26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա ավելի քան տեղին է ասել, որ՝ այո՛, գործը ջուր է. Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին

Մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը և մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝  դատարանի որոշումն իրենց համար այդքան էլ անսպասելի չէր՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք գոյություն ունեն դատարանների նկատմամբ, մասնավորապես՝ Ռ. Քոչարյանի գործի հետ կապված։ 

«Մենք այդ դեպքում մի քիչ ավելի շատ սպասելիքներ ունեինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր նյութերը մեր ձեռքի տակ էին։ Այն ամենը, ինչ մինչ այդ կարելի էր ասել ենթադրությունների մակարդակով, հիմա կարելի է հստակ ասել, որ այն, ինչը ներկայացվել է, իրականում ջուր է։ Հիշում ենք, որ վարչապետը սկզբնական փուլում հայտարարեց, որ դատավորներից մեկն ինչ-որ խողովակներով դիմել էր իրեն և ասել, որ գործը ջուր է։ Հիմա ավելի քան տեղին է օգտագործել այս պատկերավոր տերմինը և ասել, որ՝ այո՛, գործը ջուր է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայկ Ալումյանը։

Փաստաբանի բնորոշմամբ՝ դատարանների նկատմամբ կան ճնշումներ՝ դա կասկածից վեր է, հատկապես՝ Ռ. Քոչարյանի գործով։ Փաստաբանը նման եզրակացության է եկել հայտնի ձայնագրությունների հրապարակումից, ինչպես նաև նախորդ տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթը լսելուց հետո, որտեղ եղել են սպառնալիքներ՝ ուղղված դատավորներին: Բացի այդ, ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև դատարանների այսօրվա վիճակը, քանի որ շատ դատավորներ, չցանկանալով առնչություն ունենալ Քոչարյանի գործի հետ, ինքնաբացարկ են հայտարարել։

«Չեն ցանկանում առնչություն ունենալ այս գործի հետ, քանի որ մի կողմից՝ առկա չեն կալանավորման հիմքերը և պայմանները, մյուս կողմից՝ չեն կարող չկալանավորել, որովհետև պատկերացնում են, որ այն, ինչ արվեց դատավոր Ազարյանի նկատմամբ, երբ պարոն Քոչարյանին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց, նույնը, գուցե ավելի վատ, տեղի կունենա իրենց հետ։ Եվ հայտնվում են երկընտրանքի առջև՝ կա՛մ ապօրինի կալանքի տակ պահել Քոչարյանին, կա՛մ նրան ազատ արձակել և դառնալ թիրախ՝ վարչապետի և գործող իշխանությունների գործողությունների կողմից»,- ասաց փաստաբանը։

Խոսելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ինքնաբացարկի մասին, Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դատավորն իր հարցազրույցում ասել էր, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ են տեղի ունեցել, և օգոստոսի 13-ին ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին այն պարզ հիմքով, որ մեղսագրվող հանցագործության առումով Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիությունից։

«4 օր անց՝ օգոստոսի 17-ին, հանրահավաքի ժամանակ վարչապետի կողմից պարզապես ատելության խոսք հնչեց այդ դատավորի նկատմամբ՝ առանց անուն նշելու, բայց բոլորի համար պարզ էր, թե ում մասին է խոսքը: Նա ասաց, թե՝ այդ ո՞ր դատավորն է, որ կարող է իր ասածը չկատարել, դրանից հետո էլ նա ատելության խոսք հնչեցրեց՝ ուղղված այն դատավորներին, որոնք կհամարձակվեն դատական ակտ կայացնել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»,- շեշտեց փաստաբանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին կաշառք ստանալու դրվագի ավելացման հանգամանքին, փաստաբանն ընդգծեց, թե՝ քանի որ 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, ուստի որոշել են նրան առաջադրել այնպիսի մեղադրանք, որն առնչություն չի ունենա նրա պաշտոնական գործունեության հետ։

«Նույնիսկ այս պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտավ, որ այդ մեղադրանքն անհիմն է»,- հավելեց Հայկ Ալումյանը։

Փաստաբանն անհիմն է որակում դատարանի այն պնդումը, թե Քոչարյանը՝ մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի ընթացին։

«Պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ աշխատողների անմիջական մասնակցությամբ։ Քոչարյանի բոլոր հանդիպումները նախապես համաձայնեցվում են նրա անվտանգության աշխատակիցների հետ, որոնք բոլորն ԱԱԾ-ի անվտանգության սպաներ են, և հնարավոր չէ, որ իմ պաշտպանյալն ունենա որևէ հանդիպում, որի մասին մեր իշխանությունները չիմանան»,- ասաց Հ. Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Եվրոպական դատարան են ներկայացրել հինգերորդ գանգատը՝ կապված Վճռաբեկ դատարանի հետ, որն անհապաղ չի քննում Ռ. Քոչարյանի կալանավորման հարցը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ