19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պոտենցիալ ներդրողին այսօր մատի վրա ֆռացնում են. Իրավունք

Ի՞նչ ռիսկեր են այսօր հետ պահում տեղական եւ օտարերկրյա ներդրողներին` ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու համար, ո՞ր պատկան կառույցներն են արհեստական խոչընդոտներ ստեղծում, ինչո՞ւ է կառավարությունը աչք փակում վերը նշված խնդիրների վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ, ով նախ ասաց.
«ԲՈԼՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ»

–  ՀՀ ներկայիս իշխանությունները ավելի շատ սահմանափակում են ներդրումների հնարավորությունները, քան փորձում դրանք զարգացնել:

Ներկայումս թե՛ օտարերկրյա ներդրողների դեպքում, թե՛ տեղական ներդրողների առջեւ մեծ ռիսկեր են առկա: Ամենամեծ ռիսկն այն է, որ մեր պետությունում այսօր չկա ներդրողներին սպասարկելու, նրանց ուղեկցելու, նրանց հնարավորությունները երաշխավորելու եւ, վերջապես, նրանց գործունեությունը  կարգավորելու մեկ պատուհանի կամ որոշակի միասնական սպասարակման ծառայություն: Այս պահին մեր երկրում ներդրողների հետ աշխատելու մշակույթը, ցավոք, գտնվում է ցածր մակարդակի վրա:

Ինչո՞ւ, որովհետեւ, եթե նախկինում հատկապես խոշոր ներդրողները, որոնք գալիս էին, հիմնականում պաշտոնյաների հետ էին գործ բռնում եւ հետագայում նրանց հետ կապված ցանկացած խոչընդոտ արագ լուծվում էր, որովհետեւ հենց ներդրումները երաշխավորած պաշտոնյաները խոչընդոտ, որպես այդպիսին չէին թողնում, որպեսզի  առաջանան: Իսկ հիմա, երբ ներկայիս իշխանությունները “փայ” չեն մտնում բիզնեսի մեջ, չեն խոչընդոտում, դա դեռ չի նշանակում, որ պետք է ձեռքերը լվանան ու մի կողմ քաշվեն:

Այսօր պետք է աշխատի պրոֆեսիոնալ մոտեցումը, իսկ այս մեկ տարվա կյանքը ցույց տվեց, որ պրոֆեսիոնալ մոտեցման առումով պետական տարբեր գերատեսչություններ` թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Տարածքային նախարարությունը, թե՛, հատկապես, քաղաքապետարանը եւ առհասարակ այլ պետական մարմիններ, ովքեր պետք է տան ինչ-ինչ թույլտվություններ, պատրաստ չեն հավուր պատշաճի աշխատել թե՛ տեղական եւ թե՛ օտարերկրյա ներդրողների հետ: Բոլորը փորձում են միայն գլխացավանքից հեռու մնալ, որքան հնարավոր է մերժել` արհեստական պատճառաբանություններ մեջբերելով:

Եվ ամենազավեշտալին այն է, որ ստեղծված պայմաններում հայտարարում են, թե` դե հիմա ինչ կա, թող բերեն, ներդրում կատարեն: Նման հայտարարությունները ո՛չ կոռեկտ, ո՛չ պրոֆեսիոնալ են: Որովհետեւ ներդրողը փողը ձեռքը բռնած չի գալու եւ կուրորեն ցանկանա ինչ-որ մի բանի մեջ ներդրում անի` քաջ գիտակցելով, որ այս պահին շատ-շատ հարցերում ինքը պետք է արհեստական խոչընդոտներ հաղթահարի:

Ներդրողների հետ կապված երկրորդ խնդիրը մեր այսօրվա դատական իշխանության վայրիվերումներն են: Մարդիկ չեն հասկանում` ինչպես են խնդիրների դեպքում իրենց հարցը լուծելու, ասենք, իրավական դաշտում մտավախություն ունեն, որ դատական համակարգով իրենց հարցերը հնարավոր է չկարողանան լուծել: Այլ խոսքով, ներկայիս դատական համակարգը  շատ կարեւոր խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում:

Երրորդ խնդիրն այն է, որ օրենքները մեզ մոտ հաճախ են փոփոխվում, իսկ փոփոխությունների հաճախականությունը վանում է ներդրողներին: Շատ գործարարներ բազմիցս արտահայտվել են, որ իրենց համար ավելի գերադասելի են, որ թեկուզ հարկերը լինեն բարձր, բայց օրենսդրությունը լինի կայուն: Քան թե հաճախակի փոփոխություններ տեղի ունենան, որոնք իրենց թույլ չեն տալիս հաշվարկել բիզնես պլանով իրենց նախատեսված ծախսերը, եկամուտները եւ ժամկետները:

Եվ չորրորդ` ամենագլոբալ խնդիրը պաշտոնյաների պատասխանատվությունն է, որովհետեւ ներկայիս պաշտոնյաները դեռ չեն հասկանում, որ իրենք, որպես պաշտոնյա, պարտավոր են վճարված հարկերի դիմաց որակյալ ծառայություններ մատուցել իրենց քաղաքացիներին: Նաեւ չեն հասկանում, որ ներդրողը կամ որեւէ ձեռնարկատեր իրենց պետական բյուջեն հարկերով ապահովելու հիմնական աղբյուրն է: Չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել, որ ներդրողների գործունեության շնորհիվ է նաեւ, որ շքեղ առանձնասենյակներ, մեքենաներ, քարտուղարուհիներ եւ այլ նազիր-վեզիրներ են իրենց շուրջը հավաքել: Այսօրվա պետական պաշտոնյաները չեն գիտակցում հարկատուների կարեւորությունը, դերակատարությունը, նրանք այդ նրբությունը գիտակցելու հոգեբանությամբ առանձնապես օժտված չեն:

«ԹԵ՛ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԹԵ՛ ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՒ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ ԱՌԿԱ»

– Պարոն Մակարյան, մեզ հետ զրույցում շատ գործարարներ փաստում են, որ հատկապես շինթույլտվությունների մասով քաղաքապետարանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում` այդ կերպ խոչընդոտելով հնարավոր ներդրումների հոսքին: Դուք նմանատիպ տեղեկատվության տիրապետո՞ւմ եք:
– Այո, շատ ճիշտ եք, միանշանակ այդպես է: Եթե մենք հաշվարկենք, թե տարեկան քանի հազար քառակուսի մետր կարող էինք քաղաքաշինական ծրագիր իրականացնել, քանի բնակարան կամ այլ ենթակառուցվածք կառուցել եւ դրանց զուգահեռ` որքան գումար մուլտիպլիկացիոն էֆեկտով բերել տնտեսություն, արդեն իսկ բավարար է մտահոգվելու համար: Որովհետեւ, տեսեք, շինարարական աշխատանքների համար որքան շինանյութ, քարեր, աշխատուժ կներգրավվեր, դրան գումարած` բնակարանի կահավորման ծախսերը: Դե, պատկերացրեք, թե համապատասխան շինթույլտվություններ չտալու արդյունքում որքան մեծ կորուստներ է ունենում մեր երկիրը: Թեկուզ վերցնենք հասարակ օրինակ` բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը քանի հարյուր դոլար է, եւ եթե չի կառուցվում, քանի՞ հարյուր դոլարներից է զրկվում մեր պետական բյուջեն:
– Այսինքն` այստեղ ո՞վ ունի անելիք:

-Խնդիրը լուծելու եւ ներդրողներին, այսպես ասած, դուխ տալու, հնարավորությունները երաշխավորելու համար առաջին հերթին պետք է, մեղմ ասած, սթափվի քաղաքապետարանի ղեկավարությունը, ապա` Էկոնոմիկայի նախարարությունը, որովհետեւ տվյալ նախարարությունն է հենց ներդրումների եւ տնտեսության զարգացման պատասխանատուն ամբողջ երկրում: Վերջինս այդ առումով իրավունք ունի միջամտելու համայնքների աշխատանքներին: Եվ, վերջապես, ամենալայն լիազորություններով այսօր օժտված է ԱԺ-ն, որի առաջ այսօր հաշտվետու են բոլորը, այդ թվում` համայնքները: Այս պահին ԱԺ-ն կարող է քննարկման թեմա դարձնել հենց Երեւան քաղաքի օրինակը` կազմակերպելով լսումներ եւ հասկանալով, թե ինչու է քաղաքապետարանը ներդրողների համար արգելափակված իրավիճակ ստեղծում:

Ի վերջո, ե՞րբ են պատկան մարմինները հասկանալու, որ իրենց անփույթ, ոչ պատասխանատու աշխատանքի արդյունքում միլիոնավոր դոլարներ է կորցնում մեր բյուջեն: Հեռու չգնանք, վառ օրինակ բերեմ: Օրերս հենց մի ներդրողի հետ կապված երեք-չորս օր ես անձամբ զանգում էի վարչություններրց մեկի պետին, միանում էր օպերատորը: Զանգահարեցի քարտուղարուհուն, զգուշացրի, բայց էլի քար լռություն:

Փորձեցի այլ վարչության պետի միջոցով կապվել, կրկին զրո արձագանք: Այսինքն, եթե, կոպիտ ասած, ներկայիս պաշտոնյաները գլուխները վերցրած, իմիջիայլոց պետք է աշխատեն, ուրմեն էլի ինչի՞ ենք դժգոհում, որ այսօր կանգնած ենք մի շարք տնտեսական խնդիրների առաջ, էլ ի՞նչ ներդրումներ ենք ակնկալում: Երբ պոտենցիալ ներդրողին այսօր մատի վրա ֆռացնում են` այս գերատեսչությունից մյուսը ուղարկելով ու անիմաստ արհեստական խնդիրներ ստեղծում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ