18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Սանասարյանը ձեռնոց է նետում

Քրեական գործի հետ կապված իմ սիրո բումերանգը հետ եկավ, և ժողովրդի զգալի մասն ասաց, որ չի հավատում նրան, ինչ տեղի է ունենում. «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

«Ժողովուրդը շատ զգայուն է, շատ պրոցեսների ժամանակ բավականին լավ զգում է՝ ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, միգուցե ոչ լուրջ տրամաբանական հաշվարկներով, այլ ուղղակի վստահում են»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ԱԱԾ-ում էլ կան լավ ծառայողներ, ճանաչում է պետության անվտանգության մասին մտածող լավ կադրերի, բայց այն, ինչ մասնավորապես իր գործի հետ է կապված, կապ չունի իրավական պրոցեսի հետ: Նա հաստատեց, որ գործը շինծու է:

Սանասարյանը նշեց, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ չի կարող նախաքննական փակագծեր բացել և ասել, թե ով ինչու է ուզում գործ սարքել:

«Տարբեր ոտքեր եմ տրորում, տրորել եմ երկար տարիներ, և մինչև լիազորությունների դադարեցնելը շատերը տուժել են, բայց պետությունը, վստահ եմ, շահել է»,-ասաց նա:

Հարցին, թե ով պետք է իր դեմ գործ սարքի, ասաց, որ առաջարկում է մի քիչ էլ սպասել, թեև նշեց, որ ունեցել է հիմքեր՝ նման բան ասելու:

Հարցին, թե քաղաքական շարժառիթներ կան, նա պատասխանեց, որ չի կարող ասել, բայց տարբեր շարժառիթներ կան:

Այսքանից հետո Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի քննադատում երկրի վարչապետին, ընդհակառակը՝ սատարում է. «Առաջին անգամ կա օրինական լեգիտիմ իշխանություն, որը ընտրվել է ժողովրդի կողմից: Այս պարագայում ես, բնականաբար, այն հավատն ու հույսն ունեմ, որ մենք այլընտրանք չունենք, պետք է բռունցքվենք և տարիների ընթացքում կուտակված վատ երևույթները հանենք մեր միջից»,-ասաց նա և հավելեց, թե ինքը չի ասում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ կա նման բան անելու:

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն իրեն է ենթարկվում, Սանասարյանն արձագանքեց, որ ուղղակի Փաշինյանին առհասարակ ճիշտ չեն զեկուցել: «Ես էլ իմ ունեցած տվյալներն եմ զեկուցել, իսկ առհասարակ վարչապետը այստեղ չի կարող խառնվել, ակնկալիք էլ չունեմ, որ վարչապետն ասի, որ այսպես պետք է անենք կամ այնպես»,-ասաց նա և նշեց, որ վարչապետի հետ հանդիպել է և ներկայացրել այն ինֆորմացիաները, որոնց տիրապետում է:

Հարցին, թե տեղեկություններ ունի, թե ովքեր են ցուցմունք տվել իր դեմ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ այո: «Այո, իհարկե գիտեմ, բայց ցուցմունքներ են տվել, որ իրականության հետ կապ չունեն, ես ունեմ փաստեր, որ կապ չունի, իսկ իրենք չունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ըստ նրա՝ իր դեմ ինքնակամ են ցուցմունք տվել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ չի կարծում:

Դիտարկմանը, թե այսինքն՝ ճնշումներ են եղել, Սանասարյանն արձագանքեց, որ ենթադրում է: «Ենթադրում եմ, որ եղել են, որովհետև չեմ կարծում՝ նման բան իրենք անեին, որը իրականության հետ կապ չունի»,-ասաց նա:

Հարցին, թե ԱԱԾ-ն է ճնշել, պատասխանեց, որ չի կարող ասել, և գործով զբաղվում է ոչ թե ԱԱԾ-ն, այլ քննչական խումբը, որը ձևավորվել է այս գործով: «ԱԱԾ տնօրենը գործի հետ կապված վերադաս չի կարող լինել, և հսկող դատախազը կարող է լինել, այնպես որ, չասենք ԱԱԾ-ն»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ