24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննչական կոմիտեի բոլոր գործողություններն արժանի են միայն քննադատության. Բորիս Նավասարդյան

ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրեց Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Սակայն, չեղավ հայտարարություն, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ նշեց.

«Yerevan.today-ի հետ տեղի ունեցածի վերաբերյալ լրագրողական տասը կազմակերպություններ հայտարարությամբ հանդես եկան: Մենք քննադատության արժանացանք, որ հենց նույն օրը չէինք արձագանքել, բայց ասեմ, որ այս իրավիճակը բոլորիս համար է նոր: Եվ, քանի որ իմ աշխատանքին ես միշտ լուրջ եմ վերաբերվել, կարծում էի, որ իրավապահ մարմիններն էլ իրենց գործին են այդպես վերաբերվում:

Ակնկալում էի, որ, եթե Հատուկ քննչական ծառայությունն այսպիսի կոշտ միջոցներ է ձեռնարկել, ուրեմն ունի բավական հիմնավոր փաստարկներ, որով որ կարող է հակախաղի դիմել: Մտածում էի, որ երևի կբերեն ու կասեն, որ այս խմբագրությունից էր գաղտնալսումը կատարվում: Իսկ երբ 3-րդ օրն էլ բացատրություն, լուրջ փաստ ու փաստարկ չստացանք, արդեն հանգիստ խղճով հայտարարությամբ հանդես եկանք: Պահանջներն այնպիսին էին, որ անհապաղ պետք է վերադարձնել տեխնիկան, փորձաքննության արդյունքները, որքան հնարավոր է՝ շուտ հրապարակեն, որ իմանանք, թե ի՞նչ է եղել:

Այսօրվա դրությամբ որևէ հրապարակում չի եղել, որտեղ որ կասվեր, որ այս փաստերով են ամեն ինչ արել: Փորձաքննության որևէ արդյունք չի հրապարակվում, ինչը շատ մտահոգիչ է: Չկան նաև այն երաշխիքները, որ խմբագրությունը կարողանա օգտագործել իր տեխնիկան: Կարող են այդ զննումն այնպես իրականացնել, որ անվտանգ չլինի ինֆորմացիոն առումով: Քննչական կոմիտեից ակնկալում ենք, որ, ի վերջո, գոնե այն մասը, որ հրապարակման ենթակա է, ասեն: Կարծում եմ, որ պետք է նաև երաշխիքներ տան, որ, եթե տեխնիկան օգտագործվի խմբագրությունում՝ արտահոսք տեղի չի ունենա: Այս բոլոր հարցերը լուրջ են և պետք է լուծվեն»:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն էլ ասաց, որ այս ամբողջ գործընթացի ամենալուրջ մեխը համարել է լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների պաշտպանության խնդիրը, քանի որ համակարգիչներում այս ամբողջ գործընթացի արդյունքում կարող էին տուժել այն աղբյուրները, որոնց մասին տեղեկատվությունը եղել է այդ տեխնիկական սարքերում:

«Մինչև հիմա սպառված չէ այդ հարցը՝ տեղի ունեցա՞վ գաղտնի աղբյուրների բացահայտում, թե՞ ոչ, որովհետև որպես լրատվամիջոց՝ խոստում են տալիս չբացահայտել մարդկանց ինքնությունը, բայց սա, անկախ իրենց կամքից՝ ոտնահարվել է: Կարծում եմ, որ լրատվամիջոցի լրագրողներն էլ քայլ պետք է կատարեին: Ինքս առաջարկել եմ այն լրագրողներին, որոնց անձնական օգտագործման համակարգիչներն են առգրավվել, բողոքարկել գործընթացը՝ հատկապես լրագրողական գաղտնի աղբյուրների պաշտպանության մասով, ցավոք, արձագանք ու քայլ տեղի չունեցավ»,- նկատեց նախագահ Շուշան Դոյդոյանը:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հավելեց.

«ՀՀ Քննչական կոմիտեի բոլոր գործողություններն արժանի են միայն քննադատության: Ինչպե՞ս են դա արել, ինչքա՞ն են պահել, և ինչո՞ւ չեն ասում, թե ի՞նչ են հայտնաբերել: Այս երեք հարցերի պատասխանները մենք չենք լսել, ինչն անընդունելի է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ