25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Հաղորդություն տալիս են ոչ միայն մարդկանց, այլև շներին: Նորահայտ աղանդներ Հայաստանում:

337305

Հայաստանը, ինչպես անցյալի որոշակի փուլերում, այսօր էլ թատերաբեմ է բազմաթիվ կրոնական այլափառ ուղղությունների համար: 2004թ-ի տվյալների համաձայն Հայաստանում գործում են 67 գրանցված և 200 չգրանցված կրոնական կառույցներ:

                Ուսումնասիրելով պատմական հերձվածները և համեմատելով ժամանակակից աղանդավորական գաղափարախոսությունների հետ` հանգում ենք եզրակացության, որ ներկայիս աղանդները վերարթնացրել են հին հերետիկոսական  գաղափարները:

Սույն հոդվածում անդրադառնալու ենք մի քանի նորելուկ հերձվածների, որոնք իրենց քարոզչությունն են ծավալում Հայաստանի տարբեր տարածաշրջաններում:

Այդ կառույցներն են՝ «Վերջին անձրև», «Քրիստոնյա Սպորտսմեններ» բարեգործական կազմակերպությունը, «Կյանքի ջուր» և «Առաքելական եկեղեցի»:

«Վերջին անձրև» կոչված եկեղեցին  Հայաստան է ներթափանցել Ռուսաստանի Դաշնությունից 2010 թվականին: Սկզբնական շրջանում ուներ մոտ 50 հոգի հետևորդներ, բայց մարդկանց քանակը բազմապատկելու համար այս հերձվածի ղեկավարները բացեցին երիտասարդական լեզվախոսական ակումբ: Այդ ակումբն անվանակոչեցին  «Last Club», որը թարգմանաբար նշանակում է «Վերջին ակումբ»:Այս ուղղությունն իր դավանաբանությամբ նման է մյուս խարիզմատիկ աղանդներին: Ստորև ներկայացվում են նրանց կողմից մերժվող դավանաբանության կետերը: Չեն ընդունում`

 Հին կտակարանի ինը գրքերը (Ա. Եզրաս, Յուդիթ, Տոբիթ, Ա. Մակաբայեցիներ, Բ. Մակաբայեցիներ, Գ. Մակաբայեցիներ,Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք ) :

 Սրբերի բարեխոսությունը:

 Խաչի զորությունը: (Հետաքրքրական է այն փաստը, որ այս աղանդը մերժում է ս. նշանը, բայց իրենց  հավաքատեղիի պատին ամրացրել Է խաչ: Իրենց գրքույկների և թերթոնների վրա պատկերված են Ամենափրկիչ խաչքարերի լուսանկարներ)

 Հայ Առաքելական եկեղեցուն համարում են կռապաշտ:

 Նվիրապետական աստիճանները, (բայց իրենց առաջնորդներին անվանում են քահանա, եպիսկոպոս):

Այս կետերը հատկանշական են եղել անցյալի գրեթե բոլոր բողոքական  աղանդների համար:

Տվյալ  հերձվածում ընդունելի է կանանց քահանայությունը, որն ամբողջովին հետաքրքրական է և կրկնում է IV-V դդ Մարկիոնականությունը2: Կինն իրավունք ունի քարոզելու, հոգեհանգիստ և պսակ կատարելու: Պսակի ծեսը  վերցրել են Հայ եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանից և աշխարհաբար թարգմանել: Այս կառույցը ունի մի շարք ծրագրեր, որոնք իրականացնում են երիտասարդների շրջանակներում: Կազմակերպում են սեմինարներ, ճամբարներ, մի շարք տոնական միջոցառումներ: Երրորդաբանական աղանդների նման այստեղ էլ կարևորվում է լեզվախոսության երևույթը: Լեզվախոսությունը համարվում է Սուրբ Հոգու ինը շնորհներից մեկը, որի մասին գրված է  Ա. Կորընթացիների 12-14 գլուխներում:

                Էքստատիկ գրգռված, հուզական վիճակում գտնվող մարդու մոտ նկատվում է անհասկանալի խոսակցական, հաճախ անկապ ու անիմաստ հնչյունների արտաբերում, որը կոչվում է գլոսսոլալիա3: Եկեղեցու հայրերը այս երևույթը համարում են դիվական: Նոր ժամանակներում առաջին անգամ անսովոր լեզվախոսությամբ խոսել է Ա. Օզմանը: Կանայք ավելի հուզական են, դրա համար էլ նրանք ավելի շուտ են դրսևորում լեզվախոսություն: Այս շնորհն, ըստ իրենց, կարող է ունենալ միայն Սուրբ Հոգով մկրտված անձը: Սուրբ Հոգով մկրտության հետ կապված  հղում են  Աստվածաշնչում հիշատակված Հովհաննես Մկրտչի այն խոսքերը, որում ասվում էր, որ ինքը մկրտում է ջրով, բայց իրենից հետո գալու է Հիսուս, որը մկրտելու է Սուրբ Հոգով և կրակով, ընդ որում  «կրակով» բառը բացակայում է Մարկոսի ավետարանում: Մեկնություններում այս հատվածը բացատրվում է, որ Հովհաննես Մկրտիչը խոսել է Հոգեգալստյան տեսարանի մասին, որտեղ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, և նրանք խոսեցին լեզուներով: Առաքյալները  ստացան շնորհ, որպեսզի տարածեն քրիստոնեությունը:

                «Վերջին անձրև» կրոնական ուղղությունում, որպես կանոն պարտադիր է լեզվախոսություն ունենալը: Հավաքների ժամանակ կարևորում են երգն ու պարը:  Վստահ են, որ փրկություն ունեն, և այդ գաղափարը արտահայտվում է, որ հոգեհանգստյան ժամանակ մահացածի գլխավերևում երգում և պարում են: Այս գաղափարով  նմանվում են կալվինականներին:

Հաջորդ երրորդաբանական հերձվածը «Քրիստոնյա Սպորտսմեններ» բարեգործական կազմակերպությունն է, որը ևս լեզվախոսական աղանդ է: Այս կազմակերպությունը գործունեություն է ծավալում հատկապես Երևանում, Շիրակում, Արագածոտնում: Աղանդի հատևորդների մի մասը մարզիկներ են: Ի տարբերություն մնացյալ երրորդաբանական հերձվածների դավանաբանության` այս աղանդը չի ընդունում հաղորդությունը և մկրտությունը, համարում է, որ այդ խորհուրդները, միևնույն է, փրկության չեն արժանացնելու: Բարեգործական կազմակերպությունում բազմաթիվ հրավիրատոմսեր և տեսաերիզներ են բաժանում մարդկանց: Այդ հրավիրատոմսերի մեջ նշում են որոշակի կետեր.որոնցով իբր իրենց նպատակն է .

1.Համագոծակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ:Համատեղ մշակել ծրագրեր, այցելել ծերանոցներ, մանկատներ, հիվանդանոցներ, զորամասեր, կալանավայրեր ուսումնական կենտրոններ:

2.Ֆիզիկական և հոգևոր դաստիարակությամբ կանխել հանցավորության դրսևորումները երիտասարդության շրջանում, նպաստել ռազմահայրենասիրական դասիարակության գործընթացին և հայրենիքին տալ հոգով և մարմնով առողջ զինվոր:

3.Պրոպագանդել քրիստոնյային վայել առողջ ապրելակերպ առանց դոպինգի, թմրամոլության, ծխելու, հարբեցողության այլասերության, և այլ արատավոր երևույթների:

  1. Զբաղվել սպորտսմենների և նրանց ընտանիքների ֆիզիկական և հոգևոր դաստիարակությամբ:

5.Հնարավորության դեպքում ապահովել Աստվածաշունչ գրքերով և տեսահոլովակներով:

Իրականում այս կետերը մարդկանց ասվում է միայն կասկած չհարուցելու համար: Ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ այս կառույցը իրականում իրենից ներկայացնում է լեզվախոսական աղանդ: «Քրիստոնյա Սպորտսմեններ» բարեգործական կազմակերպությունը քարոզչություն է ծավալում նաև տեսազանգի միջոցով:

Այս երկու հերձվածներից բավականին տարբերվում է «Կյանքի ջուր» եկեղեցին, որի հավաքատեղին գտնվում է Ջերմուկում: Աղանդավորները հավաքվում են քարայրի մեջ, որի մեջտեղից ջուր է դուրս գալիս: Ամեն մի մարդ չի կարող անդամագրվել այդ կառույցին, հատուկ փորձաշրջան պետք է անցնի: Հագնում են սպիտակ շապիկներ, ունեցվածքը բաժանում են իրենց եղբայրների և քույրերի մեջ: Ունեն  հատուկ ծիսական գործողություններ, հաղորդությունը պատրաստում է  առաջնորդը, որը կին է: Մերժոււմ են Հին կտակարանի երկրորդականոն գրքերը: Գլխավոր նախապայմանն այն է, որ իրենց ծիսական գործունեությունը գաղտնի պահեն:

                Վերջին նորահայտ հերձվածը, «Առաքելական եկեղեցի» կոչվածն է: Այս աղանդը մի քանի ամիս է, ինչ գործում է Արագածոտնի մարզում: Ունեն անվճար ճաշարան, որից օգտվում է մոտ 20 հոգի: Կազմակերպում են դասընթացներ տարբեր թեմաներով: Հիմնական դավանաբանական կետը այն է, որ մերժում են Հին կտակարանը` համարելով այն հրեաների պատմություն: Հիմնական շեշտը դնում են Նոր կտակարանի վրա: Հաղորդություն տալիս են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին (հատկապես շներին):

Պատմությունից հայտնի է, որ աղանդները սնկերի նման բազմանում են և արագ էլ մարում:

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ