08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2020
KFC

Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է գնահատական տա. Վիտալի Բալասանյան․ 168 Ժամ

32310_vitali-balasanyan_0905_M

«168 Ժամ»-ը գրում է․ «Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձայկելու վերաբերյալ Արցախի  ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։

«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանի այս  մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։

«Եթե չեմ սխալվում՝ վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լինելով, իր իսկ պնդմամբ՝ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

168.am-ն այս ամենի վերաբերյալ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ։

– Պարոն Բալասանյան, վերջին տարիներին, երբ Արցախում տեղի է ունեցել Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանց մասնակցե՞լ է, թե՞ ոչ։

– Չեմ կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ի բոլոր միջոցառումներին մասնակցել է, հատկապես, երբ զբաղեցնում էր պետական պաշտոն։ Սակայն Հայաստանից միշտ պետական պատվիրակություն եղել է՝ թե՛ ի դեմս վարչապետի ու նախագահի, թե՛ ԱԺ- նախագահի։ Նրանք մասնակցել են բոլոր միջոցառումներին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին։ Այսինքն՝ տարբեր միջոցառումների Հայաստանը՝ ի դեմս առաջին դեմքերի, մասնակցել է։

– Արցախի տնտեսության և ընդհանրապես Արցախի համար Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է արել։

– Արցախի ազատագրական շարժման ակունքներում Ռոբերտ Քոչարյանը կարևոր դերակատարում է ունեցել։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և Արցախի Հանրապետության դե ֆակտո և դե յուրե ղեկավարը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձնական միջոցներին, ինչպես նշվում է Վ. Կարապետյանի մեկնաբանության մեջ, չեմ էլ ուզում մեկնաբանել այդ մարդու ասածները, եթե նա տեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ ունի, ապա ճիշտ կլինի՝ դիմի համապատասխան մարմիններին և տա հաղորդագրություն։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ուր մնաց՝ Ռ. Քոչարյանին էլ հորդորեի, որ Արցախում ներդրումներ աներ, ես սա անկեղծ եմ ասում։

– Ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, Ձեր պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան իր մեկնաբանություններում պետք է մի քիչ զուսպ լիներ։ Ձեր մեկնաբանության մեջ ի՞նչն է անզուսպ՝ըստ Ձեզ։

– Նախ՝ այդ հարցն ուղղեք պարոն Վլադիմիր Կարապետյանին, երկրորդ՝ նա չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա ու ասի, որն է լուրջ կամ անլուրջ։ Իմ  խոսքում որևէ անզուսպ հայտարարություն չկա։ Լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ Արցախի երկու նախագահները դիմել են, և ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պետք է հարգեին։

Չենք ասել, որ իրավապահներն այդ գործը պետք է կասեցնեին, եթե նա որևէ բան է կատարել, ապա պետք է պատասխան տա օրենքի տառին համապատասխան։ Ասածն այն է եղել, որ,  եթե չեն հարգել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների դիմումը կամ խնդրանքը, ապա սխալ են արել, քանի որ մենք փորձում ենք միասնաբար նշել այդ օրը։

Սա է եղել կարևորը, որ Հայաստանի իշխանություններին Արցախի իշխանություները համախմբվածության կոչ են անում, և անհրաժեշտ էր, որ այդ կոչին ընդառաջ քայլ անեին։ Սա է եղել իմ անձնական կարծիքը, բայց եթե մարդիկ կան, որ իմ անձնական կարծիքը վերածում են պաշտոնական հայտարարության, խնդիր չկա՝ դա նրանց գնահատականն է։

– Մայիսի 9-ին Արցախում տեսա՞ք Հայաստան-Արցախ միասնականությունը։

–  Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եթե լինում են նման միջոցառումներ, ապա որևէ մեկը չպետք է սպասի պաշտոնական հրավերի, խոսքը բոլորին է վերաբերում՝ թե՛ պաշտոնաթող նախագահներին ու այլ պաշտոնյաների, թե՛ սփյուռքահայությանը։ Նման միջոցառումների մասնակցելը բոլորիս սրբազան պարտքն է։ Մեծ   պատասխանատվությամբ մենք պետք է հարգենք ու պաշտենք այն հաղթանակները, որոնք եղել են Արցախի ու Հայաստանի միաբանության ու համատեղ թափած արյան արդյունքում։

– Արցախից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ. «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ։

– Ես չեմ տեսել, թե ինչ է գրել վարչապետը, բայց եթե նա որևէ մեկից լսել է նման բան, ցանկալի կլինի, որ նա բարձրաձայնի, թե ով է նման բան ասել։ Եթե վարչապետը նման բան է ասում, ապա դա իր գնահատականն է, ես չեմ կարող մեկնաբանել։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը նամակ էին ուղղել ՀՀ դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքով։

Նամակին ի պատասխան՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ Ռ. Քոչարյանի գործն արդեն դատարանում է, ուստի իրավասու չէ նրա խնդրի հետ կապված որևէ որոշում կայացնել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ