նախաձեռնությունները, հասարակական կազմակերպությունները և կուսակցությունները, որոնք առաջնորդվում են բացառապես ազգային և պետական շահերով:

Այս պայքարում բացառիկ դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հստակ գիտակցի, որ սա լոկ ինչ-որ կոնվենցիայի ընդունման-չընդունման հարց չէ. սա հակառակորդի կողմից մեր ազգի հոգևոր ոչնչացման վճռորոշ քայլն է, որի իրագործումից հետո ֆիզիկական ոչնչացումը կլինի այլևս ժամանակի հարց: ՍԱ ՄԵՐՕՐՅԱ ԱՎԱՐԱՅՐՆ Է: Այս պայքարում լինենք անսասան հավատով միաբան ու վճռական՝ հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության, հայ ժողովրդի ինքնության պահպանման ու գոյատևման:

 

Զրուցեց ՝Հասմիկ   Պողոսյանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ