26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ մաքրուհիներն աշխատանքից ազատման դիմում են գրել

Ազգային ժողովի թվով 60 հավաքարարներ այս պահին աշխատանքից ազատման դիմում են գրել՝ ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ համառոտ ներկայացնելով իրենց նկատմամբ կիրառված անարդարացի վերաբերմունքը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի թվով 60 մաքրուհիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք հայտարարել են գործադուլ անելու մասին։ Նրանք օբյեկտիվորեն վրդովված էին իրենց աշխատավարձերը կրճատելու և 40 հազար դրամ դարձնելու փաստից։

 

Խնդիրն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Քլիներս» մասնավոր ընկերության հետ, ըստ որի՝ այդ ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը, ԱԺ մաքրուհիներին (թվով 60 հոգի) աշխատանքի է ընդունում ՝ վճարելով առնվազն 105 հազար ՀՀ դրամ աշխատավարձ:

ԱԺ շենքի մաքրության ծառայությունների մատուցման համար մրցույթը տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունից հետո, մեկնարկային գումարը եղել է 79 մլն դրամ, «Քլիներս» ընկերությունը շահել է 68 միլիոնով։ Մաքրուհիների հետ գործող պայմանագրերի ժամկետն ԱԺ-ի հետ լրանում է մարտի 31-ին։

Ազգային ժողովի աշխատակազմը մաքրուհիների աշխատավարձի խնդրի հետ կապված՝ պարզաբանում էր ներկայացրել, որում ասվում էր. «Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը` օրական 2 ժամ՝ 07:00-09։00-ն՝ ստանալով 89.950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով: Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում են սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

 

«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի և գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է: «Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե կառավարչական ռեսուրսի խնայման առումով»։

Իրականում, սակայն, իշխանությունները նման մեծ  լավություն անելով մասնավոր ընկերությանը, որի տնօրեն-սեփականատերը մտերիմ կապեր ունի իշխանությունների առանձին ներկայացուցիչների հետ, նվաստացուցիչ պայմաններ են առաջարկում հավաքարարներին՝ իրենց պարզաբանմամբ խեղաթյուրելով գործարքի իրական բովանդակությունը։

Ինչպե արդեն գրել էինք մեր մի հրապարակման մեջ՝ ներկայացված պարզաբանումը մանիպուլյացիաներ է իր մեջ պարունակում, և այն ընթերցելով՝ տպավորություն է ստեղծվում, թե ԱԺ ղեկավարությունը և «Քլիներս» մասնավոր ընկերությունը լավություն են անում հավաքարարներին, դեռ մի բան էլ աշխատավարձերը բարձրացնում են, իսկ նրանք դժգոհում-բողոքում են։

Իրականում հավաքարարները ստանում են 67.000 դրամ, իսկ 89.950 դրամ աշխատավարձը, որի մասին խոսվում է ԱԺ-ի կողմից տրված պարզաբանման մեջ, առանց պահումների աշխատավարձի չափն է։

Իսկ մասնավոր այդ «Քլիներս» ընկերության կողմից առաջարկվող 105.000 դրամ աշխատավարձն առաջարկվում է պայմանով, այն է՝ մաքրուհիները, ովքեր դեռ լույսը չբացված, առնվազն ժամը 06։00-ից տանից դուրս են գալիս, որպեսզի վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, արդեն լինեն աշխատավայրում՝ Ազգային ժողովում, իրենց աշխատանքն ավարտելուց հետո, առաջարկում են՝ 09։00-ից մինչև 18։00-ն էլ այլ տեղեր աշխատեն, որպեսզի 105.000 դրամ աշխատավարձ ստանան։ Այսինքն՝ մասնավոր ընկերությունը կոպեկների դիմաց առաջարկում է ստրկական պայմաններով աշխատեցնել մաքրուհիներին՝ մասնավոր ընկերության այլ պատվերները սպասարկելով։ Այսինքն՝ պետբյուջեի հաշվին ընդլայնել իր գործունեությունը՝ շահագործելով մարդկանց ռեսուրսը։

Ընկերության սեփականատերն առաջարկված պայմանների դեմ բողոք ներկայացնող կանանց պատասխանել էր՝ «չեք ուզում՝ գնացեք», և լրատվամիջոցներով հայտարարում է, թե 2 ժամ աշխատանքի դիմաց հավաքարարները շուկայականից բարձր աշխատավարձ են պահանջում։ Այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշեցինք, հավաքարարներն առավոտյան առնվազն ժամը 06։00-ից տանից դուրս են գալիս, որպեսզի վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին լինեն աշխատավայրում՝ Ազգային ժողովում, հասցնեն իրենց աշխատանքը ժամանակին ավարտել։ Յուրաքանչյուրն օրական ավելի քան 10 աշխատասենյակ է մաքրում և այլ աշխատանքներ կատարում։ Իսկ մասնավոր ընկերությունը, որը ոչ պատահական է շահող դարձել մրցույթում, բյուջեի միջոցների և աշխատակիցների հաշվին ուզում է ընդլայնել իր բիզնեսը՝ հավաքարարներին աշխատեցնելով իր մյուս պատվերների մեջ։

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ առհասարակ անհասկանալի է պետական պահպանության օբյեկտ համարվող Ազգային ժողովի ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը մասնավոր ընկերությանը հանձնելը։ «Իսկ ինչո՞վ է զբաղվում ԱԺ գործերի կառավարչությունը, որի գործառույթն է այդ աշխատանքների ապահովումը, կազմակերպումը. ԱԺ ղեկավարության և պատգամավորների գործուղում-վոյաժների տոմսերի ձեռքբերմա՞մբ։ Միգուցե ԱԺ նյութատեխնիկական մասն էլ մրցույթով հանձնեն մասնավոր մի ընկերության, տուրիստական մի ընկերության հետ էլ պայմանագիր կնքեն տոմսերի ձեռքբերման համար, իսկ ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններն ապահովելու համար էլ իրավաբանական մասնավոր մի գրասենյակի հետ պայմանագիր կնքեն, որ իրենց փոխարեն օրենքներ գրեն։ Այդպես ավելի հեշտ կկազմակերպեն աշխատանքները՝ բյուջեն կբաշխեն մտերիմ-ծանոթների մասնավոր ընկերությունների միջև, դե, իրենց էլ ինչ տան այդ ընկերությունները՝ իրենց քյարն է»,- մեր հրապարակման մեջ հարց էինք բարձրացրել։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նոր իշխանությունները եկամուտների նոր աղբյուր են գտել՝ խնայողությունների անվան տակ փորձում են մրցույթների միջոցով գերատեսչական այլ շենքերի և կրթական հաստատությունների մաքրման աշխատանքները հանձնել մասնավոր ընկերությունների։

Այս մասին առաջիկայում կներկայացնենք մանրամասներ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ